
Ինչպե՞ս են ՔՊ-ականները պատրաստվում Վեհարան մտնել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը, որը երեք օր առաջ հայտարարել է՝ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը», ապա մոտավորապես նկարագրել, թե ինչ սցենարով՝ «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում», ձգձգում է Եկեղեցու դեմ վճռորոշ հարձակումը։ Երեկ շատերը սպասում էին, որ Փաշինյանի գրոհայինները կասպատակեն Եկեղեցում, սակայն դա տեղի չունեցավ, թեպետ վարկածներ կան, որ Փաշինյանն արձակուրդը դրա համար է վերցրել, որ հնգօրյա հանգստի օրերին արշավի` ցույց տալով, որ ոչ թե որպես վարչապետ է գրոհն առաջնորդում, այլ՝ որպես քաղաքացի։ Սակայն երեկ տեղեկացանք, որ նա մեկնում է Ռուսաստանի Ալթայի երկրամաս` ԱՊՀ հավաքին մասնակցելու, իսկ այսօր ավարտվում է նրա արձակուրդը։ ՔՊ-ում մի քանի օր է՝ անհանգիստ անորոշության մեջ են։ Շատերն աղոթում են, որ Փաշինյանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զավթելու մտքից, եւ ստիպված չլինեն իրենք մասնակցել այդ սրբապիղծ արշավին: Ոմանք էլ ուզում են հավատալ, որ շեֆը չի գնա նման արկածախնդրության, որի հետեւանքը կարող է լինել քաղաքացիական պատերազմը, իշխանության վերջնական ոչնչացումը եւ այլն։ Բայց մեր տեղեկությունները վկայում են, որ նա ընդամենը պաուզա է վերցրել: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակումը կարող է հենց այս շաբաթ օրը լինել:
Երեկ մի քանի իշխանականի հետ զրույցներից մեզ պարզ դարձավ, թե ինչ մթնոլորտ է տիրում թիմում: Այստեղ, մեղմ ասած, հիմնականում չեն ողջունում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը եւ հնարավորինս փորձում են խուսափել նման հարցերին պատասխանելուց։
2018-ին ժամերի ընթացքում ՀՀԿ-ից ՔՊ արտագաղթած պատգամավոր Շիրակ Թորոսյանին հարցրինք՝ հետեւե՞լ է Փաշինյանի կոչին` ինչպե՞ս է պատրաստվում Էջմիածնի հրապարակում «հոգեւոր հավաքին», որի նպատակը լինելու է Վեհարանը Վեհափառից ազատելը։ «Ընդամենը մի նախադասություն է ասվել, եւ ես չգիտեմ, չեմ պատկերացնում՝ ինչ է դա իրենից ենթադրում»,- ասաց նա՝ փորձելով կանխել հաջորդ հարցերը: Ասել է, որ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը», ինչպե՞ս եւ ե՞րբ եք դա իրականացնելու։ «Ես էլի եմ ասում՝ էդ մի նախադասությունն է, թե ինչ է դա ենթադրում, հետո կերեւա»,- ասաց պատգամավորն ու ընդհատեց զրույցը։
Շիրակի մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատրաստվում այդ հավաքին։ «Ես էլ եմ պատրաստվում, բայց հիմի ընդմիջում անեմ, հետո անցնեմ ստեղի աշխատանքներին»,- պատասխանեց մարզպետը: Իսկ Վեհարանն ազատելու Փաշինյանի հռչակած «սուրբ գործին» չե՞ք մասնակցելու։ «Վարչապետի արած հայտարարություններին միանշանակ կողմ եմ ու կողմ եմ օրինականությանը, կապ չունի՝ այդ օրինականությունը որ ոլորտին է վերաբերում՝ հոգեւոր, թե այլ, բարոյական կողմերը պետք է պահվեն»: Չասացիք՝ կո՞ղմ եք, որ Էջմիածնի հրապարակից քայլերթով շարժվեք Մայր Աթոռ եւ ազատագրեք Վեհարանը։ «Ես կողմ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչը լինի օրենքի սահմաններում, ու կապ չունի՝ իրավական օրենքների, բարոյական օրենքների, թե հոգեւոր օրենքների»: Դուք մասնակցելո՞ւ եք «հոգեւոր հանդիպմանը»։ «Եթե երկրի ղեկավարի կողմից կոչ լինի թիմակիցներին, բնականաբար, բոլորը սատարելու են եւ ոչ միայն թիմակիցները, այլ, վստահ եմ՝ շատ ու շատ քաղաքացիներ, որոնք կողմ են օրինականությանը»: Օրինականություն ասելով նկատի ունեք Վեհափառին բռնի ուժով կարգալույծ անե՞լը։ «Նկատի ունեմ օրենսգրքում, Սահմանադրությունում, Աստվածաշնչում գրված, նաեւ չգրված բարոյական օրենքների պահպանությունը»: Դուք՝ քաղաքական իշխանության ներկայացուցիչներդ, սրբորեն պահպանո՞ւմ եք թվարկված օրենքները։ «Ես՝ որպես քաղաքացի, փորձում եմ ամեն ինչ անել՝ նախ բարոյական օրենքները պահպանեմ, հետո՝ իրավական օրենքները եւ հետո՝ աստվածաշնչյան օրենքները»։ Նիկոլ Փաշինյանը թիմին ասե՞լ է, թե պատրաստվելուց հետո հաջորդ քայլն ինչ է լինելու եւ երբ: «Ոչ»: Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում։ «Աշխատում եմ որպես Շիրակի մարզպետ, որպես գյումրեցի` մեր քաղաքացիների հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ»: Դուք հաճույքո՞վ եք քայլելու Էջմիածնի հրապարակից դեպի Վեհարան, թե՞ հարկադրված։ «Քայլելու խնդիր որեւիցե էստեղ չեմ տեսնում, իրիկուններն էլ եմ պարբերաբար քայլում, քայլում եմ մարզպետարանից դեպի Յոթ Վերք, կենտրոնական հրապարակ, Ամենափրկիչ եկեղեցի, պարբերաբար քայլում եմ, ի՞նչ կապ ունի՝ որտեղից որտեղ, ես քայլել սիրում եմ, դա նպաստում է առողջ ապրելակերպին»։
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին էլ հարցրինք՝ ինքն անձամբ պատրա՞ստ է, եւ ի՞նչ են անելու։ «Ես շատ բանի եմ պատրաստվում, բայց․․․ Հարգելիս, երեւի հասկանում եք, որ ճիշտ չէ, որ ես հեռախոսով հարցազրույց տամ, հատկապես, որ ղեկին եմ»։
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սարուխանյանը, պատրաստ է Փաշինյանի ցանկացած կոչին հետեւել․ «Բայց թե ինչ պիտի անենք, այդ մասին չգիտեմ, երեւի կգա ժամանակը` կասեն»: Ե՞րբ է ժամանակը գալու։ «Դա էլ չգիտեմ, ինչ որ ասել է, դուք էլ գիտեք, եթե հստակ օր լիներ, կգրեր հստակ օր, համենայնդեպս, ես նույնպես կարդացել եմ, քաղաքական թիմի անդամ եմ, հետեւաբար, իմ քաղաքական թիմի հետ եմ վարչապետի կողքին»: Ո՞նց եք պատկերացնում այդ հոգեւոր հավաքը։ «Օրինակ, դուք ո՞նց եք պատկերացնում․․․ Դե, մի ձեւ պատկերացնում եմ, կգա օրը, կտեսնենք, բայց իմացեք՝ մենք ոչ մի հակաօրինական քայլ չենք անելու»: Եկեղեցի ներխուժելն ու կաթողիկոսին վիրավորելն արդեն հակաօրինական են։ «Չի լինելու, մենք հեղափոխության ժամանակ էլ հակաօրինական քայլ չենք արել․․․»։ Ռադիոտան դուռը կոտրե՞լը։ «Չեմ կարծում»։