Ղարաբաղյան բանակցությունները՝ հասարակական մակարդակո՞վ

Հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այսօր նույնքան տարբեր է, որքան եղել է մինչեւ «թավշյա հեղափոխությունը»: Վերլուծաբանների կարծիքով, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ելույթները Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Այսպես, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե Բաքուն հրաժարվում է բանակցել ղարաբաղյան կողմի հետ, ապա հետաքրքրված է միայն տարածքներով, մինչդեռ դրանց բնակչության ճակատագիրն Ադրբեջանին չի հետաքրքրում.

«Այսպիսով, բացահայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն է հայերին էթնիկ զտումը, ինչպես դա արեցին Նախիջեւանում: Իսկ Ղարաբաղի համար Ադրբեջանի մաս կազմելը կատարյալ բնաջնջում կնշանակի»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր կողմից մեղադրեց հայկական կողմին իրավիճակը սրելու եւ սադրանքների մեջ՝ հայտարարելով, թե իբր Հայաստանը, Մամեդյարովի խոսքով, «օկուպացված Ադրբեջանի տարածքներում» սիրիահայերի է բնակեցնում: Ղարաբաղյան որեւէ կարգավորման տարբերակ, որը կխախտեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհնար է, շեշտեց Ադրբեջանի արտգործնախարարը:

Ստեղծված իրավիճակում, կողմերի ակնհայտ հակասությունների պայմաններում, միջնորդների լավագույն քայլը կլիներ քաղաքացիական դիվանագիտության անցնելը՝ շփումներ խթանելով հակամարտող կողմերի ոչ պաշտոնական, հասարակական կազմակերպությունների միջեւ, նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն.

«Եթե հնարավոր չէ առաջընթաց ապահովել պետական մակարդակով, ապա կարելի է օգտագործել այս ժամանակը խաղաղությունն ամրապնդող աշխատանքների վրա: Եւ եթե բանակցային սեղանի շուրջ առաջընթացի հասնելն անհնար է, հնարավոր է փոխարենն օգտագործել հասարակությունների միջեւ շփումների ապահովման համար»:

Քավանոյի խոսքով, այսօր Ղարաբաղյան խնդրի շուրջ խոշոր հաշվով լռություն է տիրում: Լռություն, որը հնարավորություն է տալիս խուսափել լայնածավալ բախումներից: Սակայն, այդ լռությունը հղի է նաեւ վտանգավոր հետեւանքներով.

«Խաղաղ բանակցությունների ոլորտում լռությունն ու առաջընթացի բացակայությունը մարդկանց մոտ վրդովմունք է առաջացնում, քանի որ որոշակի ակնկալիքներ կային, սակայն, մենք նույն տեղում ենք, որտեղ գտնվում էինք նախորդ տարի»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է, որ ի տարբերություն իր նախկին ելույթների, Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց բանակցել Ադրբեջանի հետ.

«ՄԱԿ-ի ամբիոնից նման հայտարարություն չարեց եւ չասաց, որ չի կարող բանակցել Արցախի փոխարեն: Ընդհակառակը, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով»:

Բանակցությունների բացակայությունը վտանգավոր է, քանի որ հենց բանակցությունների բացակայության պայմաններում է ավելանում պատերազմի վտանգը, ավելացնում է Սարգսյանը: Նյու Յորքում մինչդեռ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով: Հավանաբար, երկու նախարարները քննարկել են Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպման նախապատրաստման հարցը: Երկու պետությունների առաջնորդների հանդիպման հեռանկարն առավել պարզ կլինի մոտ ժամանակներս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս