Բաժիններ՝

Մեյը պայմանավորվել է, որ բրիտանական ֆինանսական կազմակերպությունները Brexit-ից հետո մուտք կունենան ԵՄ-ի շուկա. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:

Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի բանակցորդները նախնական համաձայնության են հասել ծառայությունների, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման ոլորտում կողմերի միջեւ ապագա փոխհարաբերությունների բոլոր ասպեկտների շուրջ: Նշվում է, որ հանգուցային հարցերը, ինչպես, օրինակ, Լոնդոնի մուտքը ապրանքների միասնական եվրոպական շուկա, դեռ պետք է լուծվեն: Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ է 95 տոկոսով:

Սակայն համաձայնագիրը, նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերը չեն համաձայնացրել Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի ընդհանուր շուկայի եւ մաքսային միության կազմում պահպանելու մեխանիզմը: Լոնդոնը, ինչպես հիշեցրել է նա, չի կարող ընդունել ԵՄ-ի իշխանությունների առաջարկը, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան հայտնվեր մաքսային միության գոտում, որը գոյություն ունենար Միացյալ թագավորության մնացած տարածքից առանձին: Մինչ այդ Մեյը հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի:

«Ներկայում քննարկվում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչեւ 2020 թվականը մենք արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք»,-ասել է Մեյը, ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի ավարտը սպասում է 2020 թվականի վերջին, ինչպես որ դա պլանավորվել էր:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս