«Ինչի՞ համար էր պետք այդ PR ակցիան, որպեզի ուժեղացնեն նրանց դիրքերը, ովքեր գոռում են, թե տեսեք՝«գունավոր հեղափոխության» հիդրա՞ն է հարձակվում». Մարկեդոնով

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր առավոտից Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու վերաբերյալ ակտիվ քննարկումներ սկսվեցին։ Դրա առիթը ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ իրավական և պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլիի հարցազրույցն էր։

Կարծում եմ, արժե այդ առիթով հոդված գրել, սակայն այժմ «տաք հետքերով» մի քանի դրույթներ ներկայացնենք։

Նախ՝ Ադրբեջանում, ինչպես նաև՝ Ռուսաստանում, առաջնահերթությունները որոշում ու դնում են ոչ թե պատգամավորները, այլ պետության առաջին դեմքերը։ Դեռևս ոչ մի նման «ճեղքող» արտահայտություն Իլհամ Ալիևի շուրթերից մենք չենք լսել, և կան կասկածներ, որ կլսենք։ Ադրբեջանը ձգտում է հավասարակշիռ դիրք ունենալ ինտեգրացիոն կենտրոնների միջև, Անդրկովկասի չափանիշերով նա վատ տնտեսական ներուժ չունի, ունի ամուր «ուղղահայաց», դրա համար էլ ցանկություն չկա ինչ-որ նոր ափի վրա հանգրվանել։ Այնտեղ «վերջնական որոշում» կգերադասեն չկայացնել, այդ սցենարն ամենաքիչը կհետաձգեն մինչև վերջին պահը։

Եվ երկրորդ, սա արդեն հետաքրքիր է։ Մրցակցություն է գնում, ավելի ճիշտ՝ ինֆորմացիոն պայքար՝ Երևանի ու Բաքվի միջև՝ Մոսկվայի վրա ազդեցության համար։ Եվ այս պահի դրությամբ Ադրբեջանի մոտ հայտնվել է փաստարկ, որը նախկինում չի եղել, այն է՝ տեսեք, Հայաստանում «գունավոր հեղափոխություն» է, դրա համար էլ հիմա մենք փաստորեն ամենահավատարիմ ու հուսալի դաշնակիցներն ենք, քանի որ Երևանը գնում է Թբիլիսիի ճանապարհով։

Կարդացեք նաև

Ե՛վ Բաքվում, և՛ Մոսկվայում միամիտ հիմարներ չեն նստած։ Հասկանում են, որ իրավիճակն ավելի քան բարդ է։ Եվ նկատենք, որ ՌԴ ղեկավարությունը ձեռնպահ է մնում Երևանի հասցեին կոշտ մեկնաբանություններից, ինչպես դա արվեց կիևյան և թբիլիսյան ուղղությունների պարագայում։ Հնչում են միայն քաղաքականապես կոռեկտ «անհանգստություններ», և թե ի՜նչ հնարավորություններ ուներ նոր ղեկավարությունը, բայց, ավա՜ղ… Բայց մի խոսքով, հույս կա։

Բայց ադրբեջանական կողմը հասկանում է, որ կա էմոցիոնալ ֆոն, բոլորն էլ մարդ են, մեքենա չեն։ Եվ շրջանառության մեջ է դրվում նոր իմիջ, տարածվում են մեմեր, ինչպես այժմ նորաձև է ասել։

Ի՞նչ կարող էր անել հայկական ղեկավարությունն այս իրավիճակում։ Պետք է պարզապես զգույշ լինել, ավելորդ անգամ բացթողումներ չանել, չամրապնդել նրանց կասկածները, ովքեր «որոշում են կայացնում»։ Իսկ ինչ-որ ա՞յլ բան է ստացվում։ Ահա իրականացվեց «դիմակ-շոու» «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գրասենյակում։ Ի դեպ, այն «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստրն է»։

Լավ, ընդունենք այն վարկածը, որ այնտեղ ամեն ինչ վատ է ու ոչ թափանցիկ։ Իսկ ի՞նչ է, մեզ մոտ դիվանագիտական խողովակներն արդեն փակվե՞լ են, դեսպանի հետ շփվել չի՞ կարելի։ Զանգել, Մոսկվա մեկնել կամ այնտեղից մարդ հրավիրել կատեգորիկ կերպով անհնա՞ր է։ Ինչի՞ համար էր պետք այդ PR ակցիան, որպեզի ուժեղացնեն նրանց դիրքերը, ովքեր գոռում են, թե տեսեք՝«գունավոր հեղափոխության» հիդրա՞ն է հարձակվում։

Էլ չեմ խոսում ձևավորվող «քաղաքացիական ակտիվիստների բռնապետության» մասին, երբ որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել ժողովրդի ու նրա անունից։ Իսկ ուզում ես հարցնել՝ձեզ ընտրե՞լ են, ձեզ լիազորե՞լ են։ Ո՞ր գործընթացով։ Բայց, լավ, ենթադրենք՝ դա կարող ենք վերագրել երիտասարդ տարիքին, տաքարյունությանն ու էմոցիաներին։ Իսկ ահա խոշոր բիզնեսը՝ իր բարձրաստիճան խաղացողների հետաքրքրություններով, լուրջ բան է։ Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում։ Էմոցիոնալ ֆոն։ Եվ ստացվում է՝այստեղ՝ նավթ, իսկ այնտեղ՝ խուզարկություններ ու տարատեսակ ակցիաներ։

Կրկնվեմ հարյուրերորդ անգամ։ Ես Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման կողմնակիցը չեմ հանդիսանում։ Այո, մեզ պետք  են Ադրբեջանի հետ պրագմատիկ հարաբերություններ, նա մեր հարևանն է Դաղստանի հատվածում ու Կասպյան շրջանում, և փառք Աստծո, որ նրա հետ դաշնագիրը ստորագրված է։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանին թշնամի Ադրբեջանը Հայաստանի համար կրկնակի, եռակի վտանգավոր է։ Բայց էներգետիկ համագործակցության այն մակարդակը, որն այսօր առկա է Ադրբեջանի ու Արևմուտքի միջև, կասկածներ չի թողնում այն հարցում, որ չի լինի Ռուսաստանի վերակողմնորոշում դեպի Ադրբեջան։

Եվ այդ պատճառով էլ Բաքվի լոյալության դիմաց «Երևանին հանձնելու» վարկածն ի սկզբանե սխալ է։ Սակայն նոր հայկական իշխանությունների էքստրավագանտ գործողությունները կամ ռուսական քաղաքական դասի առանձնահատկությունների ոչ բավարար հաշվարկը խնդիրներ են ստեղծում։ Սա գոնե ինքներս մեզ անկեղծորեն պետք է խոստովանենք։ Հերթական անգամ՝ դատարկ տեղում։ Եվ ստացվում է կումուլյատիվ էֆեկտ։ Այնտեղ Խաչատուրովն է, ՀԱՊԿ վարչապետ-գլխավոր քարտուղարի գաղափարը, այնտեղ խուզարկություններ են «Հարավկովկասյան երկաթուղիներում», իսկ այստեղ՝«հավատարիմ ընկերության» մասին հարևանի երգերը…

Միգուցե արդեն ժամանա՞կն է քաղաքականությունը թողնել արհեստավարժ մասնագետներին, այլ ոչ թե այն դարձնել «բոցաշունչ կրքերի» գերին»։

 

Տեսանյութեր

Լրահոս