Բաժիններ՝

«Մենք խնդրում ենք մարդկանց դուրս չգալ հարկաբաժիններից, փակ պահել դռներն ու պատուհանները». NBC

Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո, Օքլենդ քաղաքների ու Սան Ֆրանցիսկոյի ծոցի ափի այլ բնակավայրերի դպրոցներում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ դպրոցներում պարապմունքներ չեն անցկացվի նոյեմբերի 16-ին:

Համանման որոշում են ընդունել Սան Ֆրանցիսկոյի, Սան Խոսեի եւ Սանտա Կլարայի քաղաքների համալսարանների, ինչպես նաեւ Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի տնօրենությունը: Այս բուհերը փակ կլինեն մինչեւ նոյեմբերի 19-ը:

«Օվկիանոսից քամին ծուխը քշում է հենց մեզ վրա: Մենք խնդրում ենք մարդկանց դուրս չգալ հարկաբաժիններից, փակ պահել դռներն ու պատուհանները»,- հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի ծոցի առափնյա շրջանի օդի որակի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Ռոսելիուսը: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի:

Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել էանհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչեւ 631՝ ներկա պահի դրությամբ: Իշխանությունները պարզաբանում են, որ այս տեղեկությունները այնքան էլ ստույգ չեն, քանի որ կարող են կրկնորդել նույն անուններով ու ազգանուններով մարդկանց:

«Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է 566 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 11,8 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել 9,7 հազար բնակելի շենք:

«Քեմպը» հաջողվել է արգելափակել 40 տոկոսով: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր եւ 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս