«2019 թվականի մայիսին «Արարատբանկում» հաշիվների բացումն իրականացնելու են ռոբոտներ». Աշոտ Օսիպյան
«2017 թվականն «Արարատբանկի» համար շատ արդյունավետ և զարգացման առումով կարևոր տարի էր»,- հունիսի 15-ին «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։
Նրա խոսքով՝ իրենք 2017-ին իրականացրել են Զարգացման հայկական բանկի ձեռքբերում, միաձուլում, մեկնարկել են ներդրումային բանկի և թվային բանկի սկիզբը.
«Մեր աճի տեմպերը տպավորիչ են, մենք ունենք միջինը 50 տոկոսանոց աճեր, ինչը շատ կարևոր է։ «Արարատբանկը» շուկայում ամրապնդվել է իր բոլոր ծառայություններով։ 2017 թվականն «Արարատբանկի» համար շատ արդյունավետ և զարգացման առումով շատ կարևոր տարի էր։ 2017-ը ցույց տվեց, որ մենք ունակ ենք իրականացնել ոչ օրգանիկ աճ, ունակ ենք սկսել նոր ուղղություններ, ունակ ենք միաձուլել ֆինտեխը բանկային առևտրային համակարգին, ունակ ենք ներդնել նոր ծառայություն ՀՀ-ի համար։ Սրանք 2017 թվականի հիմնական խնդիրներն էին, որոնք մենք լուծեցինք։ Բանկի գործադիրը 2017 թվականին կատարեց ռազմավարությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները, որի համար ես շատ երջանիկ եմ։ Մեր շահույթը 2017-ին 2 անգամ մեծ էր, քան՝ մենք ունեցել ենք 2016-ին։ 2017 թվականի շահույթը կազմել է 2 միլիարդ 4 միլիոն դրամ»։
Ա. Օսիպյանը նշեց, որ 2018 թվականի սեպտեմբերի վերջ բանկը տեղական IP-ով դուրս կգա տեղական շուկա, նաև ծրագրում են 2019 թվականի մայիսին դուրս գալ միջազգային շուկա. «Աշխատանքներն արդեն սկսել ենք։ Մենք բավականին մեծ աշխատանք ենք տարել ֆինտեխով, մենք ունենք «Արարատբանկ» service guide, ունենք mobile application և 2019 թվականի մայիսին «Արարատբանկում», օրինակ, հաշիվների բացումն իրականացնելու են ռոբոտներ»։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ ժողովի ժամանակ ելույթ ունեցավ՝ նկատելով, որ բազմամյա գործունեության ընթացքում «Արարատբանկը» կարևոր դեր է ունեցել ՀՀ բանկային համակարգի զարգացման և կայացման գործում.
«Վարելով ակտիվ վարկային քաղաքականություն և ներգրավված լինելով հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերում՝ «Արարատբանկը» մշտապես նպաստել է ՀՀ-ի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ուղղությունների զարգացմանը։ Միայն վերջին երեք տարիների ընթացքում բանկն ապահովել է վարկերի 20 տոկոս միջին տարեկան աճ, որը տպավորիչ է»։
Ն. Երիցյանն ընդգծեց, որ «Արարատբանկն» աչքի է ընկնում նաև կապիտալի շուկայում իր ակտիվ մասնակցությամբ. «Վերջին տարիներին բանկը հաջողությամբ տեղաբաշխել է արտարժութային պարտատոմսեր՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը»։
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Հակոբ Անդրեասյանն էլ ժողովի ժամանակ նշեց, որ «Արարատբանկն» իր ամենասիրելի բանկերից մեկն է։
Լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ ՀՀ տնտեսության մեջ բանկերի ցանկը բավականին մեծ է.
«Բանկերը 17-ն են, և լավ մրցակցային դաշտ կա, որը ստիպում է բանկերին տարբեր մոտեցումներ որդեգրել։ 10 տարի շարունակ «Արարատբանկը», սկսելով 0-ից, կառուցել է է մի շատ կայուն բանկ, որն ունի իր ուրույն ձեռագիրը։ Բանկն ավելի շատ միտված է երիտասարդությանը։ Պրոդուկտները, որոնք առաջարկվում են, ապագային միտված պրոդուկտներ են։ Կարծում եմ՝ այստեղ այն դեպքն է, որ բանկի բաժնետերերը և տնօրինությունը հեռուն միտված ծրագրեր են իրականացնում։ Կարծում եմ՝ բանկն իրոք դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, ու նոր անակնկալներ կմատուցեն ՀՀ-ի ազգաբնակչությանը և ձեռներեցներին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։