Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 23-ին առաջնագծում կրկին զինվոր է վիրավորվել

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին Դուշանբեում մասնակցել էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին, որտեղ կարճատև զրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման մեկնարկից առաջ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, որից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կողք կողքի քայլել են, տեսախցիկների առաջ մի քանի բառ են փոխանակել:

Այս մասին տեղեկատվություն տարածեց թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Ն. Փաշինյանը, ով, վերադառնալով Երևան, ֆեյսբուքյան ուղիղ եթերով կիսվեց հանդիպման իր տպավորություններով.

«Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,- նշել էր Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ Ի. Ալիևն իր վրա կրթված և դրական մարդու տպավորություն է թողել։

Իսկ արդեն հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, և անհրաժեշտության դեպքում ցանկացած տեղեկատվություն 30 րոպեի ընթացքում կհասնի Ալիևին, և՝ հակառակը։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով  Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված օպերատիվ կապին, ասաց, որ պետք է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի երկու կողմերի միջև ստեղծվի վստահության դաշտ։

«Քանի դեռ կողմերի միջև չի ստեղծվել վստահության դաշտ, անհնար է խոսել բանակցությունների վերսկսման, առավել ևս՝ որևէ արդյունքի հասնելու մասին։ Ալիևի հետ տեղի ունեցած վերջին զրույցը, մեծ հաշվով, չէի ասի, թե Արցախի հանրության շրջանում առաջացրել է լավատեսություն, սակայն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ, ամեն դեպքում, ողջունելի են»,- նշեց Տ. Աբրահամյանը։

Հարցին, թե այս ժամանակահատվածում որքանո՞վ է արդյունավետ եղել այդ օպերատիվ կապի հաստատումը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ հոկտեմբերի 23-ին Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ առաջնագծում հակառակորդի արձակած գնդակից հայ զինվոր է վիրավորվել։

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն այս անգամ ևս հավատարիմ չի մնա Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությանը և իր գործողություններով ոչ միայն խախտում է դրանք, այլև՝ առաջնագծում առաջացնում է լարվածություն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանը, թե Արցախի հիմնահարցի լուծումը դժվար է պատկերացնել առանց «գրավյալ որոշակի տարածքների վերադարձի», ԱՀ նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Միլսի հայտարարությունը հակասում է մինչև այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ներկայացվող հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ բառացի նշվում է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մեկ ամբողջություն են, և դրանց առանձին օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել։

«Այս տեսանկյունից այդ հայտարարությունը բավականին տարօրինակ էր, նաև՝ վերջին շրջանում ընդգծված հայտարարություններ են հնչում, որ «Մադրիդյան սկզբունքները» կոչվող այդ փաստաթուղթն այլևս արդիական չէ։ Եվ այս պարագայում տարօրինակ է, որ ԱՄՆ դեսպան Միլսն անդրադառնալով հակամարտության կարգավորմանը՝ որոշակի հայտարարություններ է անում, այսինքն՝ կոնտեքստից դուրս և ընդանուր փաթեթի տրամաբանությանը հակասող»,- նշեց Տիգրան Աբրահամայանը։

Ինչ վերաբերում է տարբեր վերլուծաբանների կողմից հնչող կարծիքներին, թե Ադրբեջանն օրեցօր զինվելով՝ պատրաստվում է կրկնել  2016 թվականի ապրիլյան պատերազմի սցենարը, Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ դժվար է ասել՝ Ադրբեջանը կգնա ապրիլյան պատերազմի՞, թե՞ մեկ այլ սցենարով, քանի որ ճանապարհները շատ են։

«Կարծում եմ՝ այդ վերլուծաբանները հաշվի են առել մի քանի կարևորագույն հանգամանք, որոնցից մեկը բանակցությունների փաստացի բացակայությունն է, երբ չկան բանակցություններ, ապա խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը կտրուկ աճում է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ որևէ քայլ չի արվում հարցը երկխոսության, բանակցությունների ճանապարհով կարգավորելու համար, և ձեռք բերված պայմանավորվածություների չկատարելն էլ խոսում է այն մասին, որ այդ երկիրն առանձնապես միտք չունի գնալ հարցի խաղաղ կարգավորման»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս