Ինչպիսի՞ հայր, որդի, ամուսին է տեր Պարթևը
«Շողակն Արարատյան» ամսաթերթի թղթակիցը զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ
Մեծացել եմ եկեղեցու բակում
– Տե՛ր հայր, ի՞նչ է նշանակում` ծնվել և ապրել Էջմիածնում:
-Էջմիածինը հոգևոր միջավայր է, որի մի մասնիկն եմ ծնված օրից: Վայր, որը Աստված է ընտրել: Ծնվել եմ 1982 թվականին, մեծացել եկեղեցու բակում, որին նայում էր հայրական տունս: Հայրս ու մայրս ծնունդով էջմիածնեցի են: Հայրս ավտոընկերության ուսուցիչ էր, մայրս` հաշվապահ: Ընտանիքս ապրում էր խորհրդային և դրան հաջորդող շրջանի բոլոր դժվարություններով: Սակայն դրանք հաղթահարելի էին, քանզի ապրում էինք սիրով և հավատով: Վանեցի տատս և բիթլիսեցի պապս մեր տոհմիկ հավատքի հենասյուներն էին: Պապս Մայր Տաճարի ժամկոչն էր, տատս` մաքրության պատասխանատուն: Հենց նա է պնդել, որ ես վեց ամսականում մկրտվեմ, իսկ յոթ տարեկանում` հոգևոր դասեր ստանամ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հիշում եմ, թե ինչպես ձեռքս բռնած տարավ եկեղեցու դպրաց խումբ, որտեղ մենք քարոզներ էինք լսում, շարական ու սաղմոս սերտում, օգնում եկեղեցու շինարարներին, մաքրում շրջակայքը: Ավելի ուշ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցել եկեղեցական ծիսակատարություններին, բարձրանալ Սուրբ Խորան:
Ճեմարան ընդունվելու որոշումն օրինաչափ էր
– Երբևէ մտածե՞լ եք այլ ուսումնական հաստատությունում սովորելու մասին:
-Յուրաքանչյուր տարիքում իմ ընկալումներին համապատասխան հոգևոր կյանքով եմ ապրել: Հետևաբար` ճեմարան ընդունվելու որոշումն օրինաչափ էր: Ընդունվեցի 1998 թ.: Ես այն երջանիկ սերնդից եմ, ում առջև արգելքներ չեն եղել, ավելին` ապրել եմ հոգևոր զարթոնքի շրջանում, որն առ այսօր շարունակվում է և մղում նորանոր արարումների:
Երբ երիտասարդ ես և քեզ հովվություն է վստահված
– Անդրադառնանք Ձեր հոգևոր ծառայությանը:
-Գևորգյան հոգևոր ճեմարանում երկու տարի սովորելուց հետո մեկնեցի զինվորական ծառայության: Վերադարձա, շարունակեցի ճեմարանական ուսումնառությունս: Սարկավագ ձեռնադրվելուց հետո ծառայության անցա Մայր Աթոռում` որպես լուսարար: 2008 թ. կրկին ծառայում էի բանակում` արդեն որպես հոգևոր սպասավոր: Երկու տարի անց Սբ. Էջմիածնի դիվանատանն էի ծառայում: Ամուսնացյալ քահանա ձեռնադրվելուց հետո նշանակվեցի Եռաբլուրի Սբ. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ: 2014 թվականից ծառայել եմ առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում, մեկ տարի անց` Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ նշանակվել եմ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ: Պետք է խոստովանեմ` երբ երիտասարդ ես և քեզ հովվություն է վստահված, մեծ է պատասխանատվությունդ, ձգտում ես արդարացնել այդ վստահությանը:
-Ի՞նչ է Ձեզ համար հոգևոր ծառայությունը:
-Հոգևոր ծառայությունը նվիրվածությունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Եթե նվիրումով ես ծառայում վերադարձնում ես աստվածային սերը: Այդ սերն ի վերուստ դրված է մեր մեջ, և հոգևորականի դերը հենց նրանում է, որպեսզի օգնի յուրաքանչյուրին գտնելու այն: Երբ տեսնում եմ երիտասարդների ձեռքբերումները, կիրակնօրյա վարժարանի աշխուժությունը, Տիկնանց միության համատեղ ուժերով իրականացվող բարեգործությունները բազմամարդ Սուրբ Պատարագները, Տիրոջ հանդեպ շնորհակալությունս բազմապատկվում է:
Ընտանիքս ինձ հետ ծառայում է
– Ինչպիսի՞ հայր, որդի, ամուսին է տեր Պարթևը:
– Ընտանիքիս անդամները գուցե ավելի իրատեսական կպատասխանեին, բայց ասեմ., քանի որ իմ ընտանիքում կան այնպիսի քրիստոնեական արժեքներ և ավանդույթներ, ինչպիսիք են սերը, հարգանքը և հնազանդությունը, աշխատում եմ բոլոր հարաբերություններում պահպանել դրանք: Ուզում եմ իմ զավակներին վերաբերվել այնպես, ինչպես իմ և կնոջս ծնողները` մեզ: Երջանիկ հայր եմ, ամուսին, որդի: Եվ քանի որ մշտապես զգում եմ ընտանիքիս օրհնությունն ու աջակցությունը, կարող եմ ասել, որ ընտանիքս ինձ հետ ծառայում է:
Պատրաստեց Գրետա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ