«Մոսկվան չուզեց ռիսկի գնալ». ինչու և ինչպես Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն. Վլ. Ինոզեմցև. 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տնտեսական գիտությունների դոկտոր, Պոստինդուստրիալ (ետարդյունաբերական) հասարակության հետազոտությունների կենտրոնի հիմնադիր և տնօրեն։ Գրեթե երկու հազար հրապարակված տեքստերի հեղինակ, այդ թվում XX դարի երկրորդ կեսի մեծագույն սոցիոլոգ Դանիել Բելլի հետ համատեղ գրված «Մեկուսացվածության դարաշրջան» գրքի։ Հրավիրված գիտաշխատող Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի Համալսարանի Հեռանկարային միջազգային հետազոտությունների դպրոցում։ Վլադիսլավ Ինոզեմցևը (Լեհաստան, Վարշավա)։
-Պարոն Ինոզեմցև, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ կապված։ Հետխորհրդային մյուս երկրները փոփոխության հասել են կորուստների գնով. Ինչո՞ւ և ինչպե՞ս սա հնարավոր դարձավ Հայաստանում։
-Հայաստանում բավականին երկար ժամանակ կային քաղաքական ուժեր, որոնք միմյանց հետ մրցակցում էին և այդ իմաստով չկար այն վիճակը, որն առկա է, օրինակ, Ռուսաստանում։ Ռուսաստանում կա Վլադիմիր Պուտին և ուրիշ ոչ ոք։
Հայաստանում քաղաքական իրավիճակը բալանսավորված էր՝ կար իշխող կուսակցություն և այլ ընդդիմադիր ուժեր, որոնք ունեին հասարակական վստահություն։ Դրանից բացի՝ կար արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քայլը, որը հրապարակայնորեն հայտարարել էր, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում սահմանադրական փոփոխություններից հետո. դա առաջացրել էր հասարակական մեծ դժգոհություն։ Իշխող ուժը հասկացավ, որ այդպիսի մասշտաբային ցույցերի դեմ պայքարելը հնարավոր չէ։
2013-ին Ուկրաինայի իշախանություններին թվում էր, որ 150 հազար մարդը Կիևի հրապարակում ամբողջ հասարակությունը չէ, իրավիճակն այլ էր։ Իսկ Հայաստանում իսկապես ցույց տրվեց, որ մեծամասնություն են այն մարդիկ, որոնք չեն համակերպվում ընդունված որոշման հետ, և ըստ իս՝ իշխանությունը ադեկվատ գտնվեց։
–Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չուներ արտաքին աջակցություն, նաև չկային արտաքին քաղաքական պահանջներ ու ուղղվածություն, կարո՞ղ ենք ասել, որ հաղթանակի պատճառներից մեկը հենց դա էր։
– Ես չէի գերագնահատի արտաքին աջակցությունը մյուս երկրներում, որովհետև բոլոր արտաքին խաղացողները, մեծ հաշվով, ուղիղ ներգրավված չեն։ Ես, օրինակ, եվրոպացի պաշտոնյաներից չեմ լսել, որ իրենք հետաքրքրված էին Յանուկովիչի հեռացմամբ։ Արտաքին քաղաքական աջակցության փաստը չափազանցված է։ Այո՛, Ռուսաստանը դեմ էր, Եվրոպան ու Ամերիկան կողմ էին Ուկրաինայի եվրաինտեգրացիային, բայց ուղիղ աջակցություն, օրինակ, ֆինանսական և այլն, Կիևում չկար. դա առաջին հերթին ժողովրդական շարժում էր։
Հայաստանի դեպքում շատ կարևոր էր այն փաստը, որ Ռուսաստանը մնաց իրադարձություննից դուրս։ Հիմա Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն այնքան ուժեղ է, որ եթե Ռուսաստանը դեմ լիներ ու ուզենար պահել Սարգսյանի իշխանությունը՝ այդ դեպքում Հայաստանը մեծ խաղի մաս կդառնար։
– Իսկ ինչո՞ւ Մոսկվան մի կողմ քաշվեց։ Ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հակասում է ԵԱՏՄ կաննոներին, որտեղ իշխանությունները՝ Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն հավերժ են։
– Մի քանի հանգամանք կա։ Առաջինը՝ Ռուսաստանը չէր ենթադրում, որ Փաշինյանը կդառնա վարչապետ։ Մոսկվայում մտածում էին, որ գուցե Սերժ Սարգսյանը հեռանա, բայց ՀՀԿ-ն կմնա մեկ այլ անձի միջոցով, օրինակ, Կարապետյանի։ Մոսկվան երկար ժամանակ, գուցե մինչև մայիսի 1-ը չէր գիտակցում բողոքի ակցիաների մասշտաբությունը։
Մյուս կողմից, իմ կարծիքով, Մոսկվայում վախենում էին Ուկրաինայի սցենարի կրկնությունից, նրանք չէին ուզում, որ Ուկրաինան եվրաասոցացման համաձայնագիր ստորագրի, բայց արդյունքում եղավ այնպես, որ Ուկրաինան դարձավ Ռուսաստանի թշնամին։
Մոսկվան չէր ուզում նորից ռիսկի գնալ։ Եվ վերջում՝ հայկական տնտեսությունն ավելի շատ է կախված Ռուսաստանի տնտեսությունից, քան որևէ այլ երկրի տնտեսություն ԱՊՀ տարածքում։ Մոսկվայում մտածում էին՝ եթե գան ուիրշ մարդիկ, որոնք գուցե Մոսկվայի հետ այդքան էլ բարեկամական չլինեին, միևնույն է, իրավիճակը կպահպանեն ու Հայաստանը Ռուսաստանից հեռու չի գնա։
– Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանի ղեկավարությանը հանգստացրեց այն փաստը, որ Հայաստանի նոր իշխանությունները ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու միտում չունեն։
– Իհարկե կարող ենք ասել, բայց այդպիսի հայտարարություններին պետք է զգուշավոր մոտենալ։ Մենք շատ լավ հիշում ենք վրացական օրինակը։ Երբ Սաակաշվիլին դարձավ Վրաստանի նախագահ, նրա առաջին այցը Ռուսաստան էր և նա չէր պատրաստվում դառնալ հակառուս գործիչ, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ հետո։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա իմ կարծիքով՝ Հայաստանի դեպքում կան թե՛ կորուստներ և թե՛ առավելություններ։ Իմ տպավորությունն այն է, որ եթե Հայաստանի նոր կառավարությունը հեռատես է, ապա հիմա ԵՄ-ի հետ արդեն իսկ ստորագրած համաձայնագրի հետ համատեղ պետք է շարունակի մնալ ԵԱՏՄ-ում։ Ես ԵԱՏՄ-ի երկրպագուն չեմ, բայց Հայաստանում այժմյան իրավիճակում խելամիտ չի լինի դուրս գալ ԵԱՏՄ-ից, հակառակը պետք է օգուտներ քաղել թե՛ ԵԱՏՄ-ից, թե՛ ԵՄ-ից։
-Նոր կառավարությունն էլ ժամանակավոր է, շատերը նշում են, որ իշխող ուժը դեռ կարող է ռևանշի դիմել։ Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։
– Սա դեռ սպոնտան շարժում էր, որը բերեց նրան, որ կոնֆիգուրացիան փոխվեց։ Ես չգիտեմ նոր կառավարության ծրագրերը, բայց պետք է հասարակության համար ընկալելի ծրագիր ներկայացվի, քայլեր իրականացվեն, և հետո նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Հիմա պետք է օգտվել հնարավորությունից, լուրջ քննարկումներ անցկացնել, ներգրավել փորձագետների ու հետագա գործողությունների պլան մշակել։ Ոչ ոք չգիտի՝ առաջիկայում պարոն Փաշինյանն ինչ է պատրաստվում անել, և այդ հարցը եթե մի քանի տարի ձգձգվի՝ կբերի հիասթափության ու ապատիկ վիճակ կառաջացնի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: