Բաժիններ՝

Հավասարության անհավասարությունը

Կրթության պետական նորանշանակ պատասխանատուների գլխավոր թեման է դարձել կրթության հավասարությունը և այսպես կոչված պայքարն էլիտարիզմի դեմ: Խոստանում են անզիջում պայքար ծավալել հավասարությունը խախտողների դեմ, կոռուպցիոն բացահայտումներ անել, մեղավորներին պատժել ևն:

Չեն խորշում անթույլատրելի անձնական վիրավորանքներից, ստուգումներն ուղղորդելուց` առանց հասկանալու, որ դա պետական դիրքի չարաշահում է և առնվազն իրավական դաշտի քննության առարկա: Կոռուպցիայի դեմ անշուշտ պետք է պայքարել և արմատախիլ անել այդ չարիքը: Եթե կատարվել են կոռուպցիոն բացահայտումներ, գործերը պետք է անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին և զերծ մնալ վաղօրոք մեկնաբանություններից:

Սակայն հարց է առաջանում. կրթությունն ուրիշ խնդիր չունի՞: Որակի և դրան հասնելու մասին ե՞րբ ենք խոսելու: Եթե կրթությունը չունենա բարձր հավակնություններ և սովորողին չընձեռի լավագույնին հասնելու հնարավորություն, ապա հավասարության հարմարավետ քարոզը տանելու է համահարթեցման և միջակության բուծման:

Իսկ կրթության ամենամեծ թշնամին մեր այսօրվա կրթական համակարգում արմատավորված միջակությունն է, որը դատապարտում է մեզ ոչ մրցունակ լինելու այսօրվա խիստ մրցակցային աշխարհում: Կրթությունն, այո՛, պետք է ապահովի իրավական և իրական հավասարություն, բայց նաև խթանի բարձր ձգտումների անհավասարություն:

Կարդացեք նաև

Մարդիկ և՛ հավասար են, և՛ անհավասար: Հավասար են իրավունքներով, անհավասար են իրենց աստվածատուր տաղանդով: Տաղանդավոր ժողովրդին չաշխատող կրթական ծրագրեր պարտադրելը ազգային ներուժը փոշիացնելու ուղիղ ճանապարհն է: Ստեղծել ենք մի կրթական համակարգ, ուր տառապում է սովորելու ցանկություն և՛ ունեցողը, և՛ չունեցողը: Սովորելու ցանկություն ունեցողը տառապում է ցանկություն չունեցողների միջավայրում, իսկ սովորելու ցանկություն չունեցողը տառապում է, որովհետև պարտադրված է անելու մի բան, որը չի ուզում: Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը հայտնվել են անիրագործելի և անորակ կրթական ծրագրի բեռի տակ:

Արդյունքում սովորողը հրաշքով սովորում է` հնարավորինս խուսափելով ժամանակակից հմտություններ չզարգացնող կրթական ծրագրից, իսկ սովորելու ցանկություն չունեցողի միակ հույսն արտագրություններ են և իր գիտելիքներին չհամապատասխանող գնահատականների կորզումը: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում միջին դպրոցն ավարտելուց հետո, ըստ առաջադիմության կամ քննությունների միջոցով, ոմանք գնում են ավագ դպրոց, ոմանք էլ` միջին մասնագիտական կրթական հաստատություններ:

Այդպես է եղել նաև խորհրդային տարիներին, երբ գոյություն ուներ ուսումնարանների և տեխնիկումների բավականին զարգացած ցանց: Եթե մենք բոլորին ավագ դպրոցի ժամանակակից ծանր ծրագրեր պարտադրենք, շատերին կարող ենք կոտրել: Լուծումը համատարած գնահատականներ նկարելն է:

Այս առումով մեր հանրակրթության կարևորագույն խնդիրներից մեկը որակյալ միջին մասնագիտական կրթության ապահովումն է: Այս խնդիրը լուծելով` մենք ավագ դպրոցը կազատենք սոցիալական խնդիր լուծելու պարտականությունից և կդարձնենք սովորելու միջավայր: Եթե, իհարկե, ստեղծում ենք մրցունակ կրթական բովանդակություն և կարողանում ենք համակարգն ապահովել որակյալ ուսուցիչներով:

Այս տեսանկյունից բոլոր ավագ դպրոցները կարող ենք դարձնել գերազանցության կամ էլիտար կենտրոններ «էլիտար» բառի լավագույն իմաստով, որը նշանակում է ընտիր, այսինքն` որակյալ: Հավասարության և անհավասարության սկզբունքների գոյակցությունը վճռորոշ է նաև հիմնական դպրոցի համար:

Լավ հիմնական դպրոցն ավագ դպրոցի կայացման հիմքն է: Մենք վաղ հասակից երեխաներին պետք է տանք կրթության և՛ հավասար, և՛ սեփական տաղանդն իրագործելու անհատականացված հնարավորություն: Պետք է հիմնովին վերանայել, բեռնաթափել և արդիականացնել տարրական և միջին դպրոցների կրթական ծրագրերը: Տաղանդի բացահայտումը և իրագործումը, ժամանակակից հմտությունների ձևավորումը, արժեքների ամրագրումը և բարոյական դաստիարակությունը պետք է դառնան հիմնական կրթության հիմնախնդիրը:

Այստեղ նույնպես Արարատյան բակալավրիատն ունի մի շարք նորարարական լուծումներ, որոնք կարելի է կիրառել և բարձրացնել մեր հիմնական կրթության արդյունավետությունը: Որքան էլ լավ ծրագրեր ունենանք, եթե հասարակությունը և պետությունը չփոխեն իրենց վերաբերմունքն ուսուցչի մասնագիտությանը, կրթության որակի մասին խոսելն ավելորդ է: Իսկ ի՞նչ ունենք: Միայն քանակ ապահովող կարճատեւ վերապատրաստումներ առանց չափելի վերջնարդյունքների:

Չկան ուսուցչի զարգացման արդյունավետ ծրագրեր, որակի պահանջ և դրանց իրականացման մեխանիզմներ: Ուսուցչի մասնագիտությունը դարձել է անհրապույր և ոչ ձգողական: Տաղանդավոր մարդիկ խուսափում են դպրոց մտնելուց: Դեռ հրաշքով պահպանվել են որոշ որակներ, որոնց վրա կարելի է կառուցել նոր որակներ: Հիմա «ապահանրապետականացման», կոռուպցիայի մեղադրանքներով մենք վտանգել ենք ուսուցչի առանց այդ էլ խարխլված հեղինակությունը:

Անկախության այս տարիների ընթացքում բարձիթողի են արված կրթության ղեկավարների զարգացման ծրագրերը: Իսկ առանց ժամանակակից առաջնորդության և կառավարման հմտությունների զարգացման հնարավոր չէ որևէ գործ անել աշխարհում, էլ ուր մնաց կրթությամբ զբաղվել: Դպրոցները կարիք ունեն ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման արդյունավետ համակարգերի:

Եվ այստեղ նույնպես անապատացած վիճակ է: Մեր քննությունների որակը թերևս ամենածանր խոսակցության թեմա է: Մինչդեռ ընդունված է ասել` ինչպիսի քննություն ունես, այնպիսի էլ կրթություն ունես: Մենք սոսկ չափում ենք գիտելիքներ` շատ հաճախ շփոթելով գիտելիքը հիշողական տեղեկույթի հետ: Մեր քննությունները չեն չափում բարձր մտածողական հմտություններ: Խզված է քննություն-կրթական ծրագիր-կրթական ռեսուրսներ (մասնավորաբար` դասագրքեր) կապը:

Մեր քննությունները` որպես որակավորումներ, չեն ճանաչվում համաշխարհային հեղինակավոր ճանաչման կենտրոնների կողմից և բավարար չեն համարվում աշխարհի առաջատար բուհեր ընդունվելու համար: Սա նշանակում է, որ մեր շրջանավարտները մեր կրթական համակարգի պատճառով ունեն անհավասար պայմաններ այլ երկրների շրջանավարտների համեմատությամբ, որոնք ունեն միջազգայնորեն ճանաչված քննական համակարգեր:

Արարատյան բակալավրիատն ունի այս համակարգային եւ բարդագույն խնդիրների պատասխանը: Այն պատրաստված և մշակված փաթեթ է կրթության բոլոր բաղադրիչներով: Եթե մենք շարժվում ենք մեր բոլոր ավագ դպրոցները գերազանցության կենտրոններ դարձնելու ուղղությամբ, ապա Արարատյան բակալավրիատը բարձրորակ կրթություն ապահովող ամբողջական լուծում է:

Մեկ այլ այդպիսի ծրագրի ստեղծումը, փորձարկումը և դրա միջազգային ճանաչումը կպահանջեն տարիների աշխատանք և հսկայական ներդրումներ: Վասն ինչի՞: Որովհետև մենք համագործակցե՞լ ենք պետության հետ: Իսկ ինչպե՞ս կարելի է ազգային ծրագիր իրականացնել առանց պետության հետ համագործակցելու: Այս պահին Արարատյան բակալավրիատը համապատասխան պետական որոշումներով ամրագրված պետական հանրակրթական ծրագիր է: Հաստատման է պատրաստ կառավարության՝ Արարատյան բակալավրիատը հանրակրթական դպրոցներում ներդնելու որոշումը:

Սեպտեմբերից պիտի բացվեն Արարատյան բակալավրիատի 14 դպրոցներ մարզերում, մյուս տարի ևս 10-ը` մարզերում, այնուհետև մեկնարկելու է մայրաքաղաքի դպրոցների ներգրավման փուլը ևն: Հիմա եթե նոր կառավարությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական պատճառներով մերժելու այս ծրագիրը, որի շահառուները տասնյակ հազարավոր երեխաներ են, թող հստակ հայտարարի ժողովրդին: Բայց գոնե նաև ասի, թե ի՛նչ է տալու դրա փոխարեն և ե՛րբ: Յուրաքանչյուր ծրագիր չափվում է նախևառաջ արդյունքներով: Իհարկե, արդյունք-ծախս փոխհարաբերությունը նույնպես կարևոր է:

Մենք գտնում ենք, որ պետության և «Այբ» հիմնադրամի համատեղ ներդրմամբ ստեղծված է մեր կրթությանը ժամանակակից հնարավորություններ ընձեռող արժեքավոր ծրագիր: Համանման ծրագրեր ստեղծելու վրա այլ երկրներ ծախսել են տասնյակներ անգամ ավելի մեծ գումարներ: Մեր արածը դրված է սեղանին: Մինչդեռ տարիներ շարունակ պետական և վարկային տասնյակ միլիոնների փոշիացում է եղել, և արդյունք չկա:

Արարատյան բակալավրիատին քաղաքական գունավորում տալով ու խնդիրներն անձնավորելով` մարդկանց ուշադրությունը կրթության բուն խնդիրներից շեղելը, երկխոսությունից խուսափելը մտածող մարդկանց մոտ հարցեր և տարակուսանք են առաջացնում: Մեզ պետք չէ պառակտում, այլ գործ անող ուժերի համախմբում: Մի ամբողջ կրթական համայնքի հետ վերևից` այսպես կոչված «բարձր լեգիտիմության գագաթից», արհամարհական ոճով, «մենք շատ ենք և հզոր, դուք քիչ եք և անզոր» նշանաբանով խոսելը և դասեր տալը լավ նշան չէ: Նախ` մեր քանակը և զորությունը միգուցե ոմանց համար տեսանելի չեն, սակայն տեսնողը տեսնում է և գնահատում: Երկրորդ` մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում:

Մենք պայքարում ենք մեր երեխաների համար և կրթության պատասխանատուների գործին իմաստ հաղորդելու համար: «Նախորդները չարիք են, մենք ենք բարիքը» կարգախոսը վտանգում է ամբողջ կրթական համակարգը: Բան ու գործ թողած` հարձակվել են հայրենասիրական դաստիարակության, Եկեղեցու պատմության, ազգ-բանակի, Արարատյան բակալավրիատի վրա: Չեմ կարծում, որ այս ամենը պատահական է: Այս բոլոր ծրագրերն իրար հետ կապված են ազգային և հոգևոր թելերով:

Ստացվում է` մենք կարիք չունե՞նք հայրենասերների, սեփական հոգևոր ակունքներին հաղորդ մարդկանց, կարիք չունե՞նք ամուր բանակի և մրցունակ ազգային կրթության: Որևէ իշխանափոխության ժամանակ պետք է զգույշ լինել, որ պետական ինստիտուտներն անցնցում իրականացնեն իրենց գործառույթները` ապահովելով որակների և արժեքների փոխանցականությունը: Հատկապես խոսքը վերաբերում է կրթության ոլորտին:

Պետք է հասկանանք, թե ո՛րն է մեր ազգային շահը: Իշխանությունն անցողիկ է, ազգն ու պետությունը` մնայուն: Իշխանության միակ գործառույթն ազգային շահի իրագործումն է` հիմնված տվյալ ժողովրդի արժեքների և հոգևոր իդեալների վրա:

Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս