«Հայաստանի պարագայում ԱՄՆ առաջնահերթությունը Ռուսաստանի տոտալ գերակայությունը թուլացնելն է». Էդուարդ Աբրահամյան
Հարցազրույց պ․գ․թ, բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող, վաշինգտոնյան Կովկասի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, Դուք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպած փորձագետների շարքում էիք. հանդիպման արդյունքներով ի՞նչ հետևությունների հանգեցիք։
– ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը ռուսաստանյան օրակարգից խիստ տարբերվող օրակարգով էր Ռուսաստանից ժամանել տարածաշրջան. այն է՝ մոտիկից ծանոթանալ կովկասյան հանրապետությունների՝ նոր աշխարհակարգին ադապտացվելու գործընթացին, պարզել այդ երկրների քաղաքական էլիտաների տրամադրվածությունն ու պարտաստակամության մակարդակը՝ ընդգրկվել ԱՄՆ-ի առաջ քաշած կամ ձևավորման փուլում գտնվող մի շարք աշխարհաքաղաքական նախագծերին։ Հայաստանը, ըստ էության, ամենացածր քաղաքական հնարավորություններ ունեցող երկիրն է՝ ելնելով իր ռեգիոնալ և ինտեգրացիոն դիրքավորումներից։
Ուստի, դեսպան Բոլթոնի գլխավորած պատվիրակության խնդիրներից մեկն էր՝ հասկանալ Հայաստանի հնարավոր դերն ու ֆունկցիաները՝ ԱՄՆ վերաձևակերպվող տարածաշրջանային քաղաքականության մեջ։
Այն, մասնավորապես, ենթադրում է ռազմավարական կովկասյան միջանցքի ամրապնդում՝ երեք երկրների ինքնիշխանության և սուվերեն որոշումներ կայացնելու մեխանիզմների ինքնաբավության բարձրացում և Արևմուտքի հետ որոշակի կոնսոլիդացված քաղաքականություն՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ԱՄՆ զսպման ռազմավարության շրջանակներում։ Ըստ այդմ, Թրամփի վարչակազմի նեոռեալիստական մոտեցման կորիզը ենթադրում է հետևյալ տրամաբանական դիսկուրսը. «Ի՞նչ դեր կարող եք խաղալ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության համար, և ի պատասխան՝ ինչո՞վ կցանկանաք, որ ԱՄՆ-ը ձեզ աջակցի»։ Այս ադապտացված մոտեցման շրջանակներում առավել ակտիվ խաղում են Վրաստանն ու Ադրբեջանը։ Հայաստանը, կարծես թե, ձևափոխվող աշխարհակարգային խաղի կանոնների վերափոխման համատեքստում դեռ ԱՄՆ նկատմամբ ռազմավարության մշակման փուլում է, որը, սակայն, մեծամասամբ ստորադասվում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։
– Որո՞նք էին Բոլթոնի այցելության կարևոր մեսիջները։
– Վրաստանն ԱՄՆ-ի համար տարածաշրջանում հանդիսանում է առավել հուսալի, փաստացի դաշնակից երկիր, և բազմաթիվ ծրագրեր և գործընթացներ Վաշինգտոնում դիտարկվում են Վրաստանի անվտանգության բարձրացման կամ սպառնալիքների չեզոքացման տեսանկյունից։ Դիտարկելով քաղաքագիտության տեսակյունից՝ Վրաստանը որպես դասական փոքր ուժ (small power)՝ իր պրոակտիվ արևմտյան արտաքին քաղաքականությամբ և իր արևմտյան ինքնաիդենտիֆիկացիան գործոն և գործիք դարձնելով Արևմուտքի, և հատկապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, այսօրվա դրությամբ ձեռք է բերել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունենալու հնարավորություններ։ Ուստի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները պայմանավորված չեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններով միայն։
Այդ հարաբերություններն արդեն երկար տարիներ գտնվում են բարձր դինամիկայի մակարդակի վրա, և Կոնգրեսում ներկայումս համապատասխան գործընթաց անցնող Վրաստանի Աջակցության Ակտի (Georgia Support Act)՝ շաբաթների ընթացքում ընդունումը կձևավորի միմյանց նկատմամբ անվտանգության, ժամանակակից ոչ ավանդական սպառնալիքներին վերաբերող համատեղ պայքարելու պարտավորվածությունների համակարգ։ Սա, ի վերջո, կբացի Վրաստանի համար կարճ ճանապարհ՝ ստանալու ոչ բլոկային դաշնակցի կարգավիճակ (Major Non-NATO Ally) Թրամփի վարչակազմի կողմից՝ որոշ չափով ի հատուցում ՆԱՏՕ-ի ուղղությամբ Վրաստանի անդամակցության դժվարություններին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բոլթոնի պատվիրակության այցելությունը որոշ չափով ԱՄՆ-Ադրբեջան երկու տարվա ինտենսիվ շփումների և երկկողմանի առաջարկությունների յուրահատուկ ամփոփում կարելի էր համարել։ Խնդիրն այն է, որ Բաքվում ԵՄ-ի հետ հարաբերությունների, ըստ էության, ստագնացիայի ֆոնի վրա, որը հիմնականում դրսևորվում է ԵՄ-ի արժեհամակարգային կամ նորմատիվների հիմքի վրա Ադրբեջանի հետ վատթարացած հարաբերություններով, Բաքուն առավել ակտիվ աշխատանք է իրականացրել Թրամփի հանրապետական վարչակազմի հետ, որոնք որդեգրել են պրագմատիկ քաղաքականության և ռեալպոլիտիկից բխող սկզբունքներ։ Բոլթոնի կողմից Ադրբեջանը որակվեց՝ որպես երկիր, որը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, և որի պոտենցիալն է՛լ ավելի կդրսևորվի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ մեկտեղ։
Ադրբեջանը համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարողացել է հստակ ձևակերպել իր ռեգիոնալ ամբիցիաները, արտաքին քաղաքական ուղղություններն առավել մեծ գործընկերների համար, միևնույն ժամանակ՝ չկապելով դրանք ղարաբաղյան հակամարտության հետ։ Դա տվել է Բաքվին մի շարք առավելություններ, օրինակ՝ ԱՄՆ-ի համար որոշ կարևոր ֆունկցիաներ իրականացնելու առումով, հետևաբար՝ տալով արտաքին քաղաքական այս բարդ իրավիճակում մանևրելու հնարավորություններ։ Բոլթոնը Բաքվում շեշտեց ԱՄՆ-ի և իր դաշնակիցների համար Ադրբեջանի կողմից տրամադրող լոգիստիկայի հնարավորությունները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում ռազմավարական կապ ունենալ Միջին Ասիայի և, ամենակարևորը՝ Աֆղանստանի հետ՝ Հյուսիսային բաշխիչ ցանցի (Northern Distribution Network) Աֆղանստանին արևմտյան աջակցության շրջանակներում։ Բացի այդ, շեշտվեց Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և բարձրացման հարցում։
Այստեղ հատկանշական է շեշտել այն հանգամանքը, որ մի շարք վաշինգտոնյան ազդեցիկ մասնագետների հետ փակ զրույցներում նրանց կողմից շեշտվում է ԱՄՆ-Ադրբեջան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի հասնելու՝ Բաքվի կողմից դեռևս մեկ տարի առաջ առաջ քաշված նախագիծ-օրակարգը։ Մի պայմանագիր, որն ԱՄՆ-ը ունի, օրինակ՝ Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։ Եվ, ամենայն հավանականությամբ, Բոլթոնի հնչեցրած 907 բանաձևի չեղարկելու հիմնահարցն առաջացել է Ադրբեջան-ԱՄՆ քննարկվող ռազմավարական համաձայնագրի մշակման համատեքստում։ Կարճ ասած՝ այդ պայմանագրի շրջանակներում ադրբեջանական կողմը 907 բանաձևը խոչընդոտ է դիտարկում։
ԱՄՆ-ի նորացված քաղաքականության համար միակ քիչ թե շատ խնդրահարույց երկիրը տարածաշրջանում Հայաստանն է՝ Ռուսաստանից համալիր-համակարգային կախվածություն ունենալու պատճառով։ Կարելի է ասել, որ այս հարցը Բոլթոնի պատվիրակության առաջնահերթ խնդիրներից էր, ինչն էլ մի քանի անգամ դրսևորվեց նրա մամուլի ասուլիսի առանձին հանդիպումների ժամանակ։ Ներկայիս ամերիկյան վարչակազմի պրագմատիզմը դրդում է Հայաստանի հետ միասին որոշակի լուծումներ գտնել այս հարցում, և Բոլթոնի ուղղած մեսիջները Երևանում առավել քան հստակ էին․ ԱՄՆ-ը կարող հանդես գալ Ռուսաստանին բալանսավորելու մի շարք այլընտրանքային առաջարկություններով, որոնցից էին, օրինակ՝ զենքի ալտերնատիվ մատակարարման հնարավորությունների ստեղծումը՝ Հայաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական բալանսը վերականգնելու նպատակով, և Ռուսաստանից սպառազինության 100 տոկոսանոց կախվածությունը որոշ չափով մեղմելու համար։
– Փորձագետները Հայաստանի համար ոչ ցանկալի իրողություն են համարում Բոլթոնի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է զենք վաճառել Հայաստանին և Ադրբեջանին, այսինքն՝ շրջանցվի 907 բանաձևը։ Դուք այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք։
– Այո, ես արդեն նշեցի, թե ինչ կոնտեքստում են ադրբեջանցիները շահարկում 907-րդ բանաձևի վերացման հարցը։ Այս բանաձևի վերացումը լուրջ դրական ազդակ կլինի Ադրբեջանի համար, և որպեսզի այս՝ Հայաստանի համար բացասական տենդենցը կանխվի, ոչ թե Ամերիկայում հայկական ավանդական Սփյուռքը պետք է ջանքեր գործադրի, այլ, առաջին հերթին, Հայաստանը պետք է հանդես գա հստակ և բովանդակային օրակարգով՝ ԱՄՆ-ի նկատմամբ։ Երևանը պետք է կարողանա ցույց տալ Վաշինգտոնին, որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը սպասարկելու համար չէ միայն ստեղծված, այլ սուվերեն և անկախ որոշումներ կայացնելու ունակ պետականություն է՝ ինչպես Բոլթոնը շեշտեց Երևանում ՝ «զերծ արտաքին ուժերի ազդեցությունից»։
– Իրանի հետ կապված բաց տեքստով Բոլթոնը հայտարարեց, որ սա Օբամայի վարչակարգը չէ, և ԱՄՆ–ը մտադիր է սեղմել Իրանի շուրջ օղակը։ Վիգեն Սարգսյանն նշել է, որ ըստ այս հայտարարության՝ Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեքորեն ամերիկյան պատժամիջոցները կիրառելը։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք Բոլթոնի հայտարարությունը, Հայաստանն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում։
– Կարծում եմ՝ Հայաստանն ունի բավարար քաղաքական ճկունություն՝ ԱՄՆ-ի երկու հիմնախնդիրները՝ Ռուսաստանն ու Իրանը, կապել միմյանց՝ իր իսկ գեներացրած օրակարգով ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի շուրջ սեղմվող օղակը կոչված է Իրանի ներկայիս ղեկավարությանը, մասնավորապես՝ կրոնական առաջնորդների դասին առավել բանակցելի դարձնել՝ ԱՄՆ-Իրան նոր պայմանագրի շրջանակներում։ Թրամփի վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ Իրանը դիտարկում են՝ որպես Չինաստանի նկատմամբ ձևավորվող գլոբալ զսպմանն ուղղած կարևոր բաղադրիչ, և ցանկանում են տեսնել Իրանին՝ որպես ավելի ընկալելի խաղացող՝ ավելի պասիվ՝ Մերձավոր Արևելքում և ԱՄՆ դաշնակիցների դեմ, առավել ակտիվ՝ Միջին և Առաջավոր Ասիայում՝ Հնդկաստանի հետ մեկ կապոցում։
Միևնույն ժամանակ, նույնիսկ Իրանի նկատմամբ առավել ծայրահեղ տրամադրված Ջոն Բոլթոնը ստիպված է ընդունել այն իրողությունը, որ Իրանի դեմ որևէ ռազմական միջամտություն կբերի է՛լ ավելի անկանխատեսելի հետևանքների՝ ԱՄՆ-ի շահերի և նրա տարածաշրջանի դաշնակիցների անվտանգության համար։
Հետևաբար, նրա այցելությունը տարածաշրջան առաջնահերթ նպատակ էր հետապնդում հասկանալ կովկասյան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի հնարավոր դերակատարության որդեգրումը՝ Իրանին և Ռուսաստանին, ինչպես Բոլթոնն է նախընտրում արտահայտվել՝ «ճզմելու» մեջ։ Այստեղ Հայաստանը նուրբ խաղ կարող է տանել. ելներով այն հանգամանքից, որ Հայաստանի համար որոշ չափով ազգային անվտանգության սպառնալիք է այդ համալիր-համակարգային չբալանսավորված կախվածությունը Ռուսաստանից, որի լուծման առաջնահերթությունը հասկանում են նաև Վաշինգտոնում, Բոլթոնի առաջարկած այլընտրանքային տարբերակները կարող են համալրվել որոշ չափով Իրանի միջոցով Ռուսաստանին բալանսավորելու և այս հարցում ԱՄՆ-ի հետ սերտ կոնսուլտացիաներ վարելու բանաձևով։
Հատկանշական է, որ տարածաշրջան այցելած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունների խորացումն ու ինստիտուցիոնալացումը չի ողջունվում Վաշինգտոնի կողմից, բայց այն հասկանալի և ըմբռնելի է ԱՄՆ-ի համար, եթե ծառայի Ռուսաստանին բալանսավորելուն։ Ի վերջո, եթե Հայաստանից պահանջվի միանալ պատժամիջոցներին, ինչը ես ակնհայտ չեմ նկատում, ապա դա քիչ բան կտա ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ զսպման քաղաքականությանը, միևնույն ժամանակ, ավելի մեծ ռեսուրսներ կպահանջվի՝ Հայաստանին այս հարցում այլընտրանքներ տալու համար։ Ուստի, ես հակված եմ կարծելու, որ Հայաստանի առումով ԱՄՆ-ի առաջնահերթությունը Ռուսաստանի տոտալ գերակայությունը սահմանափակելն է, որը Երևանին մանևրելու և ավելի ակտիվ դիվանագիտական գործունեության հնարավորություններ կտա, որոնք խարսխված կլինեն իրական ազգային շահերի վրա։ Դրա լավագույն ցուցիչը կլինի Հայաստանի՝ ՄԱԿ-ում քվեարկությունների տրամաբանության փոփոխությունը։
– Որոշ փորձագետներ մտահոգիչ են համարում Բոլթոնի այն հայտարարությունը, թե խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում։ Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ վճռական քայլերի մասին կարող է լինել խոսքը։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իր անունից։
– Խնդիրն այն է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ավանդաբար մոտեցել է ղարաբաղյան հիմնահարցին վաղուց ձևավորված մի պիտակով. Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության ճարտարապետության հիմնական սյուները կանգնեցված են չլուծված էթնո-քաղաքական կոնֆլիկտների վրա, որոնք էլ դարձել են գործիք Մոսկվայի ձեռքում՝ մանիպուլյատիվ քաղաքականության միջոցով սեղմելով այդ թույլ կետին՝ վերահսկել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Հետևաբար, ըստ այս տրամաբանության՝ ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ լուծումը, թեկուզ և որոշ չափով ցավոտ՝ կողմերի համար, կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը, ու Հայաստանն ու Ադրբեջանը է՛լ ավելի անկախ քաղաքականություն իրականացնելու հնարավորություն ձեռք կբերեն։
Այսօրվա իրողությունից ելնելով եթե դիտարկենք, ապա այս մոտեցումը հեռու է իրականությունից, և ես կարծում եմ՝ երևանյան այցից հետո Բոլթոնի գլխավորած պատվիրակությունը որոշ չափով դա հասկացավ։ Խնդիրն այն է, որ ղարաբաղյան ռազմատարածքային ստատուս-քվոյի յուրաքանչյուր փոփոխություն ոչ միայն չի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը, այլ ընդհակառակը՝ խաղաղապահների թեզի առաջացումն ու այն ագրեսիվ լծակները, որոնք առկա են այսօր Մոսկվայի ձեռքում, կարող են դառնալ իրականություն։ Արդյունքում՝ ոչ միայն Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը չի թուլանա, այլև կավելանա նաև Ադրբեջանի նկատմամբ։ Ուստի, հենց Մոսկվային է առավել ձեռնտու ղարաբաղյան ստատուս-քվոյի փոփոխություն, քանի որ այն, ըստ էության, խոչընդոտում է տարածաշրջանում Ռուսաստանի ինտեգրացիոն ծրագրերին։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա դա բնորոշ է անկախ քաղաքականություն իրականացնող երկրի ղեկավարներին, սակայն, ի հավելումն դրան, ԱՄՆ-ին ավելի առարկայական պատասխան կլիներ Ռուսաստան-Հայաստան՝ «հովանավոր-հաճախորդ» ֆորմատից «մեծ գործընկեր-փոքր գործընկեր» ձևաչափի անցումը, ինչը ցույց կտար, որ Հայաստանը միևնույն ժամանակ առողջացնելով իր ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ, իրոք, ջանքեր չի խնայում տարածաշրջանային ինքնաբավ խաղացող դառնալու համար՝ ակտիվ ներգրավվելով ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի հետ, այլ ոչ թե մնում է լոկ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հաճախորդ-սպառող անդեմ գործոն միայն։