
«Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է». Կարեն Քոչարյան

«Ես միշտ կողմ եմ եղել, որ ղեկավար կազմում լինեն երիտասարդներ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդը պետք է գա և լինի առաջին դեմք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երիտասարդ կադրերին։
Նրա խոսքով՝ երիտասարդը, այնուամենայնիվ, պետք է «աճի», ինչը հաշվի չեն առել. «Բարի, էլի խնդիր չէ, կարող է փորձ ձեռք բերել առանց օգուտների, բայց գոնե՝ նաև առանց վնասների։ Ես չեմ կարծում, որ ամբողջ կառավարությունը վատն է, կան լավ նախարարներ»։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ այն վարկանիշային և վստահության պաշարը, որ կա, և որը շատ մեծ է, մաշվելու հատկություն ունի. «Եվ հիմնականում մաշվում է այն ժամանակ, երբ մարդը ձմռանը կտեսնի, որ, օրինակ՝ գազը թանկացել է, ինքը չի կարողանում վճարել։ Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է։ Նույն Նիկոլ Փաշինյանը գնաց շուկա և տեսավ՝ ինչ է կատարվում։ Ընթացքում սա բերելու է վարկանիշի բավականին լուրջ մաշման»։
Կառավարությունում, ըստ Քոչարյանի՝ կան մարդիկ, ովքեր նորմալ մարդիկ են, բայց նաև կան մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն. «Ուրեմն՝ այդ մարդկանց պետք է փոխել։ Այնպես չէ, որ միայն մեզ մոտ է այդպես, ամբողջ աշխարհում այդպես է. եթե մարդը չի կարողանում աշխատել, փոխում են այնքան ժամանակ, մինչև գալիս է մեկը, որ կարողանում է այդ ոլորտի համար պատասխանատվություն կրել և առաջ տանել։ Սա է ամբողջ մեխանիզմը, այդպես են զարգանում բոլոր երկրները»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում