Քաղաքական ֆորմալիզմի դեմ

Շատ է խոսվում այն մասին, որ մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքներից է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը: Իբր նախկին իշխանության օրոք դա՛ է եղել գլխավոր խնդիրը՝ պատճառը բոլոր մյուս խնդիրների, այսօր էլ նոր մենաշնորհն է դառնալու այդպիսին, ուստի՝ և մինչև ընդհանրապես մենաշնորհների խնդիրը չլուծվի, ոչինչ չի փոխվի:

Ա՛յն, որ ընդհանրապես ցանկալի է ունենալ ավելի բազմազան և ճկուն համակարգ, կամ ավելի ճիշտ՝ ա՛յն, որ ցանկացած համակարգում կարևոր է մի կողմից՝ միասնության, մյուս կողմից էլ՝ բազմազանության հավասարակշռությունը, ինքնին պարզ է: Որ քաղաքական կյանքում այլընտրանքային տարբերակներ ունենալն էլ ընդհանրապես լավ բան է, դա էլ առանձնապես վիճարկելի չէ: Բայց «մենաշնորհի վտանգի», ավելի ստույգ՝ «մենաշնորհի՝ որպես խնդիրների խնդիր» խոսակցության մեջ կա նաև կարևոր ծուղակ:

Այդ ծուղակն ընդհանրապես ֆորմալ մոտեցման գերակայությունն է պետության, քաղաքականության հարցերում:

Այս մոտեցման օրինակները բազում են՝ «կանցկացնենք ազատ և արդար ընտրություններ, և բոլոր հարցերը կլուծվեն», «կունենանք ազատ մրցակցություն տնտեսության մեջ, և բոլոր հարցերը կլուծվեն» և այլն, և այլն:

Իհարկե, այս բոլոր ֆորմաները կարևոր են, բայց ծուղակն այստեղ այն է, որ բուն քաղաքականությունը ձև չէ, այլ բովանդակություն է: Հնարավոր չէ միայն ֆորմալ կարգավորումներով հասնել քաղաքական հաջողության, և չի կարելի շփոթել այդ ֆորմալ կարգավորումները բուն քաղաքականության հետ: Սրանք բառիս բուն իմաստով իսկի քաղաքականություն չեն, պետական կառավարում էլ չեն, այլ իրավական ձևեր, որոնք քաղաքականության գործիք կարող են լինել, հարմար կամ անհարմար պայմաններ ապահովել, բայց ինքնին դատարկ ձևեր են:

Քաղաքականությունը, կրկնենք՝ բովանդակություն է: Նպատակներ դնելը և դրանք լուծելը, ստեղծագործելը՝ փոփոխվող, դինամիկ միջավայրում: Ասվածը թվում է տափակ, ինքնին պարզ ճմարտություն: Տեսականորեն գուցե այդպես է, որովհետև տեսականորեն բոլորն էլ կհամաձայնեն այս պնդումների հետ: Գործնականում, սակայն, նման համաձայնություն չկա, քանի որ գերակայող մտածողությունը ֆորմալն է՝ մեխանիզմներ ստեղծենք, ապահովենք դրանց գործունեությունը, և դրանք իրենք իրենցով ստեղծեն բովանդակություն: Մեխանիզմներն ու ֆորմաներն իրենք են հռչակվում՝ որպես քաղաքականության վերջին և, փաստորեն, միակ մեծ նպատակ:

Այս մտածողությունը յուրահատուկ մոգականություն է, որը բնորոշ է արդի համաշխարհային քաղաքական մտածողությանը՝ բավական է իրացնել ծիսական որոշ գործողությունների «փաթեթը», և հրաշքով մեր գլխներին կընկնի երեք ոսկե խնձոր, որին կհետևի մանկապարտեզի ուրախ հանդեսը՝ փոքրիկների զվարթ մասնակցությամբ:

Ֆորմալիզմի խնդիրը նոր չէ

Դա մենք ժառանգել ենք 90-ականների հետսովետական լիբերալիզմից, իսկ «վարակի» աղբյուրը գեոպոլիտիկ պարտություն կրած և երջանիկ թոշակի անցած հետպատերազմյան Եվրոպան է: Կարելի է համարել եվրոպական՝ պետական համակարգերում ձևերն ինքնաբերաբար գերակայություն են ստանում արդեն վաղուց կայացած բովանդակության նկատմամբ (չնայած համոզված ենք, որ դա էլ այդպես չէ, և իրական պատճառն Արևմտյան Եվրոպայի խելահեղ գեոպոլիտիկ ինքնաոչնչացումն էր համաշխարհային երկու պատերազմների արդյունքում և դրա հետևանքը՝ վախը քաղաքականության վտանգավոր տարերքի նկատմամբ): Սակայն, երբ պետք է նորանկախ պետություն կառուցես, այս մոտեցումն առնվազն ինքնախաբեություն է, իսկ իր ծայրահեղ դրսևորմամբ այն նման է ինքնասպանության:

Մենք իրականում արդեն մեկ անգամ անցել ենք այս ճանապարհը՝ հայկական նախորդ՝ 1980-90-ականների հեղափոխությամբ: Համաձայն 90-ականներին հետսովետական տարածքում գերակայող մտածողության՝ բավական է ընդունել անհրաժեշտ օրենքները, ձևավորել բոլոր «ճիշտ» ֆորմալ համակարգերը, և ամեն բան ինքն իրենով կլինի: Այն, որ կյանքն իր ճշգրտումները մտցրեց այս ամենի մեջ՝ ոչ թե ինչ-որ մեկի չար կամ բարի կամքի հետևանք էր, այլ ձևական մոտեցման և իրականության բախման: Այն ժամանակվա համար սա համարենք նորմալ, որովհետև ամեն սերունդ ունի իր քաղաքական առաքելությունն ու իր առավելագույնը, որը կարող է հասկանալ և որին կարող է հասկանալ: Բայց ամոթ կլինի, եթե ներկա սերունդը չկարողանա մեկ քայլ առաջ անցնել՝ ապացուցելու համար, որ իրապես նոր բան ունի ասելու և անելու՝ ի հավելում հայրերի արածի:

Նոր կառուցվող կամ վերանորոգվելիք պետությունը պահանջում է նախնական կարևոր վճիռներ, որոշումներ՝ բովանդակության, այլ ոչ միայն՝ ձևերի մասին: Իսկ բովանդակության մասին որոշումներն իրատեսական լինելու համար, պետք է բխեն ոչ միայն վերացական ճիշտ պատկերացումներից, որոնք այս պահին գերիշխում են «քաղաքակիրթ» կամ «ոչ քաղաքակիրթ» աշխարհում, այլ հենվեն սեփական պայքարից դուրս բերված փորձի ընդհանրացման վրա, սեփական կարիքների և խնդիրների վրա:

Մի պատահական օրինակ բերենք: Աշխարհում շատ բան այս կամ այն պայմաններում կարող է համարվել ճիշտ կամ սխալ, բայց, օրինակ, եթե դու  ունես ժողովրդագրական խնդիր, դու չես կարող այն արմատապես լուծել, եթե հաշվի չառնես, որ գերուրբանիզացված հասարակությունում բնակչության բնական աճի թիվը չի կարող բարձր լինել, եթե նույնիսկ բազմազավակ մայրերն ամեն նոր երեխայի համար մեկ միլիարդ դոլար ստանան, հետևաբար, պետք է մտածել այն մասին, թե ինչպես առնվազն պահպանել, իսկ հեռանկարում՝ ամեն կերպ հզորացնել գյուղական բնակչությունդ, որը բնական աճի միակ կայուն աղբյուրն է: Կարևոր չէ, թե աշխարհում այդ պահին ինչ միտում է գերակայում գյուղերի վերաբերյալ, կարևորը, որ դու քո խնդիրն ես ձևակերպում և լուծում: Բայց այդ դեպքում պետք են իրապես հեղափոխական, նորարար, «սահմաններից դուրս» նախագծեր, որպեսզի ի զորու լինես լուծել խնդիր, որը չի տեղավորվում համաշխարհային այս կամ այն միտման մեջ: Հեղափոխությունը նաև հենց դա է՝ կարողանալ լինել ինքնաբավ՝ ձևակերպելու և լուծելու համար սեփական խնդիրները սեփական մոտեցումներով, հարկ եղած դեպքում՝ միջավայրին ընդհակառակ:

Կամ, եթե քո սեփական քաղաքական փորձը հենվում է ուղիղ ժողովրդավարության, հրապարակային զանգվածային քաղաքականության ամուր ավանդույթի վրա, ուրեմն կարևոր չէ, թե աշխարհում ով՝ ինչն է համարում կատարյալ հասարակարգ, դու ունես քո բնականորեն ձևավորված հասարակարգը, որն ընդամենը պետք է վերածես սահմանադրության և ինստիտուտների, այլ ոչ թե կուրորեն պատճենես այլ ավանդույթների վրա հիմնված սահմանադրությունները:

Կամ եթե իրապես զարգացում ենք ուզում, նույնիսկ՝ թռիչք, ապա անհնար է դրան հասնել միայն կրկնելով այսօրվա մոդայիկ մտքերը՝ տուրիզմի զարգացում, տեխնոլոգիաների զարգացում, և այլն: Պետք է նորից փորձել «դուրս գալ սահմաններից» և մտածել օրինակ, ռեինդուստրիալիզացիայի կամ, հարկ եղած դեպքում՝ նացիոնալիզացիայի մասին…

Սրանք ընդամենն օրինակներ են, որոնք ընտրել ենք այս կամ այն պայմանականությամբ: Բովանդակային ցանկը սրանցով չի սպառվում, ոչ էլ նույնիսկ սկսվում և ավարտվում է:

Քաղաքանությունը հենց նման խնդիրներ ձևակերպելն ու քննարկելն է, և  քաղաքականության հաջողվելը կամ ձախողվելը որոշվելու է սրանցով, այլ ոչ թե ձևական հարցերով՝ մենաշնորհներով, ընտրություններով, կուսակցությունների ներկայացվածությամբ, ԱԺ-ի բազմազանությամբ և այլն: Հայ ժողովուրդը հաստատապես այս ֆորմալիզմի համար չի աջակցել իշխանափոխությանը: Ֆորմալ օրակարգերը, ի վերջո, նախ՝ էլիտար են, էլիտարների շահերն են պաշտպանում, և դրանք երբեք ոչ ոք չի կոչի պոպուլիստական, այսինքն՝ ժողովրդական, ժողովրդահաճո:

Ի դեպ, մի երկու խոսք էլ մենաշնորհների մասին՝ վերադառնալով հոդվածի սկզբին:

Մենաշնորհը, այդ թվում՝ քաղաքական, ինքն իրենով ոչ լավ, ոչ էլ վատ բան է:

Վատ բանը՝ վատ քաղաքականությունն է, եթե ներելի լինի այս տավտոլոգիան:

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել պատմությունից, երբ քաղաքական մենաշնորհնը բերել է բացասական հետևանքների, բայց կարելի է նույնքան օրինակներ բերել հակառակի մասին՝ երբ քաղաքական բազմազանությունն է բերել պետական կոլապսի: Օրինակ, երբ որևէ երկրում մի միլիոն կուսակցություն, չկարողանալով ձևավորել միասնական քաղաքականություն, երկիրը բերում են անկայունացման, կամ էլ արհեստական միջկուսակցական դաշինքները հանուն զուտ ձևական սկզբունքի՝ հանգեցնում են քաղաքական անկամության: Հաճախ էլ հենց չափն անցած բազմազանությունը հանգեցնում է կոշտ քաղաքական մենաշնորհի հաստատման, ինչպես, օրինակ, Իտալիայում Մուսոլինիի իշխանության գալուց առաջ, կուսակցական անվերջ կոալիցիաները, ի զորու չլինելով վճռական քայլերի դիմելու, երկիրը հասցրեցին քաոսի, որից միակ փրկությունն իտալացի ժողովուրդը տեսավ ֆաշիստական դիկտատուրայում: Բոլշևիկներն էլ օդից չստացան իշխանություն Ռուսաստանում, այլ շնորհիվ կուսակցական այն քաոսի, որը տիրում էր ցարին տապալած 1917-ի Ռուսաստանում: Այնպես որ, բազմազանության չափազանցությունը նույնքան սպառնալիք է:

Ընդհանրապես քաղաքական համակարգի միասնության և բազմազանության բալանսի հարցը շատ հին է, և նույնիսկ զուտ ձևական տեսակետից այդքան էլ հեշտ լուծելի չէ: Այդ հարցը քննարկվել է դեռ հին հունական փիլիսոփայության մեջ՝ ստանալով տարբեր լուծումներ: Չեմ կարծում, որ այսօրվա հայ իմաստուններն ի զորու են ավելի խորքով քննել հարցի բոլոր նրբությունները: Կան ժամանակներ, երբ շեշտը միասնության վրա պետք է դնել, կան ժամանակներ, երբ՝ բազմազանության: Եվ հաստատապես որևէ պետությանը չի խանգարի միասնական կամքը: Այլ բան է, որ այդ միասնականությունը նույնպես պետք է լինի բավականաչափ ճկուն:

Եթե կա քաղաքական բովանդակային օրակարգ, ապա այդ օրակարգը կիրացվի մենաշնորհայի՞ն, թե՞ ոչ մենաշնորհային ձևով՝ արդեն տեխնիկական հարց է և կախված է իրավիճակից՝ մի դեպքում ճիշտը կլինի կուռ միասնականությունը, մյուսում՝ նուրբ բալանսը:

Սրան հակառակ՝ ձևական մոտեցումն իր ծայրահեղության մեջ հասնում է նույնիսկ նրան, որ ասում է, թե կարևորն այն պահն է, երբ պահի քաղաքական ուժը կպարտվի և կհեռանա իշխանությունից: Ա՛յ, էդ ժամանակ վերջապես մեր կյանքը կմտնի բնականոն հուն, և կդառնանք Կովկասյան Շվեյցարիա: Այսինքն՝ քաղաքական պարտությունը կատարյալ բարիք է հռչակվում, վերջնանպատակ: Չի կարող լինել ավելի անհեթեթ տեսակետ, բայց, ցավոք, դա ենք սերմանել և փայփայել տարիների ընթացքում մեր և այլոց գլուխներում:

Իրականում բարիքն այն է, որ որևէ քաղաքական թիմ հասնի իր հռչակած նպատակներին, կատարի իր խոստումները, և այդ դեպքում՝ թող միշտ էլ հաղթի բոլոր ընտրություններում: Իսկ չարիքը հակառակն է՝ երբ որևէ քաղաքական ուժ ձախողվում է, չի հասնում իր նպատակներին, չի կատարում խոստումներն ու հույսերը: Անվերջ իշխանափոխությունները, նույնիսկ, եթե դրանք իրացվում են դեմոկրատական ճանապարհով, չեն կարող հռչակվել կատարյալ նպատակ, որովհետև դա նշանակում է՝ կատարելություն համարել անվերջ քաղաքական ձախողումները:

Տեսանյութեր

Լրահոս