Բաժիններ՝

Խնդիրը կա, լուծում  չկա. դպրոցներում տարրական դասարանների դասագրքերի բովանդակությունն ու մասնագետների արձագանքը

Վերջին շրջանում հայ իրականության մեջ ամենահաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք հայ գրականության մեջ չկան այնպիսի մանկագիրներ, որոնց ստեղծագործությունները կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցների տարրական դասարանների մայրենիի դասագրքերում, որպեսզի երեխաները չսովորեն այն անճաշակությունները, ինչ այսօր առկա է այդ դասարանների դասագրքերում։ Այս հարցը հենց այնպես չի տրվում, քանի որ հաճախ ենք տեսնում, երբ համացանցում այս կամ այն անհատի կողմից հրապարակվում է մանկական բանաստեղծություն, որը ոչ այլ ինչ է, քան անհասկանալի բառերից կազմված նախադասությունների շարան։

Վերջին թարմ օրինակը երկրորդ դասարանի դասագրքում տեղ գտած բանաստեղծ Պատվական Խաչատրյանի  «Իմ հերոս պապը» բանաստեղծությունն էր և դրա նկարազարդումը, որը հարուցել էր ծնողներից մեկի զայրույթը, ով նշել էր, որ նման ձևով, դաստիարակելու փոխարեն՝ կարող են միայն խեղել երեխաների մտածելակերպը։

Սա միայն նմանատիպ օրինակներից մեկն է, իսկ այդպիսիները բազմաթիվ են։

168.amի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադառնալով այս խնդրին՝ նկատեց, որ 40 տարի շարունակ խոսել է այդ խնդիրներից, և եթե ոլորտում որոշ բաներ էլ տեղաշարժվել են, նաև իր պայքարի շնորհիվ է եղել։

«Սա մեծ խնդիր է մեզ համար, մեր Կրթության և գիտության նախարարությունը երբ մրցույթներ է անցկացնում, այնտեղ ընդգրկված չեն գրողներ։ Այս հարցը մենք քննարկել էինք ԿԳ նախորդ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, նա հանձն էր առել, որ հանձնաժողովներում կընդգրկի գրողների, որոնք բանաստեղծական ճաշակ ունեն և պատահական որևէ ստեղծագործություն չեն ընդգրկի դասագրքերում։ Այո, այն, ինչի դեմ պայքարում էինք 40 տարի, այսօր կրկին վերադառնում է։ Խոսքը միայն դասագրքերի մասին չէ, ամբողջ մանկապատանեկան գրականության անվան տակ տպագրվում են կիսագրագետ բանաստեղծություններ, ում ձեռքին փող է հայտնվում, մանկական գիրք է տպագրում։ Միշտ հրատարակիչներին հորդորել եմ, եթե գիրք են հրատարակում, ուրեմն պետք է ունենան ճաշակով խմբագիր, որը կիմանա՝ տվյալ գիրքն անհրաժե՞շտ  է մանուկներին, թե՞ ոչ»,- ասաց ՀՀ գրողների միության նախագահը։

Նրա խոսքով՝այսօր ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում է այս խնդիրը, և մանկական գրականություն են մուտք գործում վամպիրների, սատանաների, մարդկանց սեռերի վերաբերյալ թեմաներ, ինչն էլ երեխաներին գցում է այն շփոթ վիճակի մեջ, որում այսօր գտնվում են։ Եվ սա աշխարհում տիրապետող անհասկանալի երևույթ է դարձել։
«Այս համատարած անճաշակության դեմ պետք է պայքարել ճաշակով գրականությամբ, եթե ճաշակով գրողին չեն տպագրում, նրա ստեղծագործությունները չեն տարածում, բնականաբար, ոտքի են կանգնում անտաղանդները։ Ժամանակին մենք բազմաթիվ ընտրանիներ ենք հրատարակել, այսօր դրանց վերահրատարակման խնդիրը պետք է բարձրացվի, գրադարաններում այդ լավ գրքերն արդեն պատառոտվել են, սա մեծ խնդիր է, որին անվերջ անդրադառնում ենք։ Վերջին 25 տարիներին ընտանեկան թեմայով մեկ ֆիլմ չի նկարահանվել երեխաների համար, ընդհանրապես ժամանակակից լավ գրողների ստեղծագործություններով ոչինչ չեն ստեղծվում, հեռուստաեթերով մանկական հաղորդումներ գրեթե չկա։ Միշտ ասել եմ, եթե Վիլյամ Սարոյանը ծնվեր Հայաստանում, մահանալուց հետո նրան որևէ մեկը չէր իմանար, սա է մեր երկիրը։ Բոլորն անտարբեր են, հետո բողոքում են, թե խնդիր ունենք, սա իրականությունն է»,- եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը։

Ըստ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր,  գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի, դպրոցական դասագրքեր կազմելիս խմբում ներառվում են հոգեբաններ, մանկավարժներ, ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, որոնք պարտավոր են այնպես անել, որ գրքերը նմանատիպ խնդիրներ չունենան։

«Աբսուրդ է, եթե մտածում են, թե չկան լավ մանկագիրներ, բնականաբար կան, բայց յուրաքանչյուր դասագիրք կազմող իր ճաշակի, պատկերացումների, մեթոդների հայեցակարգով է ընտրում այն բանաստեղծություններն ու մյուս ստեղծագործությունները, որոնք պետք է զետեղվեն դպրոցական դասագրքերում։

Եթե այսպիսի խնդիրներ կան, պետք է ներկայացվի այն մարդկանց, որոնք այդ դասագրքերը երաշխավորել են, որպեսզի դպրոցում լինեն»,- շեշտեց Ա. Նիկողոսյանը։
Ինչ վերաբերում է Պատվական Խաչատրյանի բանաստեղծությանը, մեր զրուցակիցը նշեց, որ այն չի համարում վատ բանաստեղծություն, և դրա շուրջ համացանցում ստեղծված աղմուկը, ըստ նրա, արհեստական է։

«Ընդհանրապես նույն ֆեյսբուքյան տարածքում շատ բաներ են ծաղրվում, որն իրականությանը չի համապատասխանում, որովհետև հավաքվում են ինչ-որ մարդիկ և սկսվում են ծիծաղել։ Պատվական Խաչատրյանի այդ նույն բանաստեղծությունը ժամանակին ես նույնպես անցել եմ դպրոցում։ Անգիր եմ սովորել, այն հուզիչ բանաստեղծություն է, որովհետև այն երեխաներին հիշեցնում է, որ եղել է նաև պատերազմ, շատ մարդիկ զրկված են եղել իրենց հայրերից, և այլն։ Այժմ մենք այնպես ենք սարքել, որ մարդկային ցանկացած բան դնում ենք մի կողմ և արհամարհում ենք։ Այլ հարց է, որ այդ բանաստեղծության համար ընտրված նկարը մի քիչ անշնորհք և անճաշակ էր։ Իհարկե, դասագրքերում խնդիրներ տեսնում եմ բովանդակային առումով, բայց երբեմն այդ քննադատությունն ուղղակի չափն ու սահմանն անցնում է, և դրանց իմաստը չեմ հասկանում»,- ասաց գրականագետը։

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ դասագիրք ստեղծելը լուրջ գործ է, հատկապես ցածր դասարանների համար դասագիրք ստեղծելիս պետք է ցուցաբերվեն լրջագույն մոտեցումներ։

«Դասագրքերի ստեղծումը մասնագետների համատեղ ջանքերի արդյունք պետք է լինի՝ հաշվի առնելով երեխաների հոգեբական զարգացման տվյալ փուլը, այն արժեքային համակարգը, որը փոխանցվում է երեխաներին առաջին գրքերի միջոցով, և այլն։ Այսօր մեր կյանքն այնքան անճաշակություններով է լցված, և այն մեր կյանք է գործել այնպիսի հիմնավոր կերպով, որ երեխան հեռուստացույցը միացնում է՝ տեսնում անճաշակություն, փողոցում՝ անճաշակություն, բակում՝ նույնը։ Կոնկրետ դպրոցական դասագրքերի հետ կապված  պետք է տեղի ունենա ուսումնասիրություն, և տեղ գտած թերությունների մասին բարձրաձայնվի, և դրանք շտկվեն, քանի որ երեխայի հետ գործ ունենալն այդքան էլ հեշտ բան չէ»,-  նշեց հոգեբանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս