«Վաշինգտոնին, ինչպես Մոսկվային, առաջին հերթին հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական գործընթացի զարգացման հեռանկարը»
Սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ԱՄՆ ամենաազդեցիկ քաղաքական «բազե» համարվող Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան: Այսօր նա կլինի Հայաստանում:
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, Ջոն Բոլթոնը հանդիպումներ է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: «Ջոն Բոլթոնը հանդիպելու է վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ: Քննարկվելու է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- ասել էր նա՝ հավելելով, որ սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում: ԱՄՆ նախագահի խորհրդականը Հայաստանում հանդես կգա նաև մամուլի ասուլիսով:
Օրերս լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր վերջին շրջանում ԱՄՆ տարբեր պաշտոնյաների՝ Հայաստան կատարած կամ սպասվելիք այցերին, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին: «Ցավոք, ԱՄՆ-ի պարագայում մեր շփումներն այդքան ինտենսիվ չեն մինչ այս ժամանակը, հույս ունենք, որ առաջիկայում շփումները կինտենսիվացվեն: Չնայած օրերս այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը, և շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ պատրաստվում ենք ինտենսիվացնել մեր հարաբերությունները»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Թրամփի խորհրդականը տեղեկացրել էր, որ իր տարածաշրջանային այցի ընթացքում նախատեսում է գնահատել այն աշխարհաքաղաքական դերակատարությունը, որ այս երկրները ստանձնել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնք սիրիական հակամարտության կարգավորման երաշխավոր երկրներն են: Մինչ տարածաշրջանային տուրի մեկնարկը, Թրամփի խորհրդականը Մոսկվայում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ երկրի ամենաբարձր ղեկավարության հետ: Բոլթոնի այցի ամենադրական արդյունքը նոյեմբերին Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գագաթաժողովն անցկացնելու համաձայնությունն էր, որը Բոլթոնը հավաստել էր մոսկովյան մամուլի ասուլիսի ընթացքում: Ընդհանուր առմամբ, կողմերը թույլտվություն են ստացել միմյանցից ռուս-ամերիկյան բանակցություններն արդյունավետ որակել:
Մի շարք հայաստանյան և ամերիկացի փորձագետների կարծիքով՝ Բոլթոնի այցը պետք է ունենա նաև հայաստանյան օրակարգ: Ըստ նրանց, Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է պատրաստվեն այցին և ուղիղ կապեր հաստատեն ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկի` Բոլթոնի հետ:
«Որն է Բոլթոնի տարածաշրջանային այցի ամերիկյան օրակարգը» հարցին «168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, թե Ջոն Բոլթոնն ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականն է, ուստի նրա պաշտոնի բնույթն ինքնին հստակեցնում է ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասում, և մասնավորապես՝ Հայաստանում, նրա հետաքրքրությունների շրջանակը: Ըստ նրա, կարևոր է նաև նշել մի շատ կարևոր ցուցիչի մասին, որի վրա ուշադրություն են դարձնում փորձագետները` վերջին տարիների ընթացքում սա ամենախոշոր ԱՄՆ պատվիրակությունն է տարածաշրջանում:
Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ Վաշինգտոնին, ինչպես Մոսկվային, առաջին հերթին հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական գործընթացի զարգացման հեռանկարը, որը գտնվում է անկայուն վիճակում: Դրանից, նրա որակմամբ, շատ բան է կախված, այդ թվում՝ իրավիճակը ողջ տարածաշրջանում:
«Ինչպես բազմիցս Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, Հայաստանում արևմտյան ներդրումները ևս կախված են նրանից, որ իշխանությունն ամբողջական փոխանցված չէ մեկ ձեռքի: Տնտեսությունն այստեղ, ի դեպ, ինչպես և միշտ, ուղիղ կերպով կախված է քաղաքականությունից»,- նկատեց ռուս վերլուծաբանը:
Նա նշեց, որ Հայաստանի տարածքում են գտնվում նաև ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաները, որոնք ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում ոչ միայն Մոսկվայի, նաև Թեհրանի մոտ: Այս ասպեկտը ևս, նրա կարծիքով, Բոլթոնի իրավասությունների շրջանակում է:
«Առավել ևս, երբ արդեն տեսակետներ են հնչում այդ օբյեկտների նկատմամբ մի խումբ երկրների կողմից միացյալ տարածաշրջանային վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Նախագահ Թրամփը պետք է իր խորհրդական Բոլթոնի միջոցով հասկանա, թե ինչպիսին կլինի Երևանի, Բաքվի և Թբիլիսիի դիրքորոշումը Սպիտակ Տան կողմից Իրանի նկատմամբ ճնշումների ուժեղացման դեպքում: Էլ չեմ խոսում այն մասին, որ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը մեծապես կախված է լինելու դրանից` ավելի մասշտաբային քաղաքական սցենարից»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Տրոֆիմչուկը:
Վերջինս գտնում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել այդ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասը Ադրբեջանին: «Այդ ազդանշանն ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է` սկզբից ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից»,- ԱՄՆ աշխատակազմի քաղաքականության մասին ասաց Տրոֆիմչուկը:
Հաշվի առնելով Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները` Վաշինգտոնը, Տրոֆիմչուկի խոսքով, կարող է ակտիվացնել Երևանի և Թբիլիսիի հետ մերձեցման պրոյեկտը երկու մայրաքաղաքներում իշխանության փոփոխությունից հետո ողջ տարածաշրջանի լոգիստիկան փոխելու նպատակով` տրանսպորտային, տարանցիկ: Դա, նրա համոզմամբ, թույլ կտա ավելի լուրջ ազդեցություն գործել Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ:
«ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: ԱՄՆ-ը նաև նկատի է առնում Մերձավոր Արևելքի «շունչը», որը որոշակի հանգամանքներում կարող է զգալ նաև Հարավային Կովկասը, եթե այս երկրներն այնքան էլ համոզվող չլինեն, ինչպես Վաշինգտոնը կցանկանար»,- ասաց Տրոֆիմչուկը: