Բաժիններ՝

Հանկարծ այնպես չլինի, որ նոր դասագրքերն ավելի վատը լինեն, դա կարող է կործանարար լինել կրթական համակարգի համար. Սերոբ Խաչատրյան

Հունիսի 5-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին անդրադարձել է «Հայոց պատմություն-7» դասագրքին և դրա շուրջ պատմաբանների, փորձագետների քննադատություններին։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ դասագրքի մասին խոսել են բոլոր հայտնի ու անհայտ պատմաբանները, որոնք գիրք չեն գրել։

«Պատմության դասագրքի մասին խոսում էին բոլոր հայտնի և անհայտ պատմաբանները: Նրանցից և ոչ մեկը գիրք չի գրել, այդքան խոսում էին, կարևորում էին, ո՞ւր են իրենց գրած գրքերը, ինչո՞ւ ենք էլի պատմության դասարանի դասագրքի մրցույթ հայտարարում ու մնում նույն վիճակում»,- ասել էր նախարարը։

Մինչդեռ փորձագետները և պատմաբանները բազմիցս հայտարարել են, որ մրցույթի սահմանած չափորոշիչների հետ համաձայն չեն, և եթե նախարարությունն ուզում է, որ մրցույթին բոլորը մասնակցեն, պետք է վերանայեն չափորոշիչները։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով թեմային՝ ասաց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի նախարարությունը դասագրքերի մրցույթն ավելի շուտ է հայտարարել, ուստի, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ժամանակն ավելի շատ է՝ 6 ամիս։

«Թեև դեռ ծրագրերը պատրաստ չեն, բայց 2025 թվականի սեպտեմբերի մրցույթը հայտարարված է, ԿԳՄՍՆ-ն գոնե հիմա ավելի շատ ժամանակ է տալիս, քան նախորդ տարի էր։

Գիտեմ, որ Պատմության դասագրքի հետ կապված՝ մարդիկ չեն դիմում, որովհետև համաձայն չեն չափորոշիչների հետ, սա այդ մարդկանց իրավունքն է։ Եթե մասնագետներն ունեն տարակարծություններ չափորոշիչների հետ կապված, ապա իրենց իրավունքն է՝ դիմեն կամ չդիմեն մրցույթին։ Բայց գոնե պետք է հասկանալ, թե այստեղ խնդիրն ինչ է, եթե կան մասնագիտական լուրջ խնդիրներ, պետք է անպայման շտկել, եթե ուզում են իսկապես մրցույթին բոլոր շահագրգիռ մասնագետները մասնակցեն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Փորձագետն ընդգծեց՝ ԿԳՄՍՆ-ն պետք է հաշվի առնի բոլոր կարծիքները, և չափորոշիչների մշակման գործընթացն ավելի լավ կազմակերպվի ու ավելի մասնակցային լինի, և եթե կան տարաձայնություններ՝ փորձեն դրանք հարթել։

«Չափորոշիչը պայմանագրի պես բան է։ Իհարկե, առանձին մասնագետներ միշտ էլ կարող են ունենալ անհամաձայնություններ, բայց ընդհանուր ինչ-որ համաձայնություն պետք է լինի։ Կարծում եմ՝ այդ իմաստով չափորոշիչների մշակման գործընթացը պետք է ավելի մասնակցային դարձնել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ դասագրքերի հետ կապված ԿԳՄՍՆ-ն պետք է վերանայի պայմանները, քանի որ դասագիրք պատրաստելը բավականին թանկ հաճույք է, չարժե այդ գործում գումար խնայել՝ վճարումները բավականին բարձր պետք է լինեն։

«Դասագիրք պատրաստելը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է, հեշտ է ասել՝ 4-6 ամսում դասագիրք գրեք, բայց իրականում դա ծանրագույն աշխատանք է։ Դրա համար ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ պրոցեսը լավ ընթանա։

90-ականներին շատ դժվար էր դասագիրք գրելը, դրա համար չպետք է նսեմացնել նախորդ դասագրքերի հեղինակներին, հակառակը՝ մենք հիմա պետք է մտածենք, որ հանկարծ այնպես չլինի, որ նոր դասագրքերն ավելի վատը լինեն, դա արդեն իսկապես կարող է կործանարար լինել կրթական համակարգի համար։ Նախորդ տարի այդ վիճակը եղավ՝ ոտքի վրա գրվեցին դասագրքեր, բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան, հուսանք, այս տարի մասնակցության ու որակի տեսանկյունից ավելի լավ արդյունք կունենանք։

Իհարկե, ցանկացած մարդ, որ դասագիրք է գրում՝ հարգանքի է արժանի, կարող ենք ընդունել կամ չընդունել դասագիրքը, քննադատել այն, այդուհանդերձ ահռելի աշխատանք է կատարվում։ Մենք պետք է քննադատենք ոչ թե մարդուն, այլ նրա կատարած աշխատանքը»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս