Հայտնի ու անհայտ Կոմիտասը
«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան
Ինչպիսի՞ն էր Կոմիտասը առօրյա կյանքում, ի՞նչ նախասիրություններ ուներ…
Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:
Մտերիմների շրջանում
Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ Վաղարշապատում ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային. ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ: Դրանցից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Արվեստաբան Գ. Լևոնյանը պատմում է, որ Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Լեզվաբան Հր. Աճառյանն էլ հիշում է, որ Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:
Աշակերտների հետ
Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
– Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
– Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:
Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:
Խրիմյան Հայրիկի պատվերը
Իր բացառիկ դուրեկան ձայնի համար Կոմիտասը արժանացել էր Խրիմյան Հայրիկի համակրանքին և տոնական օրերին Հայրիկը նրան էր վստահել ղեկավարելու խորանի երգեցողությունը` դպրաց դասի և ավետարանների ընթերցումները: Հր. Աճառյանը հիշում է, թե ինչպես մի անգամ` Ս. Գևորգի տոնին, պատարագի ավարտից հետո Հայրիկը Կոմիտասին պատիվ է անում` նրան հրավիրելով սեղանակից դառնալ իրեն: Բայց Կոմիտասն անհետացել էր. այդ օրը բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվել Հայաստանի տարբեր շրջաններից և սովորության համաձայն սեղաններ էին բացել. ուրախանում էին` ժողովրդական երգ ու պարի, դհոլ ու զուռնայի ուղեկցությամբ: Ավելի ուշ հայտնվում է Կոմիտասը` ուրախությամբ հայտնելով ընկերներին, որ ձայնագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր: Կաթողիկոսի բարկությունը մեղմելու համար ներկայանալով նրան` ծունկի է գալիս և ասում, որ Վեհի ցանկությումբ իր մեղքը կքավի` իր հավաքած երգերից ու պարերգերից կատարելով: Դրանից հետո Խրիմյան Հայրիկը թույլ է տալիս Կոմիտասին պատարագից հետո ազատորեն շրջել և գրառել հայ ժողովրդի երաժշտական գանձերը:
Պատրաստեց Ալետա ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ