
Թուրքիան պատրաստվում է թողարկել սեփական արտադրության էլեկտրամոբիլներ

Մինչեւ 2021 թվականը Թուրքիան մտադիր է միանալ ավտոմեքենաներ արտադրող երկրներին թվին, ընդ որում՝ նա դա պատրաստվում է անել սեփական արտադրության միանգամից հինգ տարբեր մոդելների պատրաստման ճանապարհով: Այդ պլանների մասին, ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, հայտարարել է հանրապետության գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն։
«Սկզբնապես արտադրական հզորությունները նախատեսված կլինեն 200 հազար ավտոմեքենայի թողարկման համար: Պլանավորվում է պատրաստել ավտոմեքենաների հինգ մոդել, ընդ որում՝ խոսքը էլեկտրամոբիլների մասին է, ինչպես որ դա պլանավորվում էր ի սկզբանե»,-ընդգծել է նա:
Մեկնաբանելով այս նախագծի իրագործման հանրապետության պլանները՝ նախարարության ղեկավարը նաեւ պատմել է, որ «ավտոմեքենաները նախատեսված են միջին եւ բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար»: «Դրանք լյուքս դասի ավտոմեքենաներ չեն լինի, մենք ակնկալում ենք թողարկել C եւ B դասի ավտոմեքենաներ: Ընդ որում՝ ավտոմեքենաները որակով կգերազանցեն արտասահմանյան նմանօրինակներին, ինչպես նաեւ առնվազն 5 տոկոսով ավելի էժան կլինեն»,-նշել է նա:
Օզլյուի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում թուրքական ավտոմեքենայի ստեղծման նախագիծը գանձարանին կբերի առնվազն 50 մլրդ եվրո: «Այս նախագիծը նաեւ կնպաստի 4 հազար մասնագետների աշխատանքի տեղավորմանը, դրա շրջանակներում կբացվի մինչեւ 20 հազար աշխատատեղ»,-հայտնել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: