Բաժիններ՝

Հայաստանը միջազգային գիտական ոլորտում պետք է ունենա իր տեղը

«Հայաստանը միջազգային գիտական ոլորտում պետք է ունենա իր տեղը: Օրինակ՝ նորագույն տեխնոլոգիաների, տիեզերքի ուսումնասիրության առումով»,- ԱՊՀ գիտնականների II ֆորումի շրջանակներում ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:

Նա շեշտեց, որ  կա խնդիր՝ երիտասարդ գիտնականների հետ կապված:

«Միայն ԱՄՆ-ում է, որ գիտնականները մնում ու աշխատում են, չկա տարիքային բաժանում: Նպատակ ունենք Հայաստան վերադարձնել արտերկրում աշխատող գիտնականների: Ունենք նաև երիտասարդ գիտնականների աջակցության հետազոտական ծրագրեր, երբ որ հետազոտական խումբն առնվազն բաղկացած է երեք հոգուց: Կարևորում ենք  30-ից ցածր տարիք ունեցողների ներգրավումը: Պարտադրում ենք, որպեսզի պետական բյուջեի կողմից թեմատիկ ֆինանսավորման դեպքում առնվազն  մեկ երիտասարդ գիտաշխատող ընդգրկվի»,- նշեց Վարդան Սահակյանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալի փոխանցմամբ՝ հայերը գիտական ոլորտում առաջին հերթին աշխատում են ԱՄՆ-ի, ապա նոր՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի հետ:

Նա կարևորեց նաև համատեղ գիտական կենտրոնների ստեղծումը, ակտիվ համագործակցությունը:

Նշենք, որ Երևանում ընթացող ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումի հիմնական նպատակն է՝ ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, մշակել առաջարկություններ՝ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նպաստել  ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս