«Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան». Շարմազանով

Այսօր ԱԺ նիստում չընդունվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի ներկայացրած օրինագիծը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն է տրամադրվում նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչև գահակալության ավարտը, թեժ բանավեճի պատճառ դարձավ:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ եթե կաթողիկոսը հատուկ պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, ուստի նման օրենքի կարիք չկա:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խոսքով՝Հայ առաքելական եկեղեցին և Վեհափառ Հայրապետն այն ինստիտուտը չեն, որ «եթե»-ներով խոսենք.

«Նրանք մեր Սահամանդրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է Մայր օրենքով: Ուստի պարտավոր ենք հարգել Սահմանադրությունը և բացառիկության իրավունք, պետական պաշտպանության հատուկ լիազորություններ տալ Վեհափառ հայրապետին»:

Կարդացեք նաև

Նա կոչ արեց բոլորին պարտադիր կերպով կողմ քվեարկել:

ՀՀԿ-ականներ Միհրան Հակոբյանը ու Սամվել Նիկոյանն անթույլատրելի որակեցին խնդիրը կառավարության հայեցողական մոտեցման թողնելը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ այս օրինագիծը լավ կյանքից չի, և եկեղեցին կարիք ունի պաշտպանության, ինչ մասին ՀՅԴ-ն հայտարարություն է արել.

«Այսօր դնել Վեհափառին մի վիճակի մեջ, որ ինքը պետք է խնդրի, որ իրեն պաշտպանենք, ես չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է: Մենք սրանով մեր վերաբերմունքն ենք հայտնում մեր սրբազան եկեղեցուն: Եթե այսօր դրա դեմը չառնենք, վաղն ավելի լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու»:

Նա ևս հորդորեց վեր կանգնել ամեն ինչից և կողմ քվեարկել:

«Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու. «Հայ առաքելական եկեղեցու դավանանքը ոչ միայն իրավական ձևակերպում է, այլ նաև ապրելակերպ: Եվ մենք բարձր ենք գնահատում անվտանգության հարցը, և կարծում ենք, որ նոր օրենքով չէ, որ այս նախադրյալները պետք է ապահովվեն, դա այսօրվա օրենսդրական իրականությունում ևս հնարավոր է ապահովել»:

Շարմազանովը պահը պատմական որակեց՝ որոշում կայացնելու համար և կրկին կոչ արեց՝ մի մարդու նման կողմ քվեարկել.

«Սա ավելի է, քան քվեարկություն: Այս քվեարկությամբ մենք որոշելու ենք, թե ուր ենք գնում, ծառայում ենք Աստծո՞ւն, թե՞ սատանային, ծառայում ենք եկեղեցո՞ւն, թե՞ աղանդավորությանը: Խնդրում եմ մի կողմ դնել մեր բոլոր տարաձայնությունները: Այստեղ կուսակցական թեմաներ չկան, սա վերկուսակցական օրենք է: Վեհափառը կարիք ունի անվտանգության հատուկ միջոցների, և մենք դա տեսանք»:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը, իսկ եթե Վեհափառը չի կարողանում այսօր ժողովրդի մեջ շրջել, դա իր խնդիրն է:

Ալեն Սիմոնյանը հարցադրում արեց. «Մենք ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք հայոց ժողովրդի՞ց»:

Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, որոնք ոտնձգություններ կարող են անել, կառավարությունը դրա պատասխանը տվել է, և Կաթողիկոսին որևէ բան չի կարող սպառնալ. «Վերածել սա, թե ով է ավելի քրիստոնյա, ով է Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ես սրան դեմ եմ: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը «վտանգավոր» անվանեց նման կարծիքների պարագայում չխոսելը: «Էդ ի՞նչ է նշանակում վեհափառին պաշտպանեք համայն հայությունից: Էդ ո՞վ է համայն հայության անունից խոսում: Ես կարծում եմ՝ կա՛մ մեր մեջ հոսում է հայի արյունը, կա՛մ այդ արյան փոխարեն ուրիշ բան է հոսում: Չափ ու սահման պետք է ամեն ինչին լինի: Մենք էսօր չենք ծնվե, մենք ծնվել ենք հարյուրամյակներ առաջ և մեր այս կերպը մեծապես պայմանավորված է եկեղեցով, հայրապետերով»: Նա շեշտեց, որ խոսքը ինստիոտուտների մասին է, և որևէ այլ բան ասելը սրբապղծություն է:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը նկատեց, որ եթե Վեհափառը կարիք չունի պաշտպանության, ուրեմն վարչապետին էլ եկեք չպաշտպանենք հայ ժողովրդից, թող չունենա անվտանգության համակարգ. «Ինչի՞ց է պաշտպանվում վարչապետը, հայ ժողովրդի՞ց»:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը վրդովմունք հայտնեց և հայտարարեց, որ իրենք Վեհափառին պաշտպանում են սեռական, կրոնական փոքրամասնությունից, որոնք դրսից ֆինանսավորվում են ու պայքարում են հայկական պետականության ու հայ հավատքի դեմ: Հակոբյանի հայտարարությունը թիմակիցները ծափերով ողջունեցին:

«Երբեք չկա նման խնդիր՝ Վեհափառին պաշտպանել հայ ժողովրդից, բայց անհրաժեշտություն կա սատանաներից ու սատանայապաշտներից պաշտպանելու, որոնք սնվում են դրսից ու որոն նպատակները մեր ազգային արժեքները հարվածի տակ դնելն է: Այսօր երևում է յուրաքանչյուր քաղաքական ուժի արժեհամակարգը՝ ում վրա է հենված՝ սեռական փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների՞, թե՞ ժողովրդի»:

Քվեարկության արդյունքը՝ ընդամենը 28 կողմ ձայն, «հունից հանեց» Շարմազանովին:

«Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է, և մեր պետության: Այո, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք ծնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների, գոմիկների քարոզ ու որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Եկեղեցին դա մեր սուրբ երրորդությունն է: Եվ մենք էսօր 28 հոգով պաշտպաննեք, վաղը լինելու ենք 2800, մյուս օրը՝ 2 մլն 800 հազար: Հայկը չի կարող պարտվել ոսոխ Բելին: Մենք հաղթելու ենք»,- հայտարարեց Շարմազանովն ու բարկացած դուրս եկավ դահլիճից:

Տեսանյութեր

Լրահոս