Հեղափոխությունը երկիր կառուցելն է

ԱԺ ընտրություններից հետո էլ կյանք է լինելու Հայաստանում: Եվ եթե բացառենք անսպասելի ներքին և արտաքին զարգացումները, ապա քաղաքականությունը կարող է մտել համեմատական կայունության փուլ, և այդ փուլում արդեն գլխավորը դառնալու են բովանդակային հարցերը՝ ինչպե՞ս ենք պատրաստվում վերակառուցել մեր երկիրը, ինչպե՞ս ենք պատրաստվում օգտագործել պատմական այն հնարավորությունը, որն այսօր մեզ տրված է:

Այս հարցադրումները չեն վերաբերում միայն կառավարությանը և ԱԺ ապագա մեծամասնությանը, այլ ողջ հանրությանը՝ անկախ քաղաքական բաժանումներից: Եթե քաղաքական նվազագույն իսկ փորձը մի բան ապացուցում է, ապա դա քաղաքական ամեն տվյալ պահի բաժանումների պայմանականությունն ու փոփոխականությունն է, քաղաքական ընկերության և թշնամանքի անցողիկությունն է:

Երբ ասում ենք՝ պատմական հնարավորություն, սա էլ վերաբերում է բոլորին՝ ոչ միայն հեղափոխության կողմնակիցներին, այլև հակառակորդներին իսկ: Ինչո՞ւ: Անկախ այս կամ այն մարդու, խմբի վերաբերմունքից տեղի ունեցածին, համաձայնենք, որ որևէ համակարգի կյանքում «վերաթողարկումը», «ռեստարտը», իրավիճակի բացումը միշտ էլ ինքնին հնարավորություն է: Բաց իրավիճակը հնարավորություններ է բացում բոլորի, այլ ոչ միայն՝ այն սկզբնապես բացողների համար: Նույնիսկ արտաքուստ պարտվածները կարող են շատ բան շահել, եթե ի զորու լինեն ստեղծագործաբար և համարձակորեն գործել:

Որևէ կառավարություն չի կարող էապես ավելին լինել, քան այն հանրությունը կամ հանրային շերտերը, որոնցից ինքը ծնվել է, և որոնց ինքը ներկայացնում է: Մեկ-երկու քայլ առաջ լինել պարտավոր է, բայց մի քանի գլուխ բարձր լինել չի կարող: Հետևաբար՝ հնարավոր չէ որևէ՝ լավ կամ վատ կառավարությունից սպասել մի այնպիսի ֆանտաստիկ, չտեսնված քաղաքականություն, ծրագիր,  հայեցակարգ, որը հանրության մեջ մինչ այդ գոնե մոտավորապես քննարկված չլինի:

Ցավոք, այս առումով շատ լավատես լինել չենք կարող: Բայց այսօր էլ ուշ չէ ահագին բան շտկելու:

Ի՞նչն է խնդիրը:

Տարիների ընթացքում քննադատելով նախորդ իշխանությանը, առավել հաճախ՝ արդարացիորեն, որոշ դեպքերում՝ բնականորեն չափազանցնելով, մենք այդ քննադատությամբ շատ հազվադեպ ենք դուրս եկել զուտ ֆորմալի շրջանակներից. բովանդակային այլընտրանքի առաջարկները, նույնիսկ պատկերացումները շատ թույլ են եղել: Սա ընդունենք նախ՝ որպես ինքնաքննադատություն, այլ ոչ թե մեղադրանք՝ ուղղված այլոց, քանի որ տողերիս հեղինակն էլ իր, այսպես ասած, «հանրային կարիերան» տարիներ շարունակ կառուցել է հենց ակտիվ քննադատության շուրջ:

Ֆորմալիզմի մասին պնդումը բացատրության կարիք ունի:

Տարիների ընթացքում միակ ծրագիրը, որը փաստացի ներկայացվել է հանրությանը, եղել է այն, որ`

ա) պետք է վերացնել «վատ բաները», նախ՝ կոռուպցիան, մենաշնորհները՝ քաղաքական և տնտեսական, ընտրակեղծիքները, և այլն,

բ) պետք է ապահովել օրենքների խստագույն գործածություն: Երբ վերացվեն մենաշնորհները, այլևս չկեղծվեն ընտրությունները, կոռուպցիան կտրուկ նվազի, բոլոր օրենքները գործեն, ապա մնացած ամենը կստացվի ինքն իրենով՝ կձևավորվի քաղաքական դաշտ, բիզնեսը կծաղկի, կավելանան արտասահմանյան ներդրումները, և այլն, և այլն: Կարելի է պատկերացնել, որ նույնիսկ կառավարության կարիք էլ այլևս չի լինի, կամ կառավարության գործառույթը կլինի ընդամենն օրենքներն ու խաղի կանոններն ապահովելը՝ զուտ, այսպես ասած, վերահսկողական, ոստիկանական գործառույթ, մեկ էլ՝ արտասահմանցի ներդրողներին դիմավորել-ճամփելը: Դե բա, եթե ամեն բան պետք է լինի ինքն իրենով, ապա իրոք կառավարության՝ որպես քաղաքական առաջնորդող մարմնի, կարիք չի էլ կարող լինել:

Մեր այս թեթև հեգնանքից նեղվել պետք չէ: Ոչ էլ թերագնահատում ենք օրենքի գերակայության ապահովումը: Պարզ է ինքնին, որ, օրինակ, եթե ներկա կառավարությունն այսքանն էլ իրացնի՝ ազատ ընտրություններ, կոռուպցիայի նվազում և այլն, և այլն, ապա միայն դրանով իսկ կմտնի պատմության մեջ: Այս խնդիրների կարևորությունը թերագնահատելն իսկ դժվար է: Բայց խնդիրն այն է, որ դա, միևնույն է, դեռ բավական չէ ո՛չ երկիր ոտքի կանգեցնելու, ո՛չ հեղափոխելու մեր կյանքը, ոչ էլ, առավել ևս, թռիչք ապահովելու կամ առաքելություն իրացնելու համար, եթե հիշատակենք այն հասկացությունները, որոնք սովորական են դարձել այսօր:

Ինքն իրենով չի ձևավորվելու ոչ քաղաքական դաշտ, ոչ թռիչքաձև աճող տնտեսություն, ոչ իրապես ազատ մամուլ, ոչ էլ այլ որևէ բան: Բուն հեղափոխությունը երկիր կառուցելն է՝ համակարգ առ համակարգ, փուլ առ փուլ, այլ ոչ թե միայն վատ բաները վերացնելը և օրենքի գործածության ապահովումը:

Խնդիրը բարդանում է նրանով, որ խնդրո առարկա մտածողությունը, որը քաղաքականությունը փաստորեն նվազեցնում է՝ ընդհուպ մինչև զուտ իրավական և ոստիկանական գործառույթներ, միայն Հայաստանում չէ արմատավորված, և, առավել ևս, Հայաստանում չի ծագել, այլ այսօրվա համաշխարհային միտումն է արտահայտում, որը մենք ընդամենը փոխառել ենք: Միգոցե դա խնդիր չէ եվրոպական երկրներում, ուր բոլոր համակարգերը վաղուց կառուցված են և գործում են: Բայց Հայաստանի պես երկրում խնդիրը չի կարող լինել միայն ձևական, քանի որ մենք ունենք երկիր կառուցելու մեծ նպատակ:

Մեզանում քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն պայմանների, հնարավորությունների ապահովմամբ, այլ պետք է լինի ստեղծագործ, առաջնորդող: Եվ խոսքը նրա մասին չէ, որ կառավարությունը կմշակի, ասենք, ներդրումների ծրագիր կամ, չգիտեմ, կբարելավի հարկային օրենսգիրքը: Խոսքը նրա մասին է, թե արդյոք կունենա՞նք երկիր կառուցելու ծրագիր: Եվ ոչ թե միայն կառավարությունը կունենա կամ չի ունենա, այլ մե՛նք հանրային ընդհանուր ներուժ կունենա՞նք՝ այդպիսի մեծ նպատակ թեկուզ միայն ձևակերպելու համար: Դրա համար նախ՝ պետք է ձերբազատվել մեզ սահմանափակող պատկերացումներից: Եթե դա արվի, եթե կազմաքանդվեն մեզ դեռ 90-ականներից պարտադրած հետսովետական լիբերալիզմի կարծրատիպերը պետության դերի մասին, ապա մնացածը հեշտ է լինելու՝ ազատագրված ստեղծագործական ներուժը կանի իր գործը:

Այսօր այդ իմաստով ունենք հակասական վիճակ:

Երբ կառավարության ներկայացուցիչները խոսում են առաքելության, թռիչքի, հայկական ուրույն հասարակարգի, բացարձակ ինքնատիպ հայկական հեղափոխության մասին, դա հույս է ներշնչում: Բայց երբ նույն կառավարությունը միաժամանակ խոսում է իրենց դարն ապրած կաղապարներով՝ ամբողջ խնդիրը տեսնելով միայն պայմաններ, հնարավորություններ, օրինականություն ապահովելը, ապա մեծ հակասություն է առաջանում երկու այդ մոտեցումների միջև: Առաքելությունը, թռիչքը, հեղափոխությունը, ուրույն հասարակարգը ենթադրում են ավելին, քան զուտ պահպանողական՝ միայն ապահովագրական մոտեցումը:

Երկիրը, սակայն, ոչ թե կառավարությանն է միայն, այլ բոլորինս: Բոլորս պետք է ի զորու լինենք դուրս գալ նեղ կաղապարներից՝ դեպի հնարավորությունների լայնարձակ դաշտ:

Տեսանյութեր

Լրահոս