Հայաստանի անվտանգության հարցեր

Գրառում Գ

Հայաստանի անվտանգության պատմական համակարգը

Մաս 5

Հայաստանի Հանրապետություն և Երևանի խանություն. Աշխարհագրական ժառանգությունը

Մեր պատմության դասագրքերն արհամարհանքով են խոսում Երևանի խանության մասին, և ներկայացնում այն գրեթե միայն բացասական գույներով: Սա մտած է մեր գիտակցության մեջ: Նույնիսկ այսօրվա հրապարակախոսության և քաղաքական խոսքի մեջ Երևանի խանության հետ համեմատություններ են արվում այն դեպքերում միայն, երբ ուզում են շեշտել այսօրվա Հայաստանի առավել բացասական կողմերը: Այս վերաբերմունքը, իհարկե, ոչ այնքան գիտական, որքան իդեոլոգիկ հիմքեր ունի: Դրա խոշոր մասը մնացորդ է ռուսական կայսերական գաղափարախոսության, որը փորձում էր ներկայացնել Հայաստանի միացումը Ռուսաստանին՝ որպես ազատագրում և հայ ժողովրդի փրկություն՝ շեշտելով այդ միտքը, որպեսզի մոռացության մատնվի այն փաստը, որ հայերի աջակցությունը ռուսներին այդ ժամանակ պայմանավորված էր Հայաստանի անկախության վերականգնման հույսերով, որոնք ռուսները խրախուսում էին, բայց որոնք իրականություն չդարձան:

Մյուս կողմից էլ հայկական նացիոնալ-լիբերալիզմն իր հերթին՝ նույն վերաբերմունքն է ձևավորել Հայաստանի նախառուսական անցյալի նկատմամբ՝ որպես լիովին իմաստազուրկ, մռայլ և մռոացության արժանի: Սրանք զուտ գաղափարախոսական կաղապարներ են, որոնց վերլուծությունը, թեև հետաքրքիր է ինքնին, սակայն, անաչառ դիտարկման համար, որի նպատակը պետք է լինի այսօրվա համար օգտակար գիտելիք ձևակերպելը, անցյալի վերլուծությունից գաղափարախոսական «լավուվատ», «հետամնաց-առաջընթաց», գնահատողական մոտեցումները հետաքրքիր չեն: Պետք է կոնկրետ մոտեցում կոնկրետ շրջաններին յուրաքանչյուրի «լավուվատով», բարդ, բազմաշերտ կառուցվածքով:

Երևանի խանության պատմությունն այս իմաստով ոչ միայն բացառություն չէ, այլև կարևորագույններից մեկն է այսօրվա Հայաստանի Հանրապետության նախահիմքերի, աշխարհաքաղաքականության և անվտանգության հարցերի մի քանի առանցքային կետերի բացահայտման համար:

Մեր թեմայի շրջանակներում Երևանի խանությունը հետաքրքիր է հետևյալ առումներով:

ա. Երևանի և հարակից խանությունների սահմանները 17-18 դդ.-ում

բ. Երևանի խանության կարգավիճակը՝ որպես պետական միավոր

գ. Երևանի խանության արտաքին հարաբերությունները մեծ տերությունների և մյուս կողմից՝ մյուս փոքր պետական միավորների հետ

ե. որոշ չափով Երևանի խանության ներքին հարաբերությունները, հատկապես՝ հայերի կարգավիճակը:

Որպես այս ամենի ամփոփում՝ պետք է հասկանանք Երևանի խանության առնչությունները, նրա պատմական դասերն այսօրվա Հայաստանի համար:

Մեր շարքում կանդրադառնանք միայն սահմանների հարցին:

Սահմանները

Անվտանգության տեսակետից նախ կարևոր է դիտարկել Երևանի խանության սահմանները: Դրանք որոշ չափով փոփոխական էին՝ մենք այստեղ կտանք սահմանները 18-րդ դարի երկրորդ կեսի դրությամբ: Կենտրոնում ունենալով Երևանը՝ խանությունը տարածվում էր նաև Արաքսի միջին հոսանքի արևմտյան ափով՝ ներառելով Իգդիրը, Սուրմալուն և Կողբը: Այդու՝ Արաքսն իր միջին հոսանքում ոչ թե սահմանային, այլ ներքին գետ էր Երևանի խանության համար: Հյուսիսում խանության սահմաները հասնում էին Արագած լեռանը՝ ներառելով Թալինն ու Ապարանը, ապա Ծաղկաձորը և Սևանա լճի ավազանը՝ մոտավորապես այսօրվա Հայաստանի Գեղարքունիք մարզի սահմաններով: Այդու՝ հյուսիսում խանության տարածքից դուրս էին Շիրակը, Լոռին, Տավուշը: Հարավում Երևանի խանության մասն էր Շարուրի դաշտը՝ այսօրվա Նախիջևանի Հանրապետության հյուսիսային հատվածը: Նախիջևանի հանրապետության մյուս մասը, Վայոց Ձորի հետ միասին, Երևանից դուրս էին և առանձին՝ Նախիջևանի խանության մասն էին (որը 17-րդ դարում ենթակա էր Երևանի խանին): Վայոց Ձորից հարավ ընկած այսօրվա Սյունիքի մարզի տարածքները մեծամասամբ մասն էին Ղարաբաղի խանության (18-րդ դարից):

Ակնհայտ են Երևանի խանության և ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքային ընդհանրություններն ու տարբերությունները: Երևանի խանության սահմաններն այսօրվա Հայաստանի կորիզն են, դրա կենտրոնական, նաև՝ առավել խիտ բնակեցված, քաղաքականապես և տնտեսապես առավել կարևոր հատվածները: Նույնն է նաև երկուսի կենտրոնը՝ Երևանը, որն այսօրվա Հայաստանն ուղղակիորեն ժառանգել է Երևանի խանությունից: Հենց վերջինիս պատմությամբ է Երևանը դարձել ընդհանրապես՝ քաղաքական, վարչական, ռազմական, տնտեսական: Այնպես  որ, որքան էլ արհամարհենք Երևանի խանության պատմությունը, բայց կապված ենք դրա հետ կարևոր աշխարհաքաղաքական ժառանգականությամբ:

Հայաստանի Հանրապետությունն ընդհանուր առմամբ ավելի մեծ տարածք ունի, քան Երևանի խանությունը՝ հյուսիսում թե հարավում ընդարձակված լինելով դեպի Շիրակ, Լոռի, Տավուշ, մյուս կողմից՝ Զանգեզուր և Ղարաբաղ: Խանության տարածքն այդ երկու՝ հյուսիսային և հարավային ուղղությունների կենտրոնում է, որով յուրահատուկ պլացդարմ է դեպի հյուսիս կամ հարավ ծավալման տեսակետից: Եվ իրոք, եթե դիտարկենք 1918-20 թթ.-ի Հայաստանի Հանրապետության պատմությունը, ապա տեսնում ենք, որ ի սկզբանե այն փաստացի վերահսկում է նախ՝ Երևանի խանության նախկին տարածքը, ապա՝ հաջողության այս կամ այն չափով փորձում է ընդարձակել իր վերահսկողությունը դրանից հյուսիս և հարավ:

Թվում է, թե ավելի մեծ տարածք ունենալով՝ Հայաստանի Հանրապետությունն անվտանգության տեսակետից էլ ավելի կենսունակ միավոր պետք է համարվի Երևանի խանության համեմատ: Սակայն հարցը միայն տարածքի մեծությունը չէ: Ինչպես նկատեցինք, ի տարբերություն այսօրվա Հայաստանի՝ Երևանի խանությունը վերահսկել է Արաքսի ձախ ափը՝ Իգդիրը, Սուրմալուն և Կողբը, նաև Արաքսի հոսանքով ավելի դեպի հարավ տարածվելով՝ Շարուրի դաշտը: Հայաստանի Հանրապետությունը ժառանգելով Երևանի խանությունից և հենց դրանից իր կենտրոն Երևանը, սակայն, կորցրել է վերահսկողությունը նշված տարածքների նկատմամբ: Արաքսը Հայաստանի համար ոչ թե ներքին գետ է, այլ սահման է: Դրանով ստեղծվում է միանգամայն այլ անվտանգության կոնֆիգուրացիա: Կարող ենք ասել, որ չնայած Երևանի խանությունն իր տարածքով զիջում է Հայաստանին, սակայն նվազագույն անվտանգության տեսակետից՝ այն ավելի ապահով, ավելի կատարյալ ու ինքնամփոփ, բնական համակարգ էր, քան այսօրվա Հայաստանը: Խոսքը, իհարկե, հենց նվազագույն անվտանգության մասին է, որը կարող է իրեն ապահովել որևէ փոքր պետական միավոր՝ փորձելու համար պահպանել իր անկախ կամ կիսաանկախ կարգավիճակն ավելի մեծ միավորների շահերի խաչմերուկում:

Պատճառը պարզ է: Հայաստանի Հանրապետությունը Երևան կենտրոնով էքսցենտրիկ, խախտված հավասարակշռությամբ և նույնիսկ փաստացի երկատված տարածքաքաղաքական միավոր է, քանզի նրա քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական կենտրոն Երևանն աշխարհագրական տեսակետից ոչ միայն պարզապես ծայրամասային է մնացյալ Հայաստանի նկատմամբ, ոչ միայն պարզապես սահմանային գոտի է, այլև անպաշտպան, բաց սահման է, ենթակա արագ ներխուժման երկու՝ արևմտյան և հարավային ուղղություններից, նաև՝ նրա կապը իր վերահսկողության տակ եղած հարավի՝ Վայոց Ձոր, Զանգեզուր, Ղարաբաղի հետ մազից կախված, վտանգված և անհարմար է:

Հակառակն է Երևանի խանության կոնֆիգուրացիան, որի մեջ Երևանը՝ որպես քաղաքական և այլ իմաստներով կենտրոն, այդպիսին է նաև աշխարհագրորեն՝ գրեթե հավասար հեռավորություն ունենալով խանության բոլոր սահմաններից, և ունի նվազագույն բնական պաշտպանություն արևմուտքից և հարավից: Հատկանշական է, որ Վայոց Ձորն այս կոնֆիգուրացիայում ոչ թե Երևանի, այլ Նախիջևանի վերահսկողության տակ է: Սա նույնպես ավելի բնական աշխարհագրական հիմք ունեցող փաստ է՝ որևէ միավոր կենտրոն ունենալով Երևանը, Վայոց Ձորի ապահով վերահսկողության համար պետք է վերահսկի նախ Նախիջևանը կամ գոնե դրա հյուսիսային մասը, քանզի Վայոց Ձորը ոչ թե Արարատյան, այլ Նախիջևանյան դաշտի բնական «շարունակությունն» է, դրա լեռնային մասը, և ճանապարհներով հարմար կապված է նախ՝ Նախիջևանի հետ:

Այսպիսով Երևանի խանության հետ համեմատության մեջ բացահայտվում է այսօրվա Հայաստանի անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկը, նաև այդ խնդրի ծագումնաբանությունը: Երևանը որպես մայրաքաղաք ժառանգել ենք Երևանի խանությունից, մինչ այդ Երևանը երբեք չի եղել այդպիսին: Այդու՝ այսօր էլ Երևանի խանության աշխարհաքաղաքական ժառանգորդն ենք: Բայց այսօրվա Հայաստանի քարտեզի տեսակետից՝ ի տարբերություն Երևանյան խանության, Երևանը՝ որպես կենտրոն, հակացուցված է: Չնայած ՀՀ-ն ավելի ընդարձակ տարածք ունի, քան երբեմնի խանությունը, սակայն նա ավելի անհավասարակշիռ ու անապահով է: Ելքը, բնականաբար, այն չէ, որ հրաժարվենք «հավելյալ» տարածքներից: Տեսականորեն կա միայն երկու ելք՝ ընդարձակում դեպի Նախիջևան և Իգդիր, որը Երևանի կենտրոնական դիրքը կդարձնի ավելի ապահով բնական, ինչպես նաև Վայոց Ձոր-Զանգեզուր-Ղարաբաղ գծի Երևանից վերահսկողությունը: Բայց քանի որ նման ծավալումն այս պահին իրատեսական չի թվում (Նախիջևանը՝ դեռ մի կողմ, Իգդիրն էլ՝ վրադիր), ապա ավելի արդիական է մյուս ելքը՝ Հայաստանի քաղաքական կենտրոնի տեղափոխման մասին ռազմավարական որոշում ընդունելը կամ էլ Հայաստանի ապակենտրոնացումը՝ կենտրոնի գործառույթների բաշխումը մի քանի կետերում:

Տեսանյութեր

Լրահոս