«Այս հեղափոխությունը ստեղծել է այդ հնարավորությունը, հուսով ենք կամք կլինի, որ ապահովվի կանանց բավարար մասնակցություն»

Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները չեն ցանկանում, որպեսզի խորհրդարանում կանանց մասնակցությունն ավելի շատ քվոտաներով ապահովելը ներկայացվի որպես բարի կամքի դրսևորում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքների համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ՀՀ կառավարությունում կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ներկայացնող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կանանց ներգրավվածությունը օրենսդրության պահանջն է, Հայաստանն էլ մի շարք կոնվենցիաներով է պարտավորվել։

«Այսօր կարծրատիպերը կոտրելու հնարավորություն ունենք: Այս հեղափոխությունը ստեղծել է այդ հնարավորությունը, հուսով ենք կամք կլինի, որ ապահովվի կանանց բավարար մասնակցություն։ Մենք առաջարկությունների փաթեթ ունենք՝ ցանկանում ենք, որպեսզի 50/50 կամ 40/60 մասնակցություն լինի»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ տոկոսները վերաբերում են ցուցակին, այսինքն՝ ըստ իրենց առաջարկի, ցուցակում ամեն երկրորդը կին պետք է լինի, իսկ խորհրդարանում ինքնաբացարկի արդյունքում չի կարող սեռերից որևէ մեկի տոկոսը 40 տոկոսից ցածր լինել։

«Ես հասկանում եմ, որ քվոտան ամենալավ տարբերակը չէ, բայց դա դեռևս միակ տարբերակն է, որ փորձ կանի կոտրել կարծրատիպերը և փոփոխություն կմտցնի հասարակության պատկերացումների մեջ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Խոսելով կրթվածության մասին՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ներկայացնող իրավապաշտպանն ընդգծեց, որ կանայք ավելի կրթվածության մակարդակով ավելի բարձր են, սակայն կառավարական օղակներ իրենք չեն հասնում։

Այս նկատառմանն ի պատասխան Իոաննիսյանը շեշտեց, որ կանայք միջինում ավելի կրթված են, և իրենք դա իրենց կազմակերպության օրինակով էլ են տեսնում։

«Սա լավ առիթ է կարծրատիպերը կոտրելու և հասարակությանն ասելու, թե ինչ տարբերություն՝ կին, թե տղամարդ, մարդս մարդ լինի»,- արձագանքեց ԸՕ փոփոխությունների նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքների համակարգողը։

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը նկատեց, որ խորհրդարանը թոշակի տեղ չի և մարդիկ այնտեղ պետք է աշխատեն, օրենսդրություն մշակեն։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերից մեկում ասել էր, որ կանայք պետք է լայնորեն ընդգրկվեն կառավարման համակարգում: Սիսիանում էլ է կրկնել այդ խոսքերը: Լավ կլինի, որպեսզի այնպես չստացվի, որ բոլոր համայնքները ղեկավարում են միայն տղամարդիկ, և ոչ բոլոր դեպքերում է, որ տղամարդիկ լավ են ղեկավարում: Չեմ կարծում, որ մեր երկիրն այդքան զուրկ է կանանց ռեսուրսից, որ խոշորացված համայնքներում միայն Ամասիայի համայնքապետն է կին»,- նկատեց Ջեմմա Հասրաթյանը:

Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներն Իոաննիսյանին ասացին, որ քվոտան ապահովելը չպետք է ներկայացվի որպես բարի կամքի դրսեւորում, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովրդի 52 տոկոսը կանայք են:

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան ներկայացնող Նվարդ Մարգարյանն ասաց. «Խորհրդարանում ներկայացված տղամարդիկ չեն կարող ներկայացնել իմ խնդիրները, որոնք վերաբերում են իմ սեռին, իմ գենդերին: Ես չեմ ուզում մենք էլի կանգնենք հին տաշտակի առաջ, ինչ մի քանի տարի առաջ էր, երբ կանանց հնարավոր ռիսկային հղիության մասին քննարկումներ ու որոշումներ էին կայացնում տղամարդիկ, երբ իրենք երբեք հղի չեն լինում ու չեն հասկանում, թե դա ինչ է»:

Տեսանյութեր

Լրահոս