«Վրաստանում տասնամյակներ շարունակ խտրական և վանդալական վերաբերմունք է եղել հայկական հուշարձանների նկատմամբ». ահազանգում է հուշարձանագետը

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ, բանահավաք  Սամվել Կարապետյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկարներ, որտեղ ներկայացնում էր Վրաստանի Դիղոմ գյուղի հայոց Սբ. Կիրակի եկեղեցում կատարվող աշխատանքները: Հուշարձանագետն այդ լուսանկարներով ահազանգում էր, որ  վրացիներն աստիճանաբար վերացնում են եկեղեցում գտնվող հայերեն մակագրությամբ որմնանկարները։

Նրա գրառմանը կցված լուսանկարներում, որը մակագրել էր՝ «Վրացի-իսլամիստներ, կանգ առեք», պարզ երևում է, որ դեռևս 2007 թվականին եկեղեցում պահպանված են եղել որմնանկարները, իսկ արդեն մեր օրերում դրանց  հետքերը հազիվ են նշմարվում։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում հուշարձանագետը տեղեկացրեց, որ եկեղեցու ներսը պատկերող լուսանկարները, որոնք հրապարակել էր, արվել են հոկտեմբերին, սակայն դժվարացավ ասել, թե երբվանից են վրացիները սկսել ոչնչացնել որմնանկարները։

«Այստեղ արտասավոր բան չկա, այս երևույթը տեղի է ունենում անկախությունից ի վեր՝ ոչ միայն Թբիլիսիում, այլև՝ շրջաններում։ Նման կերպ են վարվում հատկապես պաշտամունքային կառույցների՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանոցների, հայկական արձանագրությունների հետ, տասնամյակներ շարունակ խտրական և վանդալական վերաբերմունք է եղել հայկական հուշարձանների նկատմամբ»,- նշեց Ս. Կարապետյանը։
Ըստ հուշարձանագետի, Սբ. Կիրակի եկեղեցու կառուցման վերաբերյալ չկան ստույգ տվյալներ, սակայն հիշատակվում է, որ 1838 թվականին Դիղոմ գյուղի բնակիչ Թոփչյան անունով ընտանիքը բազմիցս նվիրատվություններ է արել եկեղեցուն։ Պահպանվել է նաև տեղեկություն, որ եկեղեցամերձ այգին և անշարժ կալվածքները պատկանել են Սուրեն Թոփչյանին, որի մահից հետո այդ ժառանգությունն անցել է նրա այրուն՝ Աննային։

«Ինչ վերաբերում է քերված որմնանկարներին, հավանաբար դրանք թվագրվում են 19-րդ դարի վերջին։ Դրանք ունեին հայերեն մակագրություններ, որոնք այսօր չեն պահպանվել։ 2007 թվականին, երբ նկարեցի այդ որմնանկարները, դրանց մի մասը բաց էր, մյուս մասը՝ երկու շերտով սվաղել էին։ Դրանք ուսումնասիրելու համար պարզապես ոչնչացրել էին»,- ընդգծեց Ս. Կարապետյանը։

Հուշարձանագետի բնորոշմամբ, Վրաստանում հայկական հուշարձանները պահպանելը լուրջ խնդիր է, իսկ հայկական կողմն էլ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օրինակ՝ դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը, չի ցանկանում հարաբերությունները վատացնել հարևան երկրի հետ։

«Սա պատվի խնդիր է արդեն, ուղղակի պետք է տեր կանգնենք մեր պատվին։ Նորմալ երկրները, ինչպես հարևան Իրանն է, պահպանում է հայկական հուշարձանները և դրանք համարում է իր երկրի հարստությունը, այնտեղ մեծ միջոցներ են ծախսվում նորոգելու և դրանք շեն պահելու համար։ Վրացիները մշակույթ ստեղծող ժողովուրդ են, բայց նրանց այս քայլերը շատ ամոթալի են։ Ցավոք, սա մի խարան է, որ դաջվեց վրաց պետության պատմության մեջ, քանի որ չեք պատկերացնի, թե ինչ քանակությամբ հուշարձաններ, հայերեն արձանագրություններ են ոչնչացվել, վերջին 25-30 տարվա մեջ դրանց թիվը հասնում է մոտավորապես հազարի։ Այս ամենը կանխելու համար հայկական կողմը բացարձակապես ոչինչ չի արել։ Միայն ես այս խնդրի շուրջ 1000-ից ավելի հոդված ունեմ հրապարակած, այսինքն՝ խնդրի մասին լավ էլ իրազեկված են եղել, սակայն փորձել են դրանց մասին չխոսել և խնդիրը շրջանցել։ Հուսամ, որ գոնե այսօր չեն լռի»,- շեշտեց Ս. Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ վրացական իշխանությունների համար ինքը դեռևս շարունակում է մնալ Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում, և գլխավոր պատճառն այն է, որ տարիներ շարունակ ուսումնասիրել է Վրաստանում ոչնչացման եզրին գտնվող հայկական հուշարձանները և դրանց մասին բարձրաձայնել է։

Հիշեցնենք, որ հուշարձանագետի մուտքը դեպի Վրաստան արգելվել էր 2015 թվականից, նրա հետ միասին, այսօր Վրաստան չեն կարող այցելել նաև հիմնադրամի 9 աշխատակիցներ։

«Արդեն երեք տարի է՝ Վրաստանում անցանկալի անձ եմ, շատ տմարդի ձևով վարվեցին մեզ հետ։ Այսօր անձնապես չեմ կարող գնալ Վրաստան և ուսումնասիրել հայկական հուշարձանները, այս դեպքից հետո խնդիրներ առաջացան նաև Արևմտյան Հայաստան գնալու հետ, քանի որ այնտեղ գնում եմ Վրաստանով, և ճանապարհն ավելի կարճ է։ Այսօր ստիպված Արևմտյան Հայաստան գնում եմ Իրանով, բացի այն, որ ճանապարհը երկու անգամ երկարում է, խնդիրներ են առաջանում նաև հայ-իրանական սահմանին։ Քանի որ Իրանից իրանական պետհամարանիշերով անարգել կարող են գալ Հայաստան, իսկ հայկական պետհամարանիշերով չեն կարող գնալ Իրան, նման դժվարությունները փորձում եմ հարթել ՀՀ-ում Իրանի դեսպանի միջոցով»,- եզրափակեց հուշարձանագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս