«Դատարաններում տարիներով կուտակված արխիվները միջնադարի տպավորություն են թողնում». Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով ԲԴԽ վերջին վեց ամիսների աշխատանքները, տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից դատական համակարգում ներդրվելու է մշտադիտարկման համակարգ, որը հնարավորություն կտա հետևելու, թե որ դատարանում քանի գործ է մուտք եղել։

«Օպտիմալ կառավարման համար անհրաժեշտ է՝ ամեն օր հստակ լինի այն տեղեկատվությունը, թե դատարան քանի դիմում է ներկայացվել, դրանցից քանիսն է ընդունվել, քանի գործ է քննվելու, երբ է դատական նիստը, և այլն։ Նախկինում եթե փորձեինք այս ամենի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել, ապա օրեր կպահանջվեր, այդ պատճառով էլ որոշեցինք ներդնել մշտադիտարկման համակարգը, որպեսզի հնարավոր լինի հետևելու ամբողջ դինամիկային և դրա հիման վրա նվազագույնի հասցնել նաև գործերի քննության ժամկետները»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ նրա, հունվարի 1-ից հնարավոր կլինի անցնել նաև դատավորների ռեյտինգավորման՝ գնահատման,  որպեսզի նրանց նկատմամբ եթե լինում է վերաբերմունք, ապա այն լինի ոչ թե ընդհանրական, այլ հասցեական, և այդ մոտեցմամբ խնդիրներ լուծել։

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այսօր ցանկացած դատարան մտնելուց միջնադարի տպավորություն է թողնում՝ միջանցքներում տարիներ շարունակ կուտակված են արխիվներ, սա էլ՝ այն դեպքում,երբ դատարանները գրանտներ են ստացել այդ արխիվները թվայնացնելու համար։

Այս ամեենից զատ, Գագիկ Հարությունյանը խնդիրներ է տեսել նաև Դատական օրենսգրքում։

«Ցավոք, այնպիսի տպավորություն է, որ այս օրենսգիրքը կազմվել է բավականին հապճեպ, և այն կազմողները պրակտիկ հարցերի լուծումը շատ տեղերում չեն պատկերացրել կամ այնպես են պատկերացրել, որը գործնականում ավելի շատ խնդիրներ է առաջացել։ Դեռևս մայիսին այս օրենսգրքի հետ կապված հանդես ենք եկել 20-ից ավելի առաջարկություններով, դրանք ուղարկեցինք Արդարադատության նախարարություն, որն ամփոփեց և նրկայացրեց խորհրդարան, սակայն մինչև այժմ չի ընդունվել, հույս էլ չունենք՝ արդյո՞ք այն կընդունվի։ Մենք այժմ ստիպված ենք որոշակի հարցեր լուծել մենաբանությունների շրջանակներում»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Նաև հավելեց, որ համակարգային մոտեցման արդյունքում կարող են հասնել հաջողության, իսկ համակարգային մոտեցումը պետք է սկսեն պայմաններից, կառուցակարգերից, իրավական հիմքերից, և օպտիմալացնեն ընդանուր համակարգը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս