
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայ-գերմանական ֆորումի նախագահին, ում թույլ չէին տվել մուտք գործել Ադրբեջան

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 25-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսևորած իր քաջարի ու արդար կեցվածքի և մարդասիրության համար:
Նորին Սրբությունը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված ժխտողականությունը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների և երկրների համերաշխության հաստատման ճանապարհ:
Իր հերթին պատգամավորը անդրադարձել է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս կարևորել է խաղաղության հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպեսզի չընդհատվեն երիտասարդ կյանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ:
Նորին Սրբությունը պրն. Վայներին տեղեկություններ է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ի նպաստ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:
Այս կապակցությամբ զրուցակիցները բարձր են գնահատել խաղաղասեր և բարեսեր բոլոր մարդկանց և պետությունների ջանքերը ի խնդիր խաղաղ ու ապահով աշխարհի կերտման:
Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է պատերազմների արհավիրքներից տուժածներին:
Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տրամադրել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին, ով պետք է Ադրբեջան այցելեր Անգելա Մերկելի պատվիրակության կազմում: Հարցի շուրջ բացատրություն տալու պահանջով Դաշնային արտգործնախարարություն է կանչվել ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանը:
Վերջինս նշել է, որ որոշումն արդեն կայացվել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով, և պատգամավորն «անցանկալի անձ» է հայտարարվել: Մինչ այս ադրբեջանական կողմը, ավանդույթի համաձայն, պատգամավորից առաջարկել էր պաշտոնապես ներողություն խնդրել, որպեսզի չներառվի «սև ցուցակում»: Սակայն Ալբերտ Վայլերը մերժել է՝ հիմնավորելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ, իր պարտքն է համարում լիարժեքորեն ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետևաբար պետք է անձամբ լինի Լեռնային Ղարաբաղում և խոսի տեղի բնակչության հետ: