«Ներկայիս դատախազն ու վարչապետն էլ են հանցագործներ». Ռուզաննա Ադանալյան
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից, եղել է պատվիրված, և պահանջում է հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
«Որդուս սպանել են 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Ներկա պահին գործը Վերաքննիչ քրեական դատարանում է, չգիտեմ, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա: Այստեղ շատ անելիքներ ունի ՀՀ գլխավոր դատախազը: Տղայիս սպանությունը եղել է դեռևս նախկին ռեժիմի ժամանակ, երբ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր, իսկ հիմա, կարծում եմ, որ կոռուպցիան թարմացվում է: Այս գործն ինքն իրենից արդեն կոռուպցիոն քրեական գործ է: Ներկայիս դատախազն ու վարչապետն էլ են հանցագործներ, քանի որ, երբ երկրի ղեկավարը տեղյակ է, որ մեկ այլ պաշտոնյա հանցագործություն է իրականացրել, ու ինքը, դա լսելով, քայլ չի անում, նշանակում է՝ կոծկում է:
Հիմա մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, բայց դեպքի վայրում գտնվել են 20 և ավելի անձինք: Քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները, ինչն անօրինական է, պետք է կցված լիներ դատաբժշկական եզրակացությանը: Այդ եզրակացությունն էլ է կեղծ: Մեկ անձի կողմից կատարված հանցանքն ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քանի խմբի կողմից կանխամտածված սպանությունը: Հասցված է դանակի 8 հարված, բայց ներկայացված են երկուսը: Նախաքննական մարմինը քննության չի առել նաև այն, որ սպանությունը պատվիրված է: Ես հիմա նաև դատաբժիշկներին եմ դատի տվել:
Պատասխանատու են նաև որդուս սպանության դեպքի ժամանակ պաշտոնավարող ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի նախկին պետ Հրաչյա Սահակյանը և վերջինիս տեղակալ Արա Ազնավուրյանը, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուզաննա Ադանալյանը:
«Սպանության պատվիրատուն նախկինում Շիրակի մարզի կանանց ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, ում հետ ունեցել եմ քաղաքացիական վեճ, առաջացել են լուրջ թշնամական հարաբերություններ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հաղթել եմ նրան, ընդամենը մեկ ամիս անց որդուս սպանությունն է տեղի ունեցել: Այո՛, ոստիկանությունում ես հաղորդում եմ տվել, որ որդուս սպանությունը զուտ իրար Արթուրիկ կամ Արտյոմիկ ասելու պատճառով չի եղել: Քրեական գործում առկա է թմրանյութ, որը թաքցրել է քննիչը՝ Հրաչյա Առաքելյանը, ում նկատմամբ վերջերս ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել:
Պետք է ավելացնեմ, որ գործող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր գործելաոճով ոչնչով չի տարբերվում նախկին պետ Վահրամ Շահինյանից: Նա կարճել է քրեական գործը՝ պաշտպանելով քննիչին: Այն դեպքում, երբ թմրանյութ, իրեղեն ապացույցներ է քննիչը թաքցրել, պատշաճ նախաքննություն չի իրականացրել, մարդասպանի հեռախոսային վերծանումները քննության չի առել: Ամեն ինչ անելու եմ, որ բոլորը պատասխան տան: Սպանողներից մեկին ներկա պահին թաքցնում է Դատախազությունը: Նա Գյումրիի բնակիչ Հովհաննես Թոփչյանն է, չորս տարի է՝ իր տանը թաքնված է: Թոփչյանի հագուստի մանրաթելերն իմ տղայի հագուստի վրա են»,- նշեց Ռուզաննա Ադանալյանը:
«Հոկտեմբերի 4-ին ես Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացրեցի՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Դեռևս պատգամավոր եղած ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատաբար էր վերաբերվում կատարված մի շարք սպանություններին՝ կլիներ Բուդաղյանների, Ավետիսյանների գործը, թե այլ բան: Սա ինձ շատ տպավորել էր, հատկապես, որ Կոստանյանից փաստեր, ապացույցներ էր պահանջում: Որդուս սպանության դեպքից հետո ես նրան դիմեցի՝ որպես ԱԺ պատգամավոր, 2-3 անգամ հանդիպեցի, ներկայացրեցի Կոստանյանի կողմից կոծկած, խեղաթյուրված գործը, բացատրեցի եղելությունը:
Նա հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազին, ստացել էր խեղաթյուրված պատասխան, ու դա այդպես էլ մնացել էր թղթին: Ժամանակին ես նույնպես բարձրաձայնում էի այս ամենը, Սերժ Սարգսյանը լռում էր, նույնը նաև նոր իշխանության դեպքում է»,- եզրափակեց նա:
Անի Կարապետյան