Երիկամների ու նրանց առողջության մասին

Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով՝ երիկամների հիվանդություն ունեցող մարդիկ կազմում են մոլորակի բնակչության շուրջ 10%-ը, և այդ թիվը, ցավոք, աճում է: Դեպքերի մեծ մասում խոսքը գնում է կամ ծանր քրոնիկ հիվանդությունների մասին, որոնք մահացու վերջաբան են ունենում, կամ էլ դրանք հիվանդություններ են, որոնք վերափոխվում են քրոնիկի:

Երիկամների հիվանդության նշանները

Երիկամների հիվանդության ստոր խորամանկությունն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ չարտահայտվել, բողոքներ չառաջացնել, չվատացնել ինքնազգացողությունը: Այդ պատճառով էլ երիկամների քրոնիկական հիվանդությունները (ԵՔՀ) շաքարախտի ու արտերիալ հիպերտոնիայի հետ միասին՝ դասվում են, այսպես կոչված, խաղաղ մարդասպանների թվին: Եթե այս հիվանդությունը բարձիթողի մատնվի ու չվերահսկվի, այն կարող է պրոգրես գրանցել, ու կզարգանա երիկամային թերմինալ անբավարարություն, այսինքն՝ երիկամները կդադարեն կատարել կենսական շատ կարևոր իրենց ֆունկցիաները:

Կարդացեք նաև

Հիվանդության այս փուլում արդեն լուրջ բողոքներ են լինում, սակայն պահը, երբ կարելի էր հիվանդությունը վերահսկել կամ բուժել, ցավոք, արդեն անդառնալիորեն բաց է թողնված: Երիկամները զարմանալի օրգան են: Նրան արտադրում են հորմոններ, ֆիլտրում են արյունը, կլանում են հանքանյութերը, պատասխանատու են միզարտադրության համար ու պահպանում են առողջ թթվահիմնային հավասարակշռությունը: Կյանքն առանց երիկամների անհնար է, իսկ չինացիների համար դրանք կենսական էներգիայի կուտակման վայրն են: Երիկամների մասին հոգ տանելը նույնն է թե՝ հոգաս սեփական երկարակեցության ու բարեկեցության համար:

Եթե ուզում ես, որ երիկամները քեզ լավ ու երկար ծառայեն, ուշադիր ծանոթացիր ստորև բերվող ցանկին ու այդ օրգանի առողջության պահպանմանն ուշադրություն դարձրու արդեն հիմա՝ ոչ մի վայրկյան չհետաձգելով:

Երիկամները ոչնչացնող գործոններ

1.Դեղորայքի չարաշահում

Երիկամների համար վտանգավոր է առհասարակ ողջ քիմիան, լինի դա դեղամիջոցներ թե մթերքների մեջ սննդային հավելումներ: Այս ցանկին են պատկանում նաև անալգետիկները, որոնք բոլորն են օգտագործում: Երիկամների համար վտանգավոր են հակաբիոտիկները, օրինակ՝ ցիպրոֆլոքսացինը, մետիցիլինը, վանկոմիցինը, սուլֆանիլամիդները: Վտանգ են ներկայացնում նաև անալգետիկները, ներառյալ՝ացետամինոֆենը և ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատները՝ ասպիրինը, իբուպրոֆենը, նապրեքսենը:

2. Շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ խմելու սովորությունը

Համաձայն ճապոնացի գիտնականների անցկացված հետազոտությունների՝ օրական 2 կամ ավելի գազավորված ըմպելիքների օգտագործումը կարող է մեծացնել երիկամների հիվանդության ռիսկը: Հետազոտությանը մասնակցել է 12000 մարդ, և նրանց մեզի մեջ, ովքեր գազավորված ըմպելիքի մեծ քանակ են օգտագործել, հաճախ է սպիտակուց հայտնաբերվել: Մեզի մեջ սպիտակուցի առկայությունը երիկամների ախտահարման վաղ նշաններից է, բայց այն շուտ հայտնաբերելու դեպքում դեռևս կարելի է բուժել:

3. Բ6 վիտամինի պակասը

Երիկամների լավ կենսագործունեության համար մեծ նշանակություն ունի առողջ սնունդը, ու ամերիկյան հետազոտողները գտնում են, որ Բ6 վիտամինի պակասը մեծացնում է երիկամներում քարերի գոյացման հավանականությունը: Երիկամների օպտիմալ կենսագործունեության համար պետք է օրական ամենաքիչը 1.3 միլիգրամ Բ6 վիտամին օգտագործել: Դրա հարուստ աղբյուրներ են համարվում ձուկը, ընդեղենը, տավարի լյարդը, կարտոֆիլը և օսլա պարունակող բանջարեղենը, ինչպես նաև՝ մրգերը, բացի ցիտրուսայիններից:

4. Արյան բարձր զարկերակային ճնշումը

Հիպերտենզիայով տառապող մարդկանց մոտ 40%-ով ավելի հաճախ է ի հայտ գալիս երիկամային հիվանդություն և սրտի կանգ, այնինչ հիպերտոնիայով տառապող շատերը չեն էլ կասկածում, որ իրենց ճնշումը նորմայի մեջ չէ: Արյան բարձր ճնշումը շատ հաճախ իր մասին զգացնել չի տալիս, սակայն աստիճանաբար, տառացիորեն ներսից քայքայում է օրգանիզմը: Հիպերտոնիան կարելի է կառավարել՝ փոխելով կենսակերպը: Սա կօգնի աշխարհում միլիոնավոր մահերից խուսափել:

5. Կարմիր մսի և ֆասթ-ֆուդի գործածությունը

ԱՄԿ-ն ահազանգում է. Մարդիկ չափազանց շատ կարմիր միս են գործածում, ինչը քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկ է պարունակում: Բացի դրանից, դա ազդում է նաև երիկամների հիվանդացության հաճախականության վրա: Սթեյքների ու նրբերշիկների սիրահարների համար երիկամային հիվանդությունը 40%-ով ավելի հաճախ է զարգանում, քան նրանց մոտ, ովքեր գործնականորեն կարմիր միս չեն օգտագործում՝ այն փոխարինելով թռչնամսով:

Գիտնականները կոչ են անում սահմանափակել կարմիր մսի գործածությունը և փորձել սպիտակուց ստանալ այլ աղբյուրներից, օրինակ, ընդեղենից կամ վերոհիշյալ սպիտակ մսից:

6. Կոնտրաստային ջերմաստիճաններ

Երիկամները ջերմաստիճանային վայրիվերումներ չեն սիրում, օրինակ, այնպիսիները, ինչպիսին է շոգեբաղնիքից միանգամից սառը ջրհոր հետվելը կամ շոգ լողափին այրվելուց հետո սառը ցնցուղի տակ մտնելը: Վտանգավոր են ոչ միայն ջերմաստիճանային վայրիվերումները, ցրտահարությունը, այլև սաստիկ շոգը: Եթե այդ դեպքում նաև օրգանիզմին ջրի անհրաժեշտ քանակությամբ չապահովես, կխախտվի նաև աղաջրային հավասարակշռությունը: Արյունը կխտանա, վատ կմաքրվի, ինչի պատճառով երիկամները սկսում են չստանալ արյան մեջ պարունակվող անհրաժեշտ քանակի սննդային նյութեր:

7. Ծխելը

Վաղուց հաստատված է, որ ծխելն ու աթերոսկլերոզն ուղիղ կապի մեջ են միմյանց հետ: Արյունատար անոթների նեղացումն ու պնդացումն ազդում է կենսական բոլոր կարևոր օրգաններին արյուն մատակարարելու վրա, այդ թվում նաև՝ երիկամների: Անգլիական Clinical Pharmacology and Therapeutics ամսագրում հրապարակված հետազոտությունների համաձայն՝ օրական 2 ծխախոտը բավարար է, որպեսզի մեր արյան մեջ էնդոթելիալ բջիջների քանակը կրկնակի ավելանա:

8. Ֆիզիկական վարժությունների պակասը

Ֆիզիկական վարժությունները երիկամները պաշտպանելու ևս մեկ միջոց են: Ամերիկյան  Journal of the American Society of Nephrology ամսագրում հրապարակված խոշորագույն հետազոտության տվյալների համաձայն՝ դաշտանադադարի ժամանակ սպորտով զբաղվող կանանց 31%-ն ավելի քիչ են հակված երիկամներում քարերի գոյացման ռիսկին:

9. Մագնեզիումի անբավարարություն

Եթե դու մագնեզիումի բավարար քանակ չես ստանում, օրգանիզմը չի կարող, ինչպես հարկն է, յուրացնել կալցիումը, ինչը կարող է հանգեցնել կալցիումի ավելցուկի ու երիկամներում քարագոյացության: Այդ պրոցեսը կանխարգելելու համար օգտագործիր կանաչ բանջարեղեն, ընդեղեն, սերմեր և ընկուզեղեն: Օգտակար ավոկադոն նույնպես մագնեզիումի լավ աղբյուր է:

10. Ջրի ոչ բավարար քանակի գործածություն

Որպեսզի երիկամներն իրենց գործառույթները կատարեն, նրանց բավարար քանակի ջուր է հարկավոր: Եթե դու ջուր քիչ ես խմում, արյան մեջ կարող են սկսել թույներ կուտակվել, ինչը պայմանավորված է հեղուկի պակասով, որը բավարար քանակի դեպքում դրանք կլվանար, կհեռացներ երիկամներից: Պետք է օրական ամենաքիչը 12 բաժակ ջուր խմել: Մեզի գույնին նայելով՝ դուք կհասկանաք՝ արդյո՞ք բավարար քանակի ջուր եք խմում թե՞ ոչ:

11. Ճարպակալում

Դա կարող է շատ ակնհայտ չթվալ, սակայն հենց չափազանց ավել քաշն է հանդիսանում երիկամների հիվանդություն սադրող հիմնական պատճառներից մեկը: Համաձայն վերջին հետազոտությունների՝ հենց ավել քաշն է հանդիսանում երիկամային քրոնիկ հիվանդության, երիկամաքարային հիվանդության ու երիկամների քաղցկեղի զարգացման վրա ամենաշատն ազդող գործոններից մեկը: Նորմալ քաշ ունեցող մարդկանց համեմատությամբ՝ ճարպակալում ունեցող հիվանդների մոտ երիկամային անբավարարության թերմինալ աստիճանի զարգացման հավանականությունը մեծանում է 2-7 անգամ: Օպտիմալ քաշի պահպանումը կրճատում է նաև երիկամներում քարերի գոյացման հավանականությունը:

12. Շրջակա միջավայրի աղտոտվածությունը

Երիկամների հիվանդությունների հաճախականացման մեծացումը հետազոտողները կապում են նաև շրջակա միջավայրի աղտոտվածության, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ: Վերջին ժամանակներս գիտական հոդվածներում անգամ սկսել են գործածել սթրեսային նեֆրոպատիա տերմինը: Այն հաճախ ախտորոշում են ժամանակակից մեգապոլիսների բնակիչների մոտ:

13. Սննդի մեջ աղի չափազանց շատ առկայություն

Աղը, անշուշտ, կարևոր է օրգանիզմի համար, սակայն նրա գործածությունը պետք է սահմանափակել, այլապես շատ մեծ քանակի աղը կարող է բարձրացնել արյան զարկերակային ճնշումը և էականորեն ավելացնել երիկամների ծանրաբեռնվածությունը: Օրական 5 գրամից ավելի աղ չի կարելի օգտագործել:

14. Ալկոհոլի չարաշահում

Ալկոհոլը քայքայում է ոչ միայն լյարդը, այլ նաև երիկամները: Այնպես որ, սահմանափակեք ալկոհոլի գործածությունը, խմեք այն չափավոր քանակությամբ:

Ինչպե՞ս ի հայտ բերել երիկամների քրոնիկ հիվանդությունը

Սկզբնական շրջանում երիկամների ախտահարումն ընթանում է առանց նախանշանների: Սակայն երիկամների խնդիրները հեշտությամբ կարող են ի հայտ բերվել պարզ անալիզների ու հետազոտությունների միջոցով՝

  • Արյան ընդհանուր անալիզ
  • Արյան բիոքիմիական անալիզ՝ կրեատինինի (դա երիկամների միջոցով դուրս բերվող օրգանիզմի սպիտակուցային փոխանակության վերջնական արտադրանքներից մեկն է) մակարդակի որոշմամբ:
  • Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն
  • Միկրոալբումինուրիայի թեստ: Սա մեզի մեջ սպիտակուցի առկայությունն է: Նորմայի դեպքում սպիտակուցը մնում է օրգանիզմում ու չի ներթափանցում մեզի մեջ: Մեզի մեջ սպիտակուցի՝ ալբումինի առկայությունը կարող է խոսել երիկամների ֆունկցիայի խանգարման մասին: Շաքարախտով ու հիպերտոնիայով տառապող հիվանդներն այս անալիզը պետք է անեն տարին 1 անգամից ոչ պակաս, որպեսզի վաղ շրջանում կարողանան հայտնաբերել երիկամների քրոնիկ հիվանդության նշանները:

Ցավոք, նեֆրոլոգին առաջին այցելության պահին հիվանդների կեսից ավելին արդեն ունենում են ԵՔՀ-ի ուշացած, բարդացած վիճակ, երբ բուժումն անհնար է, ու մնում են միայն դիալիզն ու փոխպատվաստումը: սակայն այդ մարդկանց, ովքեր, որպես կանոն, արդեն տառապում են շաքարախտով, ճարպակալմամբ կամ սրտանոթային հիվանդություններով, կարող էր օգնել իրենց բուժող բժիշկը, եթե ժամանակին նշանակեր անցնել արյան և մեզի հետազոտություններ, ճիշտ մեկնաբաներ դրանց արդյունքները և բուժման ընթացքը հսկողության տակ պահեր:

Ցավոք, շատերն իրենց ախտորոշման մասին իմանում են այն ժամանակ, երբ հայտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ սուր երիկամային անբավարարությամբ, հիպերտոնիկ կրիզով, ինֆարկտով կամ ինսուլտով:

Երիկամների առողջությունը քո ձեռքերում է: Երիկամային հիվանդությունների սրացում շատ հաճախ նկատվում է աշնանն ու գարնանը: Այդ պատճառով էլ այդ սեզոններին ավելի ուշադիր է պետք լինել: Հետազոտողները վստահ են, որ սննդակարգի փոփոխությունն ու ֆիզիկական ակտիվության ավելացումը կօգնի խուսափել առողջության հետ կապված շատ խնդիրներից, այդ թվում՝ երիկամների հիվանդությունից: Հիշիր, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս