Բաժիններ՝

«Չաշխատելու արդյունքում մենք կարող ենք բնապահպանական խնդիրներ ունենալ». «Լիդիան Արմենիան» 10 օր չաշխատելու հետևանքով արդեն 5 միլիոն դոլար է կորցրել

Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, հարակից համայնքների բնակիչներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՝ պահանջելով բացել բոլոր փակ ճանապարհները, որպեսզի ընկերությունը կարողանա վերսկսել իր աշխատանքները։

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակ են, հանքում դադարեցված են բոլոր աշխատանքները, քանի որ մի խումբ քաղաքացիներ պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքը շահագործելու գործընթացը։

Այսօր կառավարության դեմ բողոքի դուրս եկած ընկերության աշխատակիցները կառավարությանը նամակ հանձնեցին, որում իրենց դժգոհությունն են հայտնում հանքի աշխատանքների դադարեցման վերաբերյալ։ Նրանք պահանջում են բացել ճանապարհները, որպեսզի կարողանան նորից աշխատել, իսկ նախատեսվող աուդիտը կամ ստուգումները, ըստ հանքի աշխատակիցների, կարող են իրականացվել հանքի աշխատանքներին զուգահեռ։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարդիկ ուղղորդված փորձում են ընկերության վարկանիշի վրա ազդել։ Նա վստահեցրեց, որ բոլոր բնապահպանական և սոցիալական չափանիշերն ամենաբարձր մակարդակով պահպանվում են։

«Այսօր ՀՀ-ում չկա նման ընկերություն, ձեռնարկություն, որն ունի այնպիսի բարձր չափանիշեր, ինչպիսին ունի «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագիրը։ Բազմիցս ասել ենք՝ ունենք և՛ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը ՀՀ-ի օրենքներին համապատասխան, և՛ միջազգային չափանիշերի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը։ Այս ծրագիրը Հայաստանում այսօր ամենախոշոր և ամենալավ ներդրումային ծրագիրն է։ Մինչև այսօր ներդրել է ավելի քան 320 միլիոն դոլար, այստեղ աշխատում է ավելի քան 1400 մարդ, և մենք պահանջում և ուզում ենք, որ մեզ հնարավորություն տան աշխատելու։ Մենք միանում ենք վարչապետի՝ ճանապարհները բացելու հորդորին։ Եթե կան բնապահպանական խնդիրներ, խումբ է կազմվել և այցելելու է հանքավայր, բայց անկախ ամեն ինչից՝ մենք ունենք թույլտվություններ՝ հանքը շահագործելու, ու ուզում ենք օգտվել մեր օրինական թույլտվություններից»,- նշեց ընկերության տնօրենը։

Նա ասաց, որ ինքը գիտի, որ կառավարությունում խումբ է ստեղծվում, որը պետք է ստուգումներ անցկացնի այդ ծրագրում, բայց նշեց, որ իրենց հետ դեռ կապ չեն հաստատել։ Ըստ Հ. Ալոյանի՝ իրենք կարող են վերսկսել աշխատանքները, և զուգահեռաբար կառավարության անդամները կարող են իրականացնել իրենց ստուգումները։

168.am-ը հետաքրքրվեց՝ Ձեր պատկերացմամբ՝ հանքում բնապահպանական ի՞նչ խնդիրներ կարող են լինել։ Ի պատասխան՝ Հ. Ալոյանն ասաց. «Ես վստահ եմ՝ մենք բնապահպանական խնդիրներ չունենք։ Մենք կարող ենք  ունենալ բնապահպանական խնդիրներ չաշխատելու արդյունքում, որովհետև տվյալ պահին շինարարական հարթակը մնացել է առանց ջրցան մեքենաների, այսինքն՝ ջուրը չի ցանվում, կան խնդիրներ, ու մենք չենք կարողանում մտնել տարածք և իրականացնել մեր աշխատանքները, սա կարող է բնապահպանական խնդիրների հետևանք հանդիսանալ»։

Նշենք, որ ընկերությունը չաշխատելու արդյունքում ամեն օր 500 հազար դոլարի կորուստ է ունենում, և ստացվում է, որ ընկերությունն արդեն 5 միլիոն դոլարի կորուստ է ունեցել 10 օր չաշխատելու արդյունքում։ Հ. Ալոյանը չի բացառել, որ այս ամենի շարունակվելու դեպքում՝ իրենք դիմելու են կառավարությանը փոխհատուցում ստանալու համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս