«Հայաստանում իրավագիտությունը շարունակում է մնալ պահանջված մասնագիտություններից, իսկ տնտեսագիտությունը զիջել է դիրքերը»
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում պահանջված և նորաձև մասնագիտություններին, նշեց, որ իրավագիտություն մասնագիտությունը շարունակում է մնալ որպես շատ պահանջնված։
Նրա խոսքով՝այս տարի երկու ֆակուլտետ է եղել՝ «Ինֆորմատիկա» և «Իրավագիտություն», որտեղ դիմորդների թիվն ավելի շատ է եղել, քան տեղերի թիվը։
«Իրավագիտությունը շարունակում է մնալ որպես պահանջված մասնագիտություն։ Ինչ վերաբերում է տնտեսագիտությանը, ապա այստեղ կա իրավիճակի փոփոխություն. տնտեսագիտությունը մի փոքր ավելի քիչ է հետաքրքրում այսօրվա դիմորդներին, նրանց թիվը մի փոքր նվազել է, ինչը լավ է, գուցե մարդիկ հասկացան, որ Հայաստանին այդքան տնտեսագետներ պետք չեն։ Եթե անկեղծ դիտարկենք, այդքան իրավագետներ էլ պետք չեն, բայց եթե հաշվի առնենք փաստաբանական դպրոցի զարգացումը և այն, որ քրեական գործերը գնալով ավելանում են, դրա համար շատ քննիչներ և դատավորներ են պետք, ուստի այստեղ իրավագետների կարիք կլինի»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանում ուսումնարանների ընդհանուր վիճակին` Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ այս ոլորտում նկատում է առաջընթաց։
«Այդ ոլորտում միջազգային կազմակերպություները մեծ ներդրումներ են անում, որպեսզի միջին մասնագիտությունները որոշ չափով զարգանան։ Միջին մասնագիտական և նախնական կրթությունը երևի միակ ոլորտն է, որտեղ դրական տեղաշարժ կա։ Համաձայն եմ, որ մեր հասարակության մեջ դեռևս վարպետների և արհեստավորների կրթության ոլորտը կայացած չէ, նույնիսկ եթե երեխաները շատ բան սովորում են, հաճախ արհեստանոցներում են սովորում, քան ուսումնարաններում։
Բայց այստեղ էլ նախարարությունն անցնում է ավելի գործնական գերմանական մոդելին՝ դուալ կրթությանը, որը ենթադրում է պրակտիկաների թվի ավելացում, այսինքն` երբ ուսանողն իր ժամանակի առնվազն կեսն անցկացնում է որոշակի հիմնարկում, այլ ոչ թե ուսումնական հաստատությունում»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։
Զվարթ Խաչատրյան