Ժողովրդավարության հերթական հովհարային անջատումները. բերետավոր բանդաները՝ որպես Փաշինյանի աթոռի անսասանության երաշխիք
Հայաստանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ լայն թափ ստացած ժողովրդական շարժումները բացահայտել են հետաքրքիր մի երևույթ իրավապահ և արդարադատության մարմինների գործողություններում. խաղաղ հավաքների մասնակիցներին բերման ենթարկելու անվան տակ ուղղակի հարձակվում և ծեծում են: Բացի այդ, Քննչական կոմիտեն (ՔԿ) ինչ-որ տեղից ստացված ցուցակով հարուցում է քրեական վարույթներ ամենաանհեթեթ մեղադրանքներով` խուլիգանություն, ատելության ու թշնամանքի հրահրում ու բազմաթիվ համանման բաներ:
Համացանցը լցված է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ու ոստիկանության բարեփոխումների մասին «հիասքանչ» ռեպորտաժներով, իսկ ՆԳՆ՝ ամեն ինչից մի քիչ հասկացող ու խոսող փոխնախարարը, ով ավելացնելու բան չունի միայն Նիկոլ Փաշինյանի ասածին, պերմանենտ բարեփոխումներից է խոսում՝ խոստանալով «բարեփոխել» նաև բարեփոխվածը, ու ոչ մի խոսք՝ այն մասին, որ ոստիկանը մի թեթև պետք է տեղեկացված լինի անձի սահմանադրական իրավունքներից:
Օրինակ՝ պետք է տեղյակ լինի, որ մարդիկ խաղաղ հավաքների ու ցույցերի իրավունք ունեն, որը կախված չէ «միլպետի» մտածողությամբ ոստիկանապետի քմահաճույքից, և դրա մասին նաև Միջազգային եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներ կան Հայաստանի դեմ, իսկ հասարակական կարգի պահպանումը նաև հավաքի մասնակիցների անվտանգության ապահովումն է, որը պարտադիր չի, որ պետք է ուղեկցվի ծեծով:
Մինչդեռ Սրբազանի առաջնորդած շարժման տարբեր օրերին, հատկապես՝ բողոքի ակցիաների, ճանապարհներ փակելու ու այլ գործողությունների ժամանակ, բազմաթիվ են դեպքերը, երբ բերման ենթարկված անձին այնքան են ծեծել, որ վերջինիս ոստիկանական բաժանմունքից կոտրած գլխով ու կաղալով են հասցրել բժշկական կենտրոն: Կամ, երբ մարդուն մեքենայով ազդանշան տալու համար մեքենայից հանել ու գազանաբար ծեծի են ենթարկել, իսկ քաղաքացիական հագուստով ենթադրյալ ոստիկանը մատները մտցրել էր ակցիայի մասնակցի աչքը: Փաստագրված օրինակները բազմաթիվ են, բայց, բնականաբար, որևէ հետևանք չունեցող, անգամ, երբ «բարեփոխված» ոստիկանները 40 հոգով պատգամավորի են ծեծում:
Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգիրքը մի քիչ ուշադիր կարդալու դեպքում համազգեստավորների ու դրանց հրահանգավորողների համար էլ հարմար, վերաբերելի հոդվածներ կան: Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է բանդիտիզմը: Այդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ (բանդա) ստեղծելն է, այդ խումբը ղեկավարելն է, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Այդ նույն հոդվածը պատասխանատվություն է սահմանում նաև բանդայում մասնակցության կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելու համար:
Իսկ եթե այդ արարքները կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա էլ ավելի խիստ պատիժ է նախատեսված՝ ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Բայց այդ հոդվածն ունի խրախուսական մաս. պարզվում է, որ բանդայում մասնակցության մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Այսինքն՝ եթե համազգեստավոր պատանդները հայտնեն իրենց հանցագործության դրդողների անունները, ապա միանշանակ կազատվեն քրեակատարողական հիմնարկում հայտնվելու հեռանկարից:
Սա նշանակում է՝ հրաման տվողները պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր պահի ինչ-որ մեկը ցուցմունք է տալու (ազդարարման համակարգի վրա ահագին ներդրում է արված.- Գ.Ս.):
ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը.- Գ.Ս.) մասին հիմա չենք խոսի, որովհետև այդ հոդվածի իմաստով բոլորս ենք տուժող:
Բոլոր դեպքերում վերոբերյալը պետք է դիտվի հաղորդում հանցագործության մասին և քննչական կոմիտեն ու դատախազությունը պետք է ջանասիրաբար քրեական գործեր հարուցեն, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հետևի, որ հանկարծ կոռուպցիոն դրսևորումների արդյունքում չմերժվեն քրեական հետապնդումները, որպեսզի իրենք էլ չհայտնվեն մյուս համազգեստավորների վիճակում:
Բագրատ Սրբազանն ինքն էլ տարբեր առիթներով խոսել է բերետավոր բանդաների մասին:
Հ.Գ. Իրականում որևէ ոստիկան չի պատժվելու, քրեական հետապնդում չի լինելու, որովհետև իշխանությունը դժվար կլինի ժողովրդավարությամբ պահելը, իսկ ոստիկանը պարզ է, հարմար և էժան, որքան էլ որ միլիարդավոր պարգևավճարներ բաժանեն յուրաքանչյուր անգամ հերթական հակահայ ու հակապետական հրահանգը կատարելու համար:
Իսկ դատախազներին ու քննիչներին էլ հնարավորություն կտան պետական բյուջեն փոքր-ինչ լցնել:
Հ.Գ.1. Ազգային ժողովի (ԱԺ) «ՔՊ» խմբակցության ղեկավարը հենց այնպես չի հայտարարել, որ «Freedom House»-ը չէ, որ մեզ ժողովրդավարություն պետք է սովորեցնի: