«Եթե միայն պետգնումների ծավալները նայենք ու «ատկատի» տոկոս հաշվենք, կստացվի, որ դեռ մի բան էլ քիչ է այդ 29.2 մլրդ-ը». Վահագն Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ աներևակայելի կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների մասին, այսօր որոշ չափով թվային տեսք ստացավ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով նրա օգնական Արեն Մկրտչյանը հրապարակեց, որ ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29.2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։

Խնդրի շուրջ 168.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ։

 – Պարոն Խաչատրյան, 29.2 մլրդ դրամի չարաշահումը շա՞տ է, թե՞ քիչ մեր պետության համար։

– Դժվար է ասել։ Ի՞նչ չափանիշերից ելնելով պետք է շատ ու քիչ ասենք, կարող է՝ շատ-շատ է, կարող է՝ շատ քիչ է։ Եթե հաշվի ենք առնում վերջին 2 ամսվա ընթացքում կատարվող գործընթացները, որոնց հետ կապված մեզ ամեն օր նորություններ են ասում՝ այսինչ տեղում այսքան գումարի չարաշահում, այնինչ տեղում՝ այսքան, այսինչ գյուղում՝ այսքան, այնինչ պետական կազմակերպությունում՝ այսքան, առաջին տպավորությամբ՝ շատ քիչ է։ Այդ համեմատությունը պետք է փորձել անել բյուջեի հետ, որովհետև եթե դա չարաշահում է, վերաբերում է պետական կառույցների գործունեությանը։ Պետք է ամբողջական պատկեր լինի, որ հնարավոր լինի գնահատական տալ։ 

Կարդացեք նաև

– Բայց սպասելի՞ էր այս ծավալը։

– Ընդհանրապես՝ սպասելի էր, որ չարաշահումները պետք է մեծ լինեն։ Իմ գնահատականներում ես ելնում էի նրանից, թե «ատկատ» հասկացողության գումարն ինչքան է տարբեր բնագավառներում՝ շինարարություն կամ պետգնումներ, որ գնահատվում էր 20%, առանձին տեղերում՝ նույնիսկ մինչև 30%։ Եթե այդ շրջանակներում գնահատում ենք, թե պետական միջոցներից ինչքան է հատկացվում, այդ թվում՝ կապիտալ շինարարության և պետական գնումների գծով, այդ գումարը տեսանելի էր և նույնիսկ ավելի էր։

Բայց ինձ համար զարմանալի էր, որ նույնիսկ այն խղճուկ գումարներից, որ հատկացվում էին առանձին համայնքներին իրենց ներքին խնդիրների լուծման համար՝ սոցիալական ծրագրեր, նպաստներ, կրթական խնդիրներ, թե այդտեղից որքան գումարներ են գողացվել։ Դա էր անսպասելի։ Ես կարծում էի, որ այդտեղ հնարավորություն չկար, բայց պարզվում է, որ մեծ ու փոքր շատ համայնքներում հաստիքներ կան, որ մարդիկ չեն աշխատում, ուղղակի ձևակերպված են, և չարաշահումներ նաև այդտեղից են եղել։

Երբ ժամանակին ինձ ասում էին մեծ քաղաքների համար, որ դրանք տասնյակ միլիարդներ են կազմում, ես դրան թերահավատորեն էի վերաբերվում, կարծում էի՝ մարդիկ այդ ի՞նչ գումարներ ունեն, առավել ևս, տեսնում էինք՝ համայնքներն ինչ բյուջե ունեին, հիմնականում դոտացիայի վրա էին, բայց պարզվում է, որ նույնիսկ այդ գումարների շրջանակում կարելի է գողանալ և բավականին մեծ գումարներ։

Եթե միայն պետգնումների ծավալները նայենք ու «ատկատի» տոկոս հաշվենք, կստացվի, որ դեռ մի բան էլ քիչ է այդ 29.2 մլրդ-ը։ Բայց քչի ու շատի խնդիրն այդքան կարևոր չէ. կարևոր է ընդհանուր համատարած գողությունը, որ եղել է։ Այսինքն՝ եթե մարդ աշխատել է համակարգում՝ համայնքի ղեկավար թե պետական կառույցի ղեկավար, թեև կարծում եմ՝ որոշ բացառություններ կլինեն, բայց ընդհանուր այդ մարդիկ համապատասխան պաշտոնները զբաղեցրել են միայն ու միայն գումարները գողանալու համար։ Ու դա ընդունված ու սովորական է եղել։ Սա է վտանգավոր, որ ուղղակի ամբողջ պետական համակարգը զրոյացրել է, մարդկանց աչքի առաջ փոշիացրել, մարդկանց հավատը պետական կամ տեղական իշխանությունների նկատմամբ վերացրել, չէ՞ որ մարդիկ ամեն օր շփվել են այդ կառույցների հետ։

– Որոշ տնտեսագետներ պնդում են, որ կոռուպցիայի ու չարաշահումների բացահայտումը տնտեսական աճի վրա էական ազդեցություն չի ունենա, տնտեսության հետ կապ չունեն։ Դուք ի՞նչ եք կարծում։

– Նայած՝ ինչ ժամանակի մասին ենք խոսում։ Այստեղ մի հետաքրքիր դիտարկում կա. Երբ տնտեսագիտական  առումով փորձում են գնահատականներ տալ, ի վերջո, այսպես թե այնպես, այդ գումարը տնտեսության մեջ է մտնում։ Օրինական թե ոչ օրինական ձևով է ձեռք բերված, այդ գումարը տնտեսության մեջ ինչ-որ արդյունք պետք է տա։

Այս առումով երբ փորձում ենք գնահատել տնտեսության վրա ազդեցությունը, կարող ենք այդ գնահատականը տալ, որ էական չի լինի ազդեցությունը։ Բայց երկրորդ կողմը կա, որը ես ավելի շատ եմ գնահատում՝ ի վերջո, հարաբերություններ են փոխվում, և այս գումարներից օգտվողների թիվն է փոխվում։

Այսինքն՝ եթե դա լիներ օրինական բաշխվող գումար և հասներ բուն հասցեատերերին, այդ դեպքում ընդհանուր երկրում ստեղծված արդյունքի վերաբաշխման արդյունքում շատ մարդիկ կօգտվեին ընդհանուր բարիքից, որն իր հերթին՝ այս ձևով նպաստող հանգամանք կլիներ տնտեսական աճին։ Դա ավելի տեսանելի է մենաշնորհների դեպքում, երբ դրանք վերանում են, և փոխարենը՝ հայտնվում են տասնյակ կամ հարյուրավոր տնտեսվարողներ նույն բնագավառում կամ դրա հետ առնչվող բնագավառներում, այդքան մարդ ավելի վճարունակ և ակտիվ է դառնում տնտեսության մեջ, որի արդյունքում աճի փոփոխություններ են լինում։

Միգուցե հատկապես կարճ ժամանակի համար տնտեսական ազդեցություն չզգացվի, բայց երկարաժամկետ առումով և ընդհանրապես տնտեսության զարգացման պոտենցիալի առումով գնահատականը միանշանակ դրական է լինելու և, դա կնպաստի տնտեսության աճին։ Երկրորդ խոսակցություն չի կարող լինել։ Հակառակ դեպքում մենք կարող ենք ասել, որ շատ երկրներում այսպիսի տնտեսական մոդելները, որ Հայաստանում կար մինչև նոր կառավարության ձևավորումը, կարող էին այդ կերպ երկրի զարգացում ապահովել, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ չկա մի երկիր, որը կոռուպցիոն համակարգ ունենալով, նման սխեմաներով աշխատելով, երկրի զարգացում ապահովի։ Չկա։ Ինչ-որ մի կարճ ժամանակ գուցե ապահովի, ինչպես մեզ մոտ արհեստական կամ թվացյալ զարգացում կար, բայց ի վերջո դրանք բոլորը, ինչպես Հայաստանում, տապալվում են կամ անհաջողություն ունենում, որովհետև այդ դեպքում տնտեսական զարգացման հակատրամաբանություն է աշխատում։ Ի վերջո, քաղաքակրթության, մարդկային զարգացման տրամաբանությունն այն է եղել, որ հնարավորինս մեծացել է նոր ստեղծված արժեքներից օգտվողների թիվը։

Այսինքն՝ եղել են ֆեոդալներ, միապետներ, հետո 18-րդ դարից սկսած եղել են հեղափոխություններ, որոնք արդյունքում վերացրել են միապետական և ֆեոդալական հարաբերությունները, և ստեղծվել են նոր տնտեսական հարաբերություններ, որտեղ ստեղծվող արդյունքից օգտվել են ոչ թե միապետներն ու ֆեոդալները, այլ սովորական քաղաքացիները։

Եվ եթե ըստ էության գնահատական տանք Հայաստանին, ապա առաջ ֆեոդալական հարաբերություններ էին, որտեղ, ճիշտ է, կային առանձին սեփականատերեր, բայց իրենց տնտեսական գործունեությունը պայմանավորված էր ոչ թե իրենց կամքով, այլ ֆեոդալի որոշումներով։ Երբևիցե որևիցե մենաշնորհ դիրք ունեցող, մեծահարուստ Հայաստանում չէր կարող այդպիսին լինել, եթե իշխանության ղեկավարն այդպիսի որոշում ընդունած չլիներ։

Ես շատ մանրամասն եմ ուսումնասիրել հատկապես այդ բուրժուադեմոկրատական հեղափոխության ֆենոմենը, թե ինչպես դա ստացվեց, և մի պարզ տրամաբանություն կա, որը շատ լավ ձևակերպված է հատկապես ազատականների աշխատություններում, որ այն ժամանակվա գործարարներն ուղղակի չէին ցանկանում կախվածություն ունենալ որևէ ազնվականից, կամ միապետից՝ կլինի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի թե Հոլանդիայի միապետը։ Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այդ ժամանակաշրջանում։ Հիմա մեզ մոտ էլ նույնն էր։ Մենք զարգացում ունեցանք, բայց պարզվեց, որ բոլորը ծառա են ֆեոդալին կամ մեր երկրի ղեկավարներին։

Այնպես որ՝ իրականում այս բացահայտումների արդյունքում մենք կարող է կարճաժամկետում հավելյալ տնտեսական աճ չունենանք, բայց երկարաժամկետ առումով՝ 2-3 տարի հետո, այդ համակարգային փոփոխության արդյունքում մենք իսկապես երկարաժամկետ տնտեսական աճի մեծ հնարավորություն կունենանք։

Տեսանյութեր

Լրահոս