Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը
Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արևային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ: Բավական է ձեռքբերել արևային էլեկտրակայան (PV) և ցանկացած փոքր և միջին բիզնես դառնում է ավելի էներգաարդյունավետ և մրցունակ: Անգամ եթե շրջանառության մեջ առկա չեն ազատ միջոցներ, ժամանակակից սարքավորումները կարելի է ձեռքբերել նոր վարկատեսակի միջոցով, որը Յունիբանկն առաջարկում է KfW գերմանական բանկի հետ համագործակցության շրջանակներում:
Յունիբանկի նոր վարկատեսակը հենց այդպես էլ կոչվում է` «Արևային էներգիա»:Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով և մինչև 10% տարեկան տոկոսադրույքով: «Արևային էներգիա» վարկը տրամադրվում է դրամով արևային էլեկտրակայանների, ջրատաքացուցիչների SWH) և կից սարքավորումների ձեռքբերման համար:
«Հայաստանում վերջին տարիներին արևային էներգիայի հիման վրա աշխատող սարքավորումների նկատմամբ պահանջարկն աճում է արագ տեմպերով: Արևային էներգիան օգտագործվում է և խոշոր, և փոքր ձեռնարկություններում, և գյուղացիական տնտեսություններում, և հյուրանոցներում: Մեր նոր վարկը նպաստում է այլընտրանքային` արևային էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը` նվազեցնելով նրանց էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը: Ավելին, գեներացվող էլեկտրաէներգիան, ավելցուկի դեպքում, կարող է անգամ վաճառվել», – նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
«Հայաստանում արևային էներգիայի ներուժը հսկայական է, բայց այսօր այս ռեսուրսի հաշվին մենք բավարարում ենք մեր կարիքների ընդամենը 2-3%-ը: Յուրաքանչյուր բիզնես, ընտանիք կամ պետական հաստատություն կարող է շահել` օգտվելով այս տեխնոլոգիայից, և դա կարող է անել առանց նախնական ֆինանսական ներդրումների: Ելնելով մեր հաճախորդների պահանջարկից և Շտիգեն ընկերության վաճառքներից, կարող եմ վստահորեն ասել, որ արևային էներգետիկայի ոլորտում մեր կողմից 8 տարի նապատրաստվող հեղափոխությունն արդեն սկսված է: Կարծում մեր գործընկեր Յունիբանկի այս քայլը հենց ժամանակին է և ռազմավարական առումով շատ ճիշտ», – ընդգծեց Շտիգեն ընկերության հիմնադիր, վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանը:
Օգտվելով Յունիբանկի վարկից, կարելի է ձեռքբերել արևային էլեկտրակայան, որի փոխհատուցվելիության ժամկետը կազմում է 5-7 տարի: Հաշվի առնելով, որ արևային էլեկտրակայանի դեպքում կարիք չկա վճարելու էլեկտրաէներգիայի համար, վարկառուի համար առավելություններն ակնհայտ են: