«Հայկը մեծ քաղաքական կենսագրություն ունի». Լենա Նազարյանը՝ Հայկ Մարությանի մասին
Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն: Ընտրական օրենսգրքի, խորհրդարանում կին պատգամավորների թվի ավելացման և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»–ը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:
– Ձեր ներկայացրած առաջարկությունների փաթեթն արդեն գտնվում է Կառավարությունում: Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն գործադիրի կողմից:
– Հիմնականում բոլոր առաջարկները լավն են, և Կառավարությունը պետք է պարզապես կարծիք հայտնի՝ արդյոք դրանք իրատեսակա՞ն են տվյալ ժամանակահատվածում իրականացնելու համար: Երկու հարց կա, որ հակասական են՝ բաց և փակ համամասնական ընտրակարգերի վերաբերյալ. դրանցից միայն մեկը պետք է ընդունվի:
– «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջարկեցին նոր ընտրական օրենսգրքում ամրագրել փակ համամասնական ընտրակարգը: Ո՞րն է դրա առավելությունը բաց համամասնականի նկատմամբ:
– Բաց համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունն այբբենական կարգով է ցուցակ է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ հետագայում, երբ ընտրողը քվեաթերթիկի հակառակ կողմում նախապատվություն է տալիս որևէ թեկնածուի, արդեն շատ ձայներ ստացած թեկնածուները մանդատ ստանալու հնարավորություն են ունենում՝, անկախ ցուցակում զբաղեցրած տեղից: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունը ներկայացնում է ցուցակն իր նախընտրած հերթականությամբ, և ինչքան շատ տոկոս է ստանում ընտրության արդյունքում, այնքան շատ մարդիկ են այդ ցուցակից ըստ հերթականության անցնում ԱԺ:
– Առաջարկում էիք տղամարդ և կին պատգամավորների համամասնությունը խորհրդարանում հասցնել 60-40%-ի: Քաղաքական կուսակցությունները պատրա՞ստ են այսօր խորհրդարանում այդքան մեծ թվով կին պատգամավորներ ունենալուն:
– Հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը, շատ կանայք ցանկություն են հայտնում ընդգրկվել կուսակցության ցուցակում, մասնակցել ընտրություններին և աշխատել ԱԺ-ում: Նախկինում նրանք խուսափում էին դրանից, որովհետև կուսակցություններում չկա ներքին ժողովրդավարություն, և կանանց մոտ մտավախություն կար՝ կուսակցություն գալու մեխանիզմների, ցուցակում անցողիկ տեղերում հայտնվելու և մանդատ ստանալու հետ կապված: Իսկ, եթե 60-40% լիներ համամասնությունը, կանայք կիմանային, որ այդպիսի պահանջ կա կուսակցությունների առջև դրված, որ իրենց ակտիվությունը կգնահատվի, և նրանք կլինեն ցուցակի այնպիսի տեղերում, որ իրենք հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և անցնել Ազգային ժողով:
Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, առհասարակ խնդիր չունեն ընտրություններին մասնակցելու: Նրանք ոչ քարոզարշավին մասնակցելու բարդություններ ունեն, ոչ քարոզարշավը կազմակերպելու համար ֆինանսական խնդիրներ ունեն: Որևէ բարդություն տղամարդիկ չունեն ոչ կուսակցություններում, ոչ էլ ընտրողների հետ կապված:
– Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրումը հակասական մեկնաբանությունների արժանացավ: Քաղաքացիների մի մասի հիմնական դժգոհությունն այն է, որ Մարությանը քաղաքական կենսագրություն չունի: Ինչո՞վ էր նա գերազանցում իր կուսակից-մրցակիցներին:
– Հայկը մեծ քաղաքական կենսագրություն ունի: Նա վերջին տարիներին շատ ակտիվ հանրային գործունեություն է ծավալել, մասնակցել է Մաշտոցի պուրակի, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին, հեղափոխության օրերին էլ միշտ շատ աջակցող դիրք է բռնել: Ով էլ լինի, հակասական ինչ-որ բան են գտնելու: Ծրագիրը կներկայացնեն, նա կսկսի իր քարոզարշավը, քաղաքի զարգացման հետ կապված իր գաղափարները կարտահայտի, և ամեն ինչ նորմալ կլինի: