ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
Միացյալ Նահանգները հունիսի 6-ին իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) նոր փորձնական արձակում: Այս մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգի ավիաբազայի հրամանատարությունը:
Արձակումն իրականացվել է Վանդենբերգի տիեզերական ուժերի բազայից՝ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 01:46-ին:
«Այս փորձնական արձակումը հերթական և պարբերաբար իրականացվող գործողությունների մասն է կազմում և նպատակ ունի ցույց տալու, որ ԱՄՆ-ի միջուկային զսպման միջոցներն ապահով են, անվտանգ, հուսալի և արդյունավետ՝ դիմակայելու 21-րդ դարի սպառնալիքներին», – ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ փորձարկումն արձագանք չէ ընթացիկ համաշխարհային իրադարձություններին, և նման փորձարկումներ անցկացվել են արդեն ավելի քան 300 անգամ։
Սա ՄԲՀ-ի երկրորդ արձակումն է այս շաբաթվա ընթացքում: Առաջինն իրականացվել է հունիսի 4-ին։