Բաժիններ՝

«Նախարարությունում գրագետ, անկաշառ մարդիկ են, բայց ոլորտից ոչ մի բան չեն հասկանում». Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50.000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը չի հասկանում, թե ի՞նչ են պատկերացնում «անհատ տաքսու վարորդներ» անվան տակ:

«Կարծում եմ՝ նշանակում է, որ, ովքեր լիցենզավորված են, նրանք են արտոնագրային վճարից ազատվում: Այն այսօր 12.000 դրամ է, բայց եթե անհատ ձեռներեցի կարգավիճակ ստանաս, 5000 դրամ սոցվճարն է, 9500 դրամ՝ արտոնագրային վճարը: Ֆիզիկական անձը սոցվճարներ չունի: Եթե այդպես լինի՝ գուցե քաղաքացիները որոշեն անհատ ձեռներեցի կարգավիճակով աշխատել ու ազատվել արտոնագրային վճարից: Գոնե թոշակ կուտակեն, որովհետև 12.000 դրամ արդեն 3 տարի վճարելով՝ ոչ մի օգուտ չունեցան: Չէի ցանկանա, որ այլ մասնագիտություն ունեցող քաղաքացիներն էլ այս տեղեկությունից ուրախանային ու 2-3 ժամով տաքսի վարեն: Նրանք տաքսու վարորդներ չեն:

Փաշինյանը եթե խոսեր քաղաքացիների մասին, երևի 50.000-ի փոխարեն՝ 100.000 պետք է ասեր, քանի որ շատ կան 2-3 ժամով տաքսի վարողներ: Ոստիկանության, Պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ի դեպ, միգուցե թույլ տան տաքսի՞ վարել, որովհետև միևնույն է՝ նրանք այդպես են անում: Տաքսի հասկացությունն այսօր չի զարգանում, անպատիվ մասնագիտություն է դարձել, մարդիկ խուսափում են ասել, որ տաքսու վարորդ են: Բայց ինչո՞ւ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն էլ նշեց, որ կողմ է այս որոշմանը, քանի որ ծանր վիճակում գտնվող ոլորտը փրկելու ձև է:

«Օրվա հացը վաստակող մարդկանց համար սա մեծ օգնություն է լինելու, սակայն պետք է տարբերակել «անհատ տաքսու վարորդ» կատեգորիան տաքսի ծառայություն մատուցող ավանդական և օնլայն տաքսիներից: Մեր դիտարկմամբ՝ անհատ տաքսու վարորդ կարող է համարվել նա, ով իր մեքենայով ինքնուրույն փոխադրումներ է կատարում, ոչ մի տեղից չի վերցնում պատվեր ու վարձով մեքենա:

Շրջաններում սա շատ ցավոտ երևույթ է: 1-2 պատվեր են կատարում անձնական մեքենայով, և այս մարդկանց հարկելու խնդիրը բարդ է դառնում, և նրանք գոնե այս որոշմամբ կկարողանան հանգիստ աշխատել: Բայց այսօր, եթե բոլորին համարենք անհատ տաքսու վարորդներ ու նպաստենք, որ դուրս գան տաքսի ծառայություններից, կմտնեն օնլայն հարթակներ ու առանց հարկ վճարելու կաշխատեն: Տաքսի ծառայություններն ուղղակի կքանդվեն: Ունենք ներդրումների պաշտպանվածության խնդիր: Մարդը տնտեսության մեջ ներդրում է արել, սակայն այսօր օրենքը փոխում ենք ու նա կորցնում է իր ունեցվածքը: Արդյո՞ք վաղը կարողանալու ենք դրսից ներդրողների ներգրավել, իհարկե՝ ոչ: Այնպես որ, անհրաժեշտ է տարանջատել անհատ տաքսու վարորդին ու պրոֆեսիոնալներին, ովքեր այդ գործով են զբաղվում:

Ես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն առաջարկել եմ ունենալ լիցենզիայի երկու տարբերակ, որը նաև այլ երկրներում է կիրառվում: Առաջինը՝ լինի լիցենզիա, որն այսօր են տալիս, այն է՝ առանց պետհամարանիշերը փոխելու, իրավաբանական անձ գրանցվելու՝ կարող են աշխատել՝ որպես տաքսու վարորդներ, բայց մեքենան չպետք է տաքսու համար նախատեսված կանգառներում կայանի, կատարի պատվերներ, օրինակ՝ օնլայն հարթակներից, տաքսի ծառայություններից փոխանցված:

Երկրորդ՝ նախկինի նման լինի դեղին համարանիշերով լիցենզիա, միգուցե հետագայում ինչ-որ գույն որոշեն տվյալ մեքենաների համար, որոնք կվճարեն բոլոր հարկերը, ինչ տաքսի ծառայությունների դեպքում է. եկամտային հարկ, արտոնագրային վճարներ: Այս դեպքում կպահպանվի սոցիալական հավասարությունը, օնլայն ծառայությունները չեն ունենա առավելություն:

Վերջինները հայտարարում են, թե պատվեր են վաճառում, ստանում են 10 տոկոս եկամուտ և տոկոս են վճարում պետությանը, իսկ տաքսի ծառայությունների դեպքում կոնկրետ ֆիքսված արժեք է՝ ամեն տաքսու համար 9100 դրամ արտոնագրային վճարն է, ամեն վարորդի համար էլ՝ 18.000 դրամ»,- նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը:

Վահագն Սահակյանի խոսքով՝ օնլայն հարթակում աշխատող երեք ընկերություն 30.000 մեքենա ունի, ոչ ոքի չեն տուգանել, միայն «Յանդեքս տաքսուն»՝ դեմպինգի համար. սկզբում վարորդներին գումար էր վճարում:

«Աստված չանի, որ օնլայն տաքսի կոչվածը, որը համոզված եմ՝ տարբեր անուններ ունեն, բայց նույն մարդուն են պատկանում, դառնան մոնոպոլիստ: 2006 թվականից բոլոր կառավարությունների կողմից այս գիծը տարվել է: Տաքսին այսօր ջունգլիների օրենքով է աշխատում: Ես նոր նախարարի հետ հանդիպում էի խնդրել: Նամակով պատասխան եկավ, որ երեք հանդիպում են նշանակել, գնացի նախարարություն, ասում են՝ ո՞նց, հանդիպում ունե՞ք, հետո զանգում են վերև, թե՝ այս ի՞նչ նամակ է բերել այս մարդը, ո՞ւմ է ուզում հանդիպի:

Մեկ ժամ հետո ասացին, թե՝ բարձրացեք 601 սենյակ, մեկը՝ ծիծաղելով, թե՝ հույս ունեիք ղեկավարներից մեկին հանդիպե՞լ: Ամեն ինչ անում են, որ նախարարին ու փոխնախարարին չհանդիպեմ: Մեկ բան գիտեմ: Այս նոր մարդիկ գրագետ, անկաշառ մարդիկ են, բայց ոլորտից ոչ մի բան չեն հասկանում: Հները շատ լավ հասկանում են, գիտեն՝ ո՞ւր են տանում, քանի որ քանդելը հնուց է գալիս»,- նկատեց Վահագն Սահակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս