Բաժիններ՝

Երևանի ավագանու փոքրաթիվ բևեռը՝ «փոխհրաձգության» կիզակետում

Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս ադրենալինի պակաս չուներ, և դարձյալ դրա բավարար չափաբաժինն ապահովեց «Լույս» խմբակցությունը ներկայացնող Անի Սամսոնյանը, որի թիրախն այս անգամ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Արման Աբովյանն էր։

Խոսքն արդեն օրեր շարունակ քննարկվող Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրի մասին է, ինչը, ըստ Անի Սամսոնյանի, ապօրինի կառուցապատման վառ օրինակ է։ Այս պնդմանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ հակադարձել էր ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

Կառուցապատողների կողմից շինարարական նորմերի խախտումների հետ կապված՝ քաղաքացի Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան և պահանջել անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված հ․01/18/-80609-1266 շինարարության թույլտվությունը։ ՀՀ Վարչական դատարանը թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 2018 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ։  ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ հայցով, ըստ էության, դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Անի Սամսոնյանի ելույթը, սակայն, գրեթե ամբողջությամբ նվիրված էր Արման Աբովյանին ու առհասարակ ԲՀԿ-ի հետ շաղկապվող ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը՝ երբեմն նույնիսկ շեղվելով քննարկվող բուն նյութից։

Կարդացեք նաև

«Օղակաձև այգին բոլորդ գիտեք, «Մուլտի Վելնես» մարզահամալիրը՝ նույնպես։ Մինչև քաղաքային ընկերությունները չեն պարզել, որ այդ ընկերությունը գույքահարկ չի վճարել, այն գույքահարկ չի վճարել։ Այդ ընկերությունը չի վճարել նաև աղբի հարկ, և նույնիսկ «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանը դատի է տվել նրանց»,- մասնավորապես հիշեցրել է Անի Սամսոնյանը։

Վերջինիս ելույթի ողջ ընթացքում ԲՀԿ-ն ներկայացնող Արման Աբովյանը քմծիծաղ էր տալիս և ինչ-որ պահի, ըստ երևույթին չկարողանալով ճնշել իր միջի շոումենին, սկսեց տեղից ծափահարել։

Ինչևէ, նա Անի Սամսոնյանին պատասխանելու հնարավորություն ունեցավ, իհարկե, թեպետ մինչ այդ իրավիճակն այն աստիճան լարվեց, որ տեղերից ռեպլիկներն անկառավարելի դարձան, ու կարիք եղավ քաղաքապետի միջամտության։

Մասնավորապես, երբ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Ա. Աբովյանին հորդորեց զգույշ լինել իր ռեպլիկներն անելիս, այլապես դրանք նրա համար կարող են ճակատագրական լինել, վերջինս պատասխանեց. «Եղավ, ցավդ տանեմ»։

Բայց վերադառնանք Արման Աբովյանի հակադարձումներին։

Նա իր պատասխանում հատուկ շեշտեց, որ միայն վատ բաներն են տեսնում, իսկ լավը՝ ոչ՝ որպես օրինակ նշելով, որ մարզահամալիրը կառուցելիս կտրված մեկ ծառի փոխարեն՝ տասն է տնկվել, անվճար կայանատեղի է կառուցվել, բոլոր հարկերը վճարվում են, բազմաթիվ աշխատատեղեր են բացվել, և այլն։

Ինչ վերաբերում է Աբովյան 5-ի շինարարությանը, ապա նա նշեց, որ այնտեղ այսօր շինարարություն չի իրականացվում, այլ կատարվում է կռունկի ապամոնտաժում, ինչը չանելը վտանգավոր է բնակչության համար։

Չմոռացավ հիշեցնել, որ այս աղմուկն ունի կոնկրետ շահագրգիռ կողմ, և նրա անունն Աբովյան 3 հասցեն տնօրինողն է, ով ուզում է ստիպել, որ իր տարածքը բարձր գնով գնեն, ինչը հնարավոր չէ։

Այս ողջ պատմության մեջ մի ուշագրավ բան կար։ Կուսակցություններն ակնհայտորեն պատրաստվում են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, և քանի դեռ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տրված չէ, դա անում են ահա այսպիսի ներկայացումներով, ավելի ցածր օղակներում։

Կաշխատի՞ դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց որ երրորդ ուժ դառնալու համար անհավասար ճակատամարտ է մղվում, կարծում ենք, ակնհայտ է, այլապես «Լույս»-ականներն այսօր ԲՀԿ-ին չէին հիշեցնի «ասֆալտին փռվելու» հավանականության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս