Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի թվային օրակարգը զարգացնելու քայլերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպես են զարգացնելու Եվրասիական տնտեսական միության տնտեսական օրակարգը: Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ընդգծեց, որ Միության անդամ երկրների նախագահները հաստատել են թվային օրակարգը և որոշել են առաջնահերթ ուղղությունները Եվրասիական տնտեսական միության համար: «Այդ օրակարգի շրջանակներում մենք երկրների վարչապետների որոշմամբ ստեղծել ենք թվային գրասենյակ, որում ներգրավվել են Միության անդամ 5 երկրների փորձագետները»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նա հավելել է, որ այդ գրասենյակը ընդունում է նախաձեռնություններ, այդ թվում նաև մասնավոր հատվածից: «Մենք այսօրվա դրությամբ ունենք 33 նախաձեռնություն, որոնցից 6-ն արդեն մշակվել են և մենք առաջարկում ենք սկսել դրանց իրականացումը, որովհետև արդեն կան կոնկրետ նախագծեր մեր օրենսդրության շրջանակներում, և դրանք պետք է իրականացնել»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը համաձայնել է դիտարկման հետ, թե հարկավոր է մտածել, թե ինչպե՞ս են իրականացնելու այդ նախաձեռնությունները, ինչպիսի՞ն է լինելու այդ գրասենյակի ապագան. «Մենք կարծում ենք, որ այդ գրասենյակի գործունեության առաջին փուլը համատեղ աշխատանքի մեխանիզմների ձևաչափի փորձարկումն է, իսկ երբ այդ ձևաչափը ցույց կտա իր արդյունավետությունը, հարկավոր է այն ինստիտուցիոնալիզացնել: Ավելին՝ մենք մեր ղազախ գործընկերներից առաջարկ ենք ստացել, որպեսզի գրասենյակը տեղակայվի Աստանայում, իսկ Ղազախստանի կառավարությունը հատկացնում է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի գրասենյակն արդյունավետ աշխատի: Ես կարծում եմ, որ սա մեր առջև կանգնած առաջնային առաջադրանք է»,- ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգը արագ և արդյունավետ իրականացնել, որովհետև բիզնեսի սպասումները շատ մեծ են իրենց գործունեությունից: «Մենք այսօր արդեն բիզնեսի կողմից քննադատություն ենք ստանում նրա համար, որ դանդաղ ենք իրականացնում մեր թվային պարտավորությունները: Մասնավորապես, մենք ընդունել ենք Հարկային օրենսգիրք, որում ֆիքսված են թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ առաջնային մեխանիզմները և բիզնեսը հիմա պահանջում է, որ այդ տեխնոլոգիաները ներդրվեն: Մասնավորապես, էլեկտրոնային եղանակով հեռակա հայտարարագրման մեխանիզմը կտրուկ կբարձրացնի բիզնեսի աշխատանքը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, և բիզնեսը դժգոհում է, որ մեր երկրների գործադիր իշխանությունները ձգձգում են այս մեխանիզմի իմպլեմենտացումը»,- ընդգծեց Սարգսյանը: