Ամեն մի փոքր քայլից հետո մեր առջև կբացվի նոր հնարավորություն
Ճշմարիտ հավատքը ենթադրում է խոսքի ու գործի ներդաշնակություն: Սա քրիստոնեական կարևոր սկզբունքներից մեկն է: Իհարկե, կարևոր են քրիստոնեական գիտելիքները, սակայն այդ գիտելիքների ճշմարտացիությունը պետք էփաստել գործերով ու կյանքի փորձառությամբ: Այս կերպ մենք կկարողանանք հասկանալ` ինչ է քրիստոնեությունը:
Մեզանից շատերի մոտ հավատքը հաճախ հիմնված է նախնիների սովորույթների և ավանդույթների վրա. հաճախ ենք լսում՝ ես հայ քրիստոնյա եմ: Բայց ո՛չ հայ, ո՛չ էլ քրիստոնյա լինելու համար միայն անունը բավական չէ: Մենք պետք է լավ հասկանանք հայ լինելու արժեքը, չէ՞ որ հայ լինելու համար մեր նախնիները իրենց կյանքն են զոհաբերել, որ մենք այսօր ապրենք ստեղծագործ կյանքով:
Գնում ենք եկեղեցի, որովհետև կարգն այդպիսին է կամ երեխային մկրտում ենք, քանի որ կարգն այդպես է պահանջում, բայց թե ինչու՞ է կարգն այդպես պահանջում կամ ո՞րն է դրա գլխավոր խորհուրդը, թերևս, շատերին այնքան էլ չի հետաքրքրում:
Բնական է` կա գիտելիքների պակաս, սակայն դա կարելի է շտկել` մասնակցելով եկեղեցիներում ամեն օր իրականացվող քարոզներին, դիմելով քահանաներին, մասնակցելով համայնքային կյանքին: Սակայն ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից: Եթե գիտենք քրիստոնեական թեկուզ մեկ կամ երկու պատգամ՝ սիրի՛ր եղբորդ, ների՛ր, բարին գործի՛ր, վարվի՛ր դիմացինի հետ այնպես, ինչպես կկամենաս, որ քեզ հետ վարվեն և այլն, սկսենք այդ պատգամներն իրագործել առանց որևէ ակնկալիքի, առանց ցուցամոլության: Ամեն ինչ սկսվում է այդ փոքր քայլերից: Ամեն մի փոքր քայլից հետո մեր առջև կբացվի նոր հնարավորություն ևս մեկ փոքր քայլի ու այսպես մինչև հավիտենություն:
Մարդիկ հաճախ են գանգատվում, թե դժվար է ապրել իրական քրիստոնյայի կյանքով. այն դժվար և պատասխանատու ճանապարհ է: Իհա՛րկե, այդպես է, բայց իրականում շատ ավելի հեշտ է ապրել հավատքի կյանքով, քան մենք պատկերացնում ենք: Մենք չափազանցնում ենք, որովհետև շեշտը դնում ենք մեծ գործերի և մեծ զոհողությունների վրա: Մեզ թվում է՝ մի մեծ սխրանք պիտի գործենք լավ քրիստոնյա լինելու համար, բայց այս կերպ ամեն բան բարդացնում ենք:
Կյանքը ավելի լեցուն է մանրուքներ թվացող իրողություններով, որոնց հանդիպում ենք ամեն վայրկյան: Սակայն մենք դրանք անտեսում ենք: Կարևոր է ուշադիր լինել հենց մանրուք թվացող այդ իրողություններին: Կարևոր է հասկանալ, որ կյանքում չկան մանրուքներ, որոնք պետք է անտեսել: Չէ՞ որ հենց այդ «մանրուքներով» է կառուցվում մեր կյանքն ու դրսևորվում մեր հավատքը: Մանրուք ասելով հասկանում ենք փոքր, աննշան թվացող գործերը:
Քրիստոնեությունը դրսևորվում է այդ փոքր թվացող իրողությունների մեջ: Հավատարիմ պետք է լինել փոքրի մեջ. սա ամենապարզ ու մատչելի միջոցն է Աստծուն մոտենալու ու ճանաչելու և, առհասարակ, հոգևոր կյանքով ապրելու համար:
Ի վերջո պետք է հասկանալ, որ հասարակական մի շարք երևույթների շարքում հավատքը հերթական գաղափարախոսություններից մեկը չէ. հավատքը կյանք է, որ պետք է ապրել:
Մարիետտա Խաչատրյան
Qahana.am