Բացասական մեսիջ՝ օտարերկրյա ներդրողների համար
Երեք օր առաջ «Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էի մամուլի ասուլիսի, որտեղ ներկայացվում էր Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խմբի» առաջին տարեկան հաշվետվությունը։ Խմբի կազմում ընդգրկված է կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ:
Խումբը ձևավորվել է 2017 թվականին՝ Ամուլսարի ծրագրի սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ծրագիրը ֆինանսավորող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ծրագրի տեղական և ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ գործելու նկատառումներով ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման մասով հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:
Բանախոսները նոր էին ավարտել ներածական խոսքը, և հարցուպատասխանը նոր էր սկսվել, երբ պաստառներով ասուլիսի սրահ մտան 7-8 հոգի՝ բնապահպան Լևոն Գալստյանի գլխավորությամբ։
Նրանք բարձրախոսով ընթերցեցին ծավալուն մի տեքստ՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բնապահպանական վտանգների մասին, խոստացան, և որ թույլ չեն տալու հանքի շահագործումը։
Շատ նորմալ, ժողովրդավարական երկրներին բնորոշ բան է՝ բողոքը նման կերպ արտահայտելը։ Երբ բնապահպան ակտիվիստների խումբը պատրաստվում էր հեռանալ, խմբի ղեկավար Լևոն Գալստյանին հարցրեցի՝ ինչո՞ւ եք հեռանում, մնացեք և տեղում ստացեք ձեր հարցերի պատասխանները։ Չէ՞ որ ձեր դիմաց նստած են ոչ թե չինովնիկներ կամ հանքի սեփականատերեր/ղեկավարներ, այլ բավականին լուրջ մասնագետներ։ Հարցերը պարզելու ավելի լավ առիթ, այն էլ՝ լրագրողների ներկայությամբ, դժվար է պատկերացնել։ Սակայն առաջարկս չընդունվեց. մարդիկ հարցնելու և լսելու ոչինչ չունեն։ Նրանք եկել էին իրենց ասելիքն ասեն և գնան։
Նույն օրը երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով մոտ 15 րոպե խոսեց հանքերի մասին։ Փաշինյանի ասածը, եթե երկու բառով ներկայացնենք, հետևյալն էր՝ հանքերի դեմ պայքարելը միայն այն բանի համար, որ դրանք հանքեր են՝ չի կարելի։ Այլ հարց է, որ պետք է ստուգել, թե Հայաստանում գործող հանքերը որքանով են պահպանում բնապահպանական նորմերը և որքանով են համապատասխանում ընդունված չափանիշերին։ Այսինքն, կանցկացվեն ստուգումներ, և եթե կպարզվի, որ կան խախտումներ՝ համապատասխան պատիժներ կկիրառվեն։
Կարծես թե բավականին առողջ և ադեկվատ մոտեցում է։ Բազմիցս նշվել է, որ հանքերի նկատմամբ անվստահությունն առաջին հերթին վերաբերում է ոչ թե հանքերի սեփականատերերին, այլ պետությանը։ Եթե պետությունը որևէ հանքի շահագործման լիցենզիա է տվել, ենթադրվում է, որ համապատասխան հետազոտություն է անցկացվել, և որոշումը դրա հիման վրա է կայացվել։ Ու եթե բնապահպանն այդքանից հետո բողոքում է, նշանակում է՝ նա չի վստահում համապատասխան պետական կառույցին։ Այսինքն՝ կա՛մ համարում է, որ պետությունն այնքան պրոֆեսիոնալ չէ, որ կարողանա գնահատել հանքի շահագործման ռիսկերը, կամ էլ՝ գտնում էր, որ գործ ունենք կոռուպցիոն դրսևորումների հետ։
Հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել։ Ձևավորվել է կառավարություն, որը հասարակական վստահության հսկայական պաշար ունի և քաղաքական կամք ու ցանկություն՝ քննարկելու ու լուծելու բոլոր հարցերը։ Ու Նիկոլ Փաշինյանի խոսքը հանքերի մասին ցույց տվեց, որ բարձրաձայնվող հարցերն անպատասխան չեն մնում։ Թվում է՝ թեման այսքանով պետք է փակվեր, և բնապահպանները պետք է սպասեին նոր փորձաքննության, որի արդյունքների օբյեկտիվությունը կասկածներ չէին հարուցի։
Սակայն՝ ոչ։ Երևանում մայիսի 23-ին կրկին երթ էր կազմակերպվել՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի։ Մասնակիցների պահանջը հստակ էր՝ Ամուլսարում հանք չպետք է լինի։ Երթի կազմակերպիչներն այս անգամ իրենց բողոքն ուղղել էին նախագահ Արմեն Սարգսյանին, ում անունը հենց նրանք կապում էին Ամուլսարի ծրագրի հետ։
Ամուլսարի դեմ այս արշավը վերջին շրջանում գերակտիվացել է։ Թեև բնապահպանները երեկ նշել են, որ խնդիրը ոչ միայն Ամուլսարն է, այլև ընդհանրապես՝ Հայաստանի բոլոր հանքերը, սակայն նկատած կլինեք, Ամուլսարից բացի, մյուս հանքերի անունները գրեթե չեն շրջանառվում։ Սա կրկնակի զարմանալի է, քանի որ Ամուլսարը շահեկանորեն տարբերվում է մնացած հանքերից՝ թե՛ պատասխանատու հանքարդյունաբերության չափանիշերին համապատասխան գործունեության, թե՛ հասարակության ու փորձագիտական շրջանակների հետ երկխոսելու պատրաստակամության առումով։
Ավելին ասենք, հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել տետատետ հանդիպել բնապահպանների նշած փորձագետների հետ և մասնագիտական դաշտում քննարկել բոլոր հարցերը։ Մյուս կողմը, սակայն, երկխոսել չի ցանկանում. պարզապես ռադիկալ դիրքերից պահանջներ է դնում՝ հարկ չհամարելով երկխոսել։
Նման ծայրահեղական մոտեցումը՝ ընդդեմ հանքարդյունաբերության, հասկանալի չէ։ Այո, բնապահպանության տեսանկյունից հանքերն ամենացանկալի բանը չեն։
Սակայն իրողությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է հանքարդյունաբերությունից։ Հանքարդյունաբերությունն ապահովում է մեր արտահանման մոտ 40%-ը։ Հայաստանում գործող մոտ 2 տասնյակ հանքարդյունաբերական ընկերությունները միասին անցած տարի վճարել են շուրջ 55 մլրդ դրամի հարկեր, ինչը բավականին մեծ թիվ է ՀՀ բյուջեի համար։ Այս ընկերություններում աշխատում է մոտ 10 հազար մարդ։
Այսքանը բավական է՝ պատկերացնելու համար հանքարդյունաբերության նշանակությունը։ Հանքարդյունաբերությունը լավ բան չէ՞՝ զարգացրեք այլ, այլընտրանքային և բնապահպանական տեսանկյունից անվտանգ ուղղություններ և զուգահեռ արգելեք նոր հանքերի շահագործումը։ Սակայն արդեն գործող հանքերը փակելը տնտեսական տեսանկյունից ճիշտ չէ։
Կոնկրետ Ամուլսարի պարագայում ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ 2017 թվականին Ամուլսարի նախագիծն ապահովել է Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների առյուծի բաժինը։ Ու եթե հանկարծ Հայաստանի կառավարությունը որոշի stop անել նախագիծը` առանց լուրջ հիմքերի, ընդամենը մի խումբ բնապահպանների և նրանց կողմից ցիտվող մի քանի փորձագետներին լսելով (որոնք նույնպես տետատետ բանավեճից խուսափում են), ապա դա ոչ միայն Հայաստանին զրկելու է այն եկամուտներից ու աշխատատեղերից, որոնք կարող էին ստացվել, այլև չափազանց բացասական մեսիջ է լինելու օտարերկրյա այլ ներդրողներին՝ առ այն, որ Հայաստանում բիզնես անել չարժե։
Օտարերկրյա ներդրողին ամենից շատ վախեցնում է անորոշությունն ու փոփոխականությունը, նա պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են ցանկացած իշխանության օրոք։ Ու կապ չունի, որ հանքի լիցենզիան տվել է մի իշխանություն, մերժել է մեկ այլ իշխանություն։
Երկիրը նման դեպքերում կորցնում է վստահելի գործընկերոջ համբավը։ Ավելին ասենք, առանց լուրջ հիմնավորումների Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու դեպքում «Լիդիան Արմենիան» կարող է անգամ դատի տալ ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փոխհատուցել մինչ օրս կատարված մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսերը։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը գիտակցում են այս ամենը և այն տնտեսական կորուստը, որը երկիրը կարող է կրել ոչ կշռադատված մոտեցման արդյունքում։ Նախկին հոդվածներից մեկում կանխատեսել էինք, որ կառավարությունը պատասխանատու մոտեցում կցուցաբերի և կփորձի գտնել հավասարակշռության լավագույն կետը, որտեղ շրջակա միջավայրի և տնտեսության վնասը հասնում է նվազագույնին։ Սակայն այդ մոտեցումը որքանո՞վ կբավարարի բնապահպաններին, դժվար է ասել։