Որքանո՞վ են ամուր «Բյուջե 2019»-ի հիմքերը

Ազգային ժողովում բուռն թափով շարունակում են ընթանալ «2019թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի քննարկումները: Չնայած Ազգային ժողովի փաստացի լուծարված լինելու հանգամանքին, այնուհանդերձ այն շարունակում է իր պարտականությունների իրականացումը, մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Եթե առաջիկայում սպասվելիք նախընտրական քարոզարշավը չխաթարի ԱԺ նիստերի բնականոն ընթացքը, ապա լիագումար նիստը կկարողանա հաստատել 2019թ. բյուջեն՝ այդպիսով զերծ պահելով տնտեսական իրավիճակը քաղաքական ցնցումներից:

Շուրջ 2 ամիս տևած քննարկումների այս ժամանակահատվածը ոչ միայն քաղաքական իրավիճակ է փոխել, այլև զգալի փոփոխությունների է ենթարկվել նաև երկրի տնտեսական պատկերը: Մասնավորապես, երբ սկսվել էր բյուջի կազմման ամփոփիչ փուլը, տնտեսական ցուցանիշները բավականին խոստումնալից էին: Մասնավորապես, առկա էր հունիս-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ: Պետական բյուջեի նախագծով հրապարակվեց 6.5% տնտեսական աճի ցուցանիշ, որն այն ժամանակ մեր կողմից բնորոշվեց՝ որպես զգուշավոր:

Հետագա 2 ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ այն ոչ միայն զգուշավոր է, այլև կանխատեսվող 6.5% ցուցանիշը կարող է նաև չիրականանալ: Իհարկե, կանխատեսումներ կատարելն «անշնորհակալ գործ է», սակայն, երբ խոսքը գնում է սպասվող այն տնտեսական զարգացումների մասին, որոնք պետական բյուջեի կազմման հիմքն են հանդիսանում, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե որքանո՞վ են իրատեսական կանխատեսվող սպասելիքները, և հետևաբար՝ որքանո՞վ են ամուր «Բյուջե 2019»-ի հիմքերը:

Այսպես, համաձայն բյուջետային ուղերձի, 2018թ. 6.5% տնտեսական աճի կանխատեսման համար հիմք են հանդիսացել ներքին տնտեսական զարգացումները (մասնավորապես՝ 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր աճը, ինչը պայմանավորված է եղել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի աճով):

Նոյեմբերի սկզբին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները 2018թ. հունվար-սեպտեմբերին, որտեղ ներկայացրեց 9 ամիսների կտրվածքով ճշգրտված մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն այդ հրապարակման, հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության (ՏԱ) կուտակային ցուցանիշը կազմել է 6.6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Այստեղ, իհարկե, չպետք է շփոթենք տնտեսական ակտիվությունը տնտեսական աճի հետ, սակայն նաև պետք է փաստենք, որ կանխատեսվող 6.5% ցուցանիշին հասնելու համար պետք է վերջին 3 ամսում արձանագրենք ոչ պակաս, քան 6.5% տնտեսական ակտիվություն, որին հասնելն առկա տնտեսական իրավիճակի պայմաններում շատ բարդ է թվում: Պետական բյուջեի նախագծով նաև կանխատեսվում է ոլորտների տեսակարար կշիռները ՀՆԱ-ում (տես գծապատկերը), ինչի իրականացումը ևս կասկածելի է:

Փորձելով հասկանալ կանխատեսվող ցուցանիշի արձանագրման հնարավորությունը, պետք է դիտարկենք այդ կանխատեսումներն ըստ ոլորտների: Մասնավորապես, արդյունաբերության ճյուղում տարվա առաջին 7 ամիսների տնտեսական զարգացումների հիման վրա կանխատեսվել էր, որ 2018թ. տարեկան աճը կկազմի շուրջ 5.0%, սակայն համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 9 ամսվա կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 4%, և եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերից կասեցվել է նաև Ալավերդու գործարանի աշխատանքները, ապա խոսել 5%-ին հասնելու մասին՝ ոչ միայն իրատեսական չէ, այլև ակնհայտ է, որ կունենանք ցուցանիշի է՛լ ավելի նվազում:

Գյուղատնտեսության ճյուղի համար 2018թ., հաշվի առնելով ընթացիկ զարգացումները, կանխատեսվել էր 4.0% աճ: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 9 ամիսների գյուղատնտեսության աճի կուտակային ցուցանիշը կազմել է -4.8%, և այստեղ լավագույն սպասելիքը, որ կարող ենք ունենալ, դա ոլորտի լրիվ վերականգնումն է, և 4 տոկոսանոց աճի սպասելը պրակտիկորեն կարող ենք բացառել:

Կանխատեսվող ցուցանիշների, այսպես կոչված, «կատարման ամբողջ» հույսը բաժին է ընկնում շինարարության և ծառայությունների ոլորտներին: Շինարարության ոլորտում, ըստ պետական բյուջեի ուղեցույցի, 2018 թվականի համար կանխատեսվել է աճի տեմպի արագացում: Հաշվի առնելով 2018թ. միտումները` ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ճյուղի աճի տեմպը կդանդաղի և կկազմի շուրջ 6.1%:

Իսկ ծառայությունների ոլորտի աճը մինչև տարեվերջ կկազմի շուրջ 8.0%: Վերջին 2 ցուցանիշները 9 ամսվա փաստացի տվյալներով ավելի բարձր են բյուջեով նախատեսվածից, սակայն, արդյունաբերության և գյուղատնտեսության ցածր աճով պայմանավորված, այս ոլորտները պետք է կարողանան այնպիսի բարձր ցուցանիշներ ունենալ, որպեսզի կարողանան փոխհատուցել մյուս ոլորտների բացը:

Ամփոփելով վերոգրյալը, պետք է փաստենք, որ 2019թ. պետական բյուջեով նախատեսված տնտեսական զարգացումներն ամենայն հավանականությամբ չեն իրականանա, և տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսված 6.5 տոկոսից ցածր կլինի: Սակայն միանշանակ պետք է փաստենք, որ բյուջեի նախագիծը կազմվել է տնտեսական այլ իրավիճակի պայմաններում, և այն նախագծած մասնագետներն այս զարգացումները չէին կարող կանխատեսել և ներառել իրենց հաշվարկներում:

Սակայն խնդիրն այն է, որ այս ցուցանիշները նաև հիմք են հանդիսացել բյուջեի մնացած ցուցանիշները հաշվարկելու համար, և դրանց փաստացի շեղումը կանխատեսելի մակարդակից խարխլում է հիմքերը և հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նաև մնացած ցուցանիշների կատարման համար:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս