Ցավը փոխակերպելու հրամայականը
Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ոբերգությունը, հարյուրավոր զոհերի, անհաշիվ վիրավորների մասին պատմությունները, իրական ժամանակում տեղի ունեցող բռնի տեղահանությունը հասարակության համար արդեն իսկ ունի շոկային ազդեցություն, ժամանակի հետ այդ շոկն անցնելու է բազմաթիվ փուլեր, վերափոխվելու է անհատական ու հավաքական ամենատարբեր ծանր ապրումների։
Արցախին, արցախցիներին հասցված հարվածի ցավը դեռ երկար չի ամոքվելու՝ առաջին հերթին արցախցիների, բայց հավասարապես նաև Հայաստանի քաղաքացիների սրտերում ու հոգիներում։
Այս ողբերգության մասշտաբները, ժամանակի ու տարածության մեջ դրա թողնելիք վերքերի խորությունը մենք այս պահին չենք գիտակցում, որովհետև ողբերգությունն անգամ չի ավարտվել։ Այսօրվա միակ գիտակցումն այն է, որ ցավը կա ու լինելու է սարսափելի, մարդկանց կորուստը՝ անդառնալի, ստեղծված ու դեռ սպասվող մարտահրավերների հաղթահարումը՝ երաշխավորված փորձություններով ու տառապանքներով։
Բոլոր այս և չթվարկված ողբերգական իրողությունները հնարավոր չէ անտեսել, թեև օբյեկտիվորեն շոկը ունենում է նաև հերքման, ժխտման փուլ։ Բայց այդ փուլն անցնելուց հետո դրանք պետք է ընդունել որպես մեր հանրային կյանքի նոր նորմեր, որոնք պահանջելու են միանգամայն այլ, մինչև սեպտեմբերի 19-ը եղած սոցիալական, կենցաղային, քաղաքացիական ու քաղաքական հարաբերություններից արմատապես տարբերվող վարքագծային մոդելներ ու վերաբերմունք։
Հասարակությունը, անհատից ունենալով բազմաթիվ տարբերություններ, այդուհանդերձ խորքում անհատի, մարդկային օրգանիզմի մասշտաբային արտահայտությունն է։ Անհատների դեպքում կորուստը, ցավը, վիշտը ժամանակի մեջ կարող է սուբլիմացվել այնպես, որ ավելի ուժեղացնի ցավատիրոջը։ Բացառիկ կամք ունեցող անհատներն այդ ճանապարհն անցնում են ինքնուրույն, բայց, որպես կանոն, դրան հնարավոր է լինում հասնել համարժեք մասնագիտական օգնությամբ։
Նույնը, իհարկե, տարբեր մեխանիզմներով, այդուհանդերձ տեղին է նաև հանրույթների դեպքում։ Այս օրերին օբյեկտիվորեն ապրվող ցավը, տառապանքն ու դառնությունն անխուսափելիորեն սուբլիմացվելու է։ Մեզանից է կախված, այդ փոխակերպումը մեզ ավելի ուժե՞ղ կդարձնի, թե՞ ցավի ծանրությունից չենք կարողանա ուղղել մեր մեջքը՝ որպես հանրություն։
Անհատների դեպքում, ցավի ու տառապանքի անցանկալի սուբլիմացիան նրան կարող է արատավոր դարձնել, վերածել հարբեցողի, թմրամոլի, դնել որևէ այլ կախվածության մեջ։ Հանրության դեպքում դա կարող է ունենալ համարժեք այլ արատավոր դրսևորումներ։ Եվ եթե անհատներին ցավի արդյունավետ, արդյունքաստեղծ սուբլիմացիային օգնում են հոգեբանները, սոցիալական ծառայողները, այլ մասնագետներ, ապա հանրության պարագայում այդ դերը կարող են և պարտավոր են ստանձնել վերնախավերը՝ մտավորական, մասնագիտական, քաղաքացիական ու քաղաքական էլիտաները՝ յուրաքանչյուրն իր կարողությունների տիրույթում և հավաքականորեն։
Հայկական այսօրվա իրականության պայմաններում դա թվում է գրեթե անհնարին, քանի որ տարածված է այն համոզումը, թե մեր ողբերգությունների պատճառն իրական վերնախավերի բացակայությունն է։ Բայց դա չափազանցված, խիստ հոռետեսական գնահատական է, կիսաճշմարտություն։ Իրականությունն այն է, որ մենք անվանապես ունենք որակյալ մասնագիտական, մտավորական, անգամ քաղաքական վերնախավեր։ Խնդիրը, սակայն, ոչ թե դրանց նոմինալ չգոյությունն է, այլ որոշումների կայացման և հանրային կյանքում տիրապետող արժեքային մթնոլորտի ձևավորման գործընթացներում վերնախավերի ազդեցության մեխանիզմի բացակայությունը։
Հենց այդ մեխանիզմի վերականգնումը պետք է դառնա ներկայիս ողբերգական վիճակով մտահոգ, բայց միևնույն ժամանակ ցավն ու դրանից բխող ցասումը հանրության հոգեվիճակի առողջացման ու դրանով հասարակական դիմադրողականության բարձրացման նպատակ հետապնդող բոլոր անհատների ու խմբերի առաջնային նպատակը։ Դա այս պահին անհնարին, բայց ժամանակի մեջ միանգամայն իրատեսական նպատակ է։