«Բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը սոցիալական ոլորտն է». Սպարտակ Սեյրանյան
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը, սակայն այս առումով ներկայացնում է նաև իր վերապահումներն ու առաջարկները:
«Շատ կարևոր շեշտադրում է կատարվում բյուջեի նախագծում աշխատանքի խրախուսման ուղղությամբ: Սակայն դա պետք է լինի չափելի: Իսկ դա հնարավոր է, եթե որոշ ժամանակ հետո արձանագրենք, որ միկրոտնտեսությունից ինչ-որ տոկոս փոխանցում կատարվի դեպի մանր ու միջին բիզնես: Ես հեռու եմ այն մտածելակերպից, որ բոլոր միկրոտնտեսություններն անպայմանորեն մանր ու միջին կդառնան: Սակայն եթե այդ անցման դինամիկան չնկատվի, կստացվի, որ աշխատանքի խրախուսումով պարզապես տուն պահելու համար զբաղվածության տեղ ենք ստեղծում: Աշխատանքի խրախուսումը պետք է լինի համապարփակ, բոլոր ոլորտներում` կրթության, մշակույթի»,- ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ս. Սեյրանյանը:
Պատգամավորը նշեց, որ այս տարվա բյուջեին տալիս են իներցիոն բնորոշումը: Նրա կարծիքով` այն իներցիոն է նաև մի շարք այլ առումներով: «Այն իներցիոն է, առաջին հերթին, իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիների բոլոր բյուջեները փորձում են լուծել մեթոդաբանական երկու խնդիր` ստեղծել եղածի վրա հիմնված և ուզածի վրա հիմնված բյուջե:
Այսինքն՝ բյուջեն ձևավորվում է եղած ռեսուրսների վրա, նաև տեսլականի և ցանկությունների վրա: Սակայն երկրորդի համար խանգարող հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերը, ուղղությունները, զարգացման ծրագրերը դեպի ուր են տանում»,- նշեց պատգամավորը:
Սեյրանյանի կարծիքով` բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ շուկայական տնտեսության մեթոդաբանության վրա, կառուցված են՝ փորձելով մեղմել սոցիալական խնդիրները: Բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը նա համարեց սոցիալական ոլորտը: