Ճապոնիայում առաջին անգամ iPS-բջիջներ են փոխպատվաստել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի ուղեղում

Կիոտոյի համալսարանի մի խումբ գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտի ուղեղում մակածված ցողունային բջիջներից (iPS) աճեցված նյարդային բջիջների փոխպատվաստման վիրահատություն: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտարարել է Ճապոնիայի համալսարանը։

Նշվում է, որ վիրահատությունն անցել է հաջող, հիվանդի մոտ ոչ մի կարգի բացասական հետեւանքներ չեն արձանագրվել: Ներկայում համալսարանի մասնագետները շարունակում են հիվանդի հսկողությունը: «Համագործակցելով դեղագործական ձեռնարկությունների հետ՝ մենք ցանկանում ենք պատրաստել iPS-բջիջներից ստեղծված նյարդային բջիջներ, որոնք մատչելի լինեն ամբողջ աշխարհում»,- նշել են համալսարանի աշխատակիցները:

Վիրահատությունը մեծ քայլ է դարձել Պարկինսոնի հիվանդության իրական բուժման ճանապարհին: Ավելի վաղ Կիոտոյի համալսարանը հայտնել էր, որ իր գիտնականներն iPS-բջիջների պաշար են ստեղծել այն 5 միլիոն նյարդային բջիջներից, որոնք դոֆամին հորմոն են արտադրում: Հենց դրա պակասն էլ համարվում է Պարկինսոնի հիվանդության առաջացման գլխավոր պատճառներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս