«Այսօր աշխատողների քառորդ մասն աղքատներ են». տնտեսագետ
«Մինչև նպաստից աշխատանքի անցնելու խթանումը, պետք է նախ երկու-երեք կարևոր դիտարկում իրականացվի, որպեսզի մանիպուլյացիաների տեղը չմեծանա։ Առաջնային պետք է լինեն ոչ թե բյուջեի հնարավորությունները, այլ այն սոցիալական խնդիրները, որոնք լուծելու համար պետությունը պետք է ստանձնի պարտավորություն։ Եթե խնդիրները լուծելու այս պարտավորությունը կապում ենք պետական ֆինանսների կամ բյուջեի եկամուտների չափին, ապա մենք պարզապես ստորադասում ենք սոցիալական խնդիրների լուծումը ֆինանսական հնարավորություներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով նպաստից աշխատանքի անցնելու խթանմանը։
Տնտեսագետի խոսքով՝ սոցիալական պետությունը չպետք է պասիվ կերպով սպասի միայն հարկային մուտքերին և դրանով էլ առաջնորդվի սոցիալական խնդիրների լուծմամբ, այլ պետք է ունենա ակտիվ դերակատարում իր հասարակության, հատկապես՝ աղքատ խավի խնդիրները լուծելու համար։
Ըստ նրա, Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ գործազրկությունը հատում է 45-50 տոկոսի շեմը։
«Միայն այսօր չէ, որ ունենք աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, սա քրոնիկ խնդիր է և ՀՀ անկախացումից ի վեր կա, և լուծվելու փոխարեն՝ գնալով խորանում է։
Այսօր փաստ է, որ մենք աղքատություն ունենք նաև աշխատողների շրջանում, նրանց քառորդ մասն աղքատներ են։ Այսինքն՝ մարդն աշխատում է, բայց միևնույն ժամանակ՝ աղքատ է։ Նշեմ, որ այսօր նպաստների հասցեականությունը բավականին խնդրահարույց է, այսինքն՝ նպաստ ստացող 100 հազար ընտանիքների 25 տոկոսն աղքատներ չեն։ Այս կամ այն կերպ օգտվելով անապահովության գնահատման համակարգի սողանցքներից, հայտնվել են աղքատության նպաստ ստացողների մեջ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նա նաև նկատեց, որ նպաստից աշխատանքի անցնելու խթանումը բազմագործոն է, պետք չէ միայն ոգևորվել և ասել, թե՝ պայմաններ ենք ստեղծել, և մարդիկ կարող են աշխատել և դուրս գալ աղքատությունից՝ նման սկզբունքը չի աշխատելու։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան