Ի՞նչ կապ ունի Արցախի հարցը արտահերթ ընտրություների հետ
Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մինչև տարեվերջ, դրա թիկունքում դավադրության փնտրտուքի անվան տակ մի նոր տեղեկատվական գրոհ է սկսվել։ Վերջինս կրկին պտտվում է հնամենի ավանդույթի վերածված և մանիպուլյացիոն նպատակների համար մշտապես գործածելի Արցախյան հակամարտության շուրջ։ Իսկ նպատակը պարզ է՝ արժեզրկել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները և անվանարկել հասարակության աջակցությունը վայելող իշխանությանը՝ ազդելով հասարակության բնական վախերի վրա։ Խնդիր է դրված խաթարելու ներպետական հարաբերությունների քաղաքական բնույթի ձևակերպումը՝ պահպանելով կեղծ օրակարգը, որի տրիրակայող մտայնության պարագայում է հնարավոր նախկին տեղատվության վերականգնումը։
Ընդհանրապես, Արցախի հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում միշտ էլ եղել է իշխանության ձևավորման կամ ավելի ստույգ՝ իշխանության լեգիտիմության աղբյուր։ Սա թույլ էր տալիս գործընթացներն ընկալել ԼՂ հակամարտության ու պետական իշխանության փոխադարձ կապվածության տեսանկյունից, երբ կառավարող լծակների տիրապետող էլիտան չէր փոխվում՝ կրելով սոսկ ներքին վերադասավորումներ։ Սակայն 2018թ․ հեղափոխական գործընթացը փոխեց այդ կարծրացած ստատուս-քվոն, երբ իշխանության գաղափարա-քաղաքական հենարանը դարձավ ոչ թե Արցախի հակամարտությունը, այլ ժողովրդավարական ու ազատ պետություն ունենալու հարցը։ Սա չափազանց կարևոր տարորոշում էր, որ, այսպես ասած, դեմարկացիայի ենթարկեց ներքաղաքական գործընթացների զարգացման երեսնամյա պատմությունը։ Հայաստանում նախորդ բոլոր քաղաքական հրապարակային շարժումները, կրելով հանդերձ ժողովրդավարական ու ազատ պետության կառուցման կարգախոսը, ձախողվում էին՝ անկարող լինելով առանց իշխանական լծակների ինստիտուցիոնալիզացնել ժողովրդավարությունը։ Արդյունքում՝ ՀՀ-ում ներքաղաքական ու միջկուսակցական հարաբերությունները շարունակաբար հանգում էին Արցախյան հակամարտությանը։ Սա, որոշ առումով օրինաչափ էր՝ հաշվի առնելով հակամարտության ընթացիկ վիճակն ու ցանկացած պահի սրման իրական հավանականությունը։ Եվ այս տեսանկյունից արտաքնապես զարմանալի չէր թվում նաև այնժամյա իշխանության փաստարկը՝ ցանկացած հարց առնչակցել Արցախյան հակամարտությանը և դրանով հիմնավորել իշխանավարության իրավունքը։
Արցախը պայմանավորել է Հայաստանի քաղաքական օրակարգը՝ լինելով Հայաստանի անկախության շարժման ակունքը։ Այդպիսի օրակարգը կարելի է պայմանականորեն անվանել «արցախյան օրակարգ», երբ ներքին քաղաքական բոլոր հարցերը ստորադասվում էին Արցախի հարցին, իսկ կոնկրետ պահից ի վեր՝ ածանցվում, ապա՝ բխում դրանից։ Արցախյան հարցով մեկնարկեց 1988թ․ Շարժումը, որը, վերափոխվելով անկախության շարժման, իր հիմքում արդեն արցախացած էր։ Իսկ արդեն Հայաստանի անկախ պետականության հաստատումն ուղեկցվեց Արցախյան պատերազմով՝ Արցախն ավելի ևս դարձնելով Հայաստանի ներքաղաքական հարաբերությունների անբաժանելի մասը։ Պատահական չէ, որ 1992-94թթ․ Հայաստանի ներքաղաքական հարաբերությունները փոթորկվում ու մեղմանում էին՝ գերազանցապես պայմանավորված Արցախյան ճակատում ընթացող ռազմական գործողություններով։ Հայաստանի ներքաղաքական՝ արցախացած օրակարգն էր, որ հանգեցրեց 1998թ․պալատական հեղաշրջմանը, ու այդժամ ձևավորված իշխանությունն Արցախի հարցը վերածեց իր համար իբրև կենսունակության աղբյուրի։ 1996թ․ հետընտրական իրադարձությունները ՀՀ ներքաղաքական կյանքում այն աստիճան սասանեցին ժողովրդավարության՝ որպես պետական քաղաքականության գաղափարի դիրքերը, որ առաջացած վակուումն ամբողջությամբ լցվեց Արցախի հարցով և Հայաստանի քաղաքական կյանքը դարձրեց հակամարտության պատանդը։ Արցախը դարձավ Հայաստանում նվաճված իշխանության պահպանման, դրա համար անհրաժեշտ գաղափարական հիմնավորումների և ընդհուպ նույնիսկ՝ ցանկացած ապիկարության արդարացման խաղաքարտ։
Հատկանշական է, որ Արցախը՝ որպես հաղթաթուղթ, օգտագործվեց Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի հիմնավորման համար։ Ավելին, եթե վերջինիս դեպքում դրա միջոցով «փաստարկվում» էր իշխանավարության իրավունքը, ապա անմիջապես հաջորդիվ փորձ արվեց Արցախի հարցն օգտագործել Թավշյա հեղափոխության դեմ։ Ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերին՝ նախ մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արցախյան ճակատում պատերազմի սպառնալիքի մասին բարբառում էին այդ շրջանի իշխանության «արտահաստիքային չեզոքները», իսկ մայիսի 1-ին վարչապետի ընտրության առաջին փուլում՝ արդեն հանրապետական պատգամավորները։ Իշխանության պահպանման վերջին փորձերը նույնպես անցան արցախյան խրամատներով, երբ ԱԺ մի շարք պատգամավորներ (ոչ ամենևին պատահական անձինք) խոսում էին արցախա-ադրբեջանական շփման գծի «խիստ» լարված դրության մասին։ Այսպիսով, փաստելի է, որ իշխանության փոփոխությունը կանխելու վերջին քայլը կրկին կապվեց Արցախի հետ՝ օգտագործելով այն որպես ճարահատյալ փրկօղակ կամ վերջին հույս (last resort)։
Միամտություն կլիներ, անշուշտ, կարծել, որ հեղափոխության առաջին փուլում Արցախի հարցի արծարծման միջոցով քաղաքական շահախնդրությունների հեղինակների ձախողումը հուշելու էր փոխել մարտավարությունն ու հրաժարվել հին գործիքակազմից։ Արցախի հարցը մշտապես շահարկող շրջանակներն արդեն «ընդդիմության» կարգավիճակում փորձեցին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի առաջադրումը կապել հակամարտության հետ։ Կարճ ժամանակում գործնականում դրսևորվեց առնչակցության բացարձակ արհեստածին բնույթը, ինչը ստիպեց դրա հեղինակներին առժամանակ հրաժարվել չաշխատող քարոզից։ Այժմ խորհրդարանական արտահերթ անխուսափելի ընտրությունները խափանելու անընդունակ շրջանակները կրկին վերադառնում են հին մոնոլոգին՝ նպատակադրված ստվեր նետելու ընտրություների վրա՝ Արցախի թիկնուքում դավադրություն բացահայտելու միջոցով։
Հասարակության աչքում ընտրությունները բացասական լույսի ներքո ներկայացնելու թերևս միակ ճանապարհը կրկին անցնում է «հող հանձնելու» մասին շահատակությունների միջով։ Այսօր նպատակադրված և ուղղորդված փորձեր են արվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կապելու արցախյան բանակցություններում խմորվող ինչ-որ դավադրության հետ, որը իբր գործադրելի է լինելու իշխանության ամբողջական փոփոխությունից հետո։ Այդ դավադրությունների թեզերը կարծես անբաժան են Հայաստանի ներքաղաքական օրակարգից՝ դեռևս 1990-ական թթ․ սկզբին ընթացող ռազմական գործողություների օրերից։ Դրա վրա քաղաքական կապիտալ կառուցել, իհարկե, չի ստացվել (բացառությամբ 1998թ․, որն էլ իր հերթին այլ օպերայից էր)։ Փոխարենը, որն էլ պակաս կարևոր չէ այս դեպքում, դրա միջոցով հեռանկարում հաջողվում է վնաս հասցնել թիրախում հայտնված գործչին (շրջանակին)՝ կասկածամտություն սերմանելով հասարակական որոշ խավերի շրջանում, ինչպես նաև շեղելով ուշադրությունը առկա իրական խնդիրներից։
Ինչպես այնժամ, այսօր նույնպես «Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ» է։ Թեև վարչապետը տրամաբանական հիմնավորումներ է ներկայացրել դավադրությունների բացառման մասին, արցախացման օրակարգի ջատագովները դժվար թե դադարեցնեն իրենց վնասարարությունը։ Արցախի հարցի այսօրինակ շոշափումն ու դավադրությունների մասին ակնարկների հիմնական նպատակը ընտրությունների արժեզրկումն է։ Ներկայումս հնարավորություն է ստեղծված ավելի քան երկու տասնամյակ հետո անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնք ոչ միայն հանդիսանալու են նոր իշխանության լեգիտիմության աղբյուրը, այլև պոտենցիալ ունեն դառնալու Հայաստանի կուսակցական ու քաղաքական համակարգի ձևավորման հիմքը։ Այդժամ Արցախի հարցը կդադարի իշխանության լեգիտիմության աղբյուր լինելուց՝ կրկին վերածվելով Հայաստանի առջև ծառացած լուծման կարիք ունեցող խնդիրներից մեկին և ազատված լինելով անհարկի ֆետիշացման, մանիպուլյացիայի ենթարկվելու, քաղաքական շահարկումների գործիք լինելու ավանդականությունից։ Նորմալ ընտրությունների պարագայում Հայաստանի իշխանությունը վերջնականորեն ազատվում է լեգիտիմության բարդույթից, քաղաքականությունը դադարում է «ապաքաղաքական» լինելուց, առարկայական հնարավորություն է ստեղծվում պետական մարմինների ինստիտուցիոնալ կայացման համար։ Իսկ դա, անշուշտ, ձեռնտու չէ Արցախի հարցի շահարկմամբ ինքնանպատակ իշխանավարության սովոր շրջանակներին։
Նժդեհ Հովսեփյան