
«Ջեբի» թայֆունը հեղեղել է Օսակայի միջազգային օդանավակայանը

Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղված է վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենահզոր «Ջեբի» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
NHK հեռուստաալիքի տեսահեռարձակման համաձայն, ջրի տակ են հայտնվել թռիչքավայրէջքային գոտին եւ օդանավակայանի կայանատեղին, ինչպես նաեւ թերմինալի ստորգետնյա հարկը: Օդանավակայանի շրջանում քամու արագությունը հասնում է ժամում 209 կիլոմետրի:
Թայֆունի պատճառով Ճապոնիայի արեւմուտքում չեղարկված է ավելի քան 700 ավիաչվերթ եւ դադարեցված է գնացքների երթեւեկությունը, Օսակայում փակ են զբոսայգիները, այդ թվում՝ Universal Studios Japan-ը:
Toyota ավտոկոնցեռնը գիշերային հերթափոխները չեղարկել է 14 գործարաններում ամբողջ երկրում, այդ թվում՝ Աիթիի, Ֆուկուոկայի եւ Միյագիի պրեֆեկտուրաներում: Օսակայում եւ Կիոտոյում փակ են հանրախանութները:
Համարվում է, որ ներկայիս թայֆունն ամենաուժեղն է Ճաապոնիայում 1993 թվականից ի վեր: Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ այն ժամում 60 կիլոմետր արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արեւելք: Քամու պոռթկումները հասնում են ժամում 216 կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: