Իրանական գազի Հայաստան մատակարարման թնջուկը բացվում է
Վերջապես գաղտնազերծվեց, թե գազի ինչ գին է Իրանն առաջարկում Հայաստանին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, թե որքան արժե իրանական գազը Հայաստանի սահմանին:
«Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- ասել է նա:
Ի տարբերություն իր նախորդ պաշտոնակիցների, որոնք պնդում էին, որ Իրանը Հայաստանին շատ ավելի թանկ գազ է ցանկանում վաճառել, թեև իրանական կողմը դեսպանների մակարդակով դա բազմիցս հերքում էր, նախարար Գրիգորյանը բացահայտեց, որ իրանական գազի գինը քիչ է տարբերվում ռուսական գազի սահմանային գնից: Ավելին, հայտնի չէ, թե 165 դոլար արժողությամբ իրանական գազն ինչ գնով կհասնի հայ սպառողին, քանի որ ռուսական «Գազպրոմի» դեպքում այստեղ մի հետաքրքիր նրբություն կա:
Ուշագրավն այն է, որ հայտարարված բացառիկ էժան՝ «150 դոլար 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց» գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որն այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է:
Այսինքն` Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին: Եվ ներկայացվող «էժան գազ հայերին, ինչպես ռուսներին և բելառուսներին» կարգախոսն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, լինելով Ռուսաստանի հետ միասնական եվրասիական տնտեսական տարածքում, հայ սպառողները ռուսական գազի դիմաց վճարում են կրկնակի ավելի, քան սահմանին գազը վաճառվում է Հայաստանին:
Տեղեկացնենք, որ ռուսական գազը Բելառուսին վաճառվում է 129 դոլարով, և Բելառուսի իշխանությունները նախատեսում են Ռուսաստանում կառավարության ձևավորումից հետո վերսկսել բանակցությունները Բելառուսի համար ռուսական գազի գնի օպտիմալացման շուրջ՝ գտնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար ռուսական գազը պետք է ունենա նույն գինը, ինչ ռուս սպառողների համար: Ըստ Բելառուսի իշխանությունների՝ Բելառուսը ԵԱՏՄ-ին է միացել հենց այդ նպատակով: Իսկ ռուս սպառողներին գազը հասնում է 90-100 դոլար գնով՝ կախված տարածաշրջանից:
Նշենք նաև, որ Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը 2004-ին, որի համաձայն՝ Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքվում 3 կՎտԺ էլեկտրաէներգիա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Մի շարք փորձագիտական կարծիքների համաձայն, նախարարը 165 դոլար իրանական գազի գին ասելով՝ նկատի ունի այն գինը, որը սահմանված է վերոնշյալ համաձայնագրով: Այդ պնդումների համաձայն՝ այս պայմանագրից դուրս իրանական գազի արտահանման համար Իրանն ավելի բարձր գին կառաջարկի Հայաստանին՝ հաշվի առնելով գազի պաշարների սղությունը:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ գազի պաշարների սղություն գոյություն չունի: Նրա որակմամբ՝ դրանք նրանց արդարացումներն են, ովքեր ցանկանում են հիմքեր ստեղծել իրանական գազը մերժելու համար:
«Մեր իշխանությունները բազմիցս պնդել են, որ Հայաստանին գազ առաջարկում են համարյա թե նույն գնով, ինչ Ռուսաստանը: Ու չգիտենք, թե ինչու այդ առաջարկը գաղտնի էր պահվում, կամ ասում էին, թե իրանական գազը թանկ է: Ներկայումս, երբ հրապարակայնացվեց գազի գինը, կարծում եմ` ավելի բաց քննարկումներ վարելու համար հնարավորություն է բացվում: Իրանը պատրաստ է Հայաստանին առաջարկել գազ այն նույն գնով, ինչ Ռուսաստանն է առաջարկում:
Ռուսաստանն այդ գինն անընդհատ փոփոխում է` հարմարեցնելով իրանական առաջարկներին ու ամեն անգամ Հայաստանին փոքր-ինչ հարմար տարբերակ առաջարկելով, որպեսզի փակի այս կողմից մատակարարման հնարավորությունը: Հենց այդ պատճառով էլ ռուսական գազը 165 դոլար էր և դարձել է 150 դոլար, եթե իրանական առաջարկը չլիներ, գուցե այն ավելի թանկանար: Հայաստանը և ներքին գների, և ռուսական գազի գնի տեսանկյունից միայն շահելու է իրանական գազի ՀՀ մուտքով, սա կդառնա թե քաղաքականության, թե տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություն»,- ասաց Սալամին:
Իրանցի քաղաքական վերլուծաբանը կարևոր է համարում, որ նորանշանակ նախարարն է նշել իրանական գազի գինը: «Սա նշանակում է, որ նոր կառավարությունն այլ մոտեցում է ունենալու իրանական գազի հարցում: Նվազագույնը՝ ավելի բաց և թափանցիկ գործելակերպն այս հարցում տարիներ շարունակվող առեղծվածը կվերացնի և կառուցողական քննարկումների ու բանակցությունների առիթ կդառնա: Եթե մենք առաջարկում ենք նույն գինը, պետք է ասել, որ գինը նույնն է, եթե թանկ է, պետք է ասել՝ թանկ է, չենք ցանկանում: Բայց երբ առաջարկը՝ անկախ բնույթից, մերժվում է, ապա մտքեր են առաջ գալիս սահմանափակումների մասին, այլապես ինչո՞ւ պետք է Հայաստանը դեմ լինի գազային այլընտրանքներին: Ի վերջո, ավելի անվտանգ և ապահով է վստահելի այլընտրանք ունենալը»,- այս կարծիքին է Ալի Սալամին:
Նա լիահույս է, որ եթե նոր կառավարության աշխատանքը երկարաձգվի, ապա առաջընթաց կգրանցվի իրանական գազի մատակարարման ոլորտում:
«Ոչ միայն գազի, այլև մի շարք այլ ուղղություններով կխորանա համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, որը մեծ հնարավորություններ է բացում՝ հատկապես Հայաստանի համար»,- ասաց Սալամին:
Ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ ռուսական գազն ամենաէժանն է և Հայաստանի համար ամենալավ առաջարկը: «Ես բոլոր ժամանակների բանակցություններին տեղյակ չեմ: Բայց գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանը դիմել է, բանակցվել է, նոր գին է որոշվել, զիջումներ են արվել: Ռուսաստանը միշտ բաց է եղել առաջարկների ու բանակցությունների համար: Ռուսաստանը պատասխանատու է սահմանին տրվող գնի համար, մնացած հարցերը պետք է ուղղվեն բաշխիչ ընկերությանը, որը պետք է պարզաբանի, թե ինչու է գինն ավելանում»,- ասաց Սիմոնովը:
Դիտարկմանը, թե ընկերությունը պատկանում է «Գազպրոմին», Սիմոնովն արձագանքեց՝ ասելով, որ այնուամենայնիվ հարցերը պետք է ուղղվեն այդ ընկերությանը: Ըստ նրա՝ այդ ընկերությունը «Գազպրոմին» անցնելուց առաջ և հետո գործում է նույն կերպ, պետք է հասկանալ` կոնկրետ այս դեպքում ինչ պատճառներով է այդքան փոփոխվում գազի գինը:
«Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ում կա նպատակ՝ ինչ-որ մի փուլում միավորել սակագները՝ խուսափելով նմանատիպ խնդիրներից: Բելառուս սպառողը ցանկանում է ունենալ ռուս սպառողի գինը, հայը` բելառուսցի սպառողի, և այլն, և այլն: Բնականաբար, հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր փորձելու է իր շահն առաջ մղել, բայց Ռուսաստանը դրանց կարող է արձագանքել տրամաբանության շրջանակներում»,- ասաց Սիմոնովը:
Ռուս քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի համար սկզբունքային հարց չէ իրանական գազի մուտքը Հայաստան:
«Ռուսաստանն անում է իր առաջարկը, Իրանը` իր, Հայաստանն ընտրում է, սակարկում է, և այլն: Բայց իմ կարծիքով, Իրանը չի կարող առաջարկել այն նույն գինը, ինչ Ռուսաստանը, և առաջիկայում չի կարողանալու՝ պայմանավորված այնտեղ առկա շատ խնդիրներով: Ռուսական մենաշնորհ չկա, կա առաջարկ, որը, իմ գնահատմամբ, շատ լավն է, ՀՀ իշխանություններն ընտրել են այդ առաջարկը: Չեն խոսել իրանական գազի գնից, քանի որ, ամենայն հավանականությամբ, եղել են բանակցությունների մեջ և հույսեր են ունեցել, որ կիջեցնեն գազի գինն այդ բանակցությունների ընթացքում: Եթե կիջեցնեն, և Իրանը կառաջարկի ավելի էժան գազ, թող վերցնեն: Ռուսաստանի գործընկերների շարքում, այնուամենայնիվ, Հայաստանն արտոնյալ դիրքում է»,- ասաց Սիմոնովը: