«Ոչ հեռու ապագայում Արցախը կարող է միանալ բանակցություններին». Ալեքսանդր Ռար

«Արցախին բանակցային սեղան վերադարձնելու համար որոշակի ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետ Փաշինյանի մոտեցումներին:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, թե՛ միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի իր տեսլականը: Նա նշեց, որ այսուհետ պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, իսկ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջ: Այլապես, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են․

«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ»:

Ն. Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը գերակայություն է։ Անդրադառնալով Հայաստանի և Արցախի սահմանների վրա հնարավոր ոտնձգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․«Խորը կզղջան նրանք, ովքեր կփորձեն վտանգի ենթարկել Հայաստանի և Արցախի սահմանները»։

Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ Արցախյան բանակցային գործընթացում հայաստանյան կողմի ամենամեծ սխալը Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս բերելն էր: Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչ առաջնահերթություններով էին առաջնորդվել նախկին իշխանություններն իրենց այդ քայլում, բայց դա մեծ հարված էր, որն էապես հեռացրեց և երկարաձգեց կարգավորման գործընթացը:

«Ինչո՞ւ հեռացրեց: Ցանկացած համաձայնագրի շուրջ համաձայնության գալուց հայկական կողմը պետք է սկսեր բանակցել Ադրբեջանի հետ՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցով, քանի որ մեծ և էական կարգավորման գործընթացի ինչ-որ մի պահից Արցախը պետք է միանար գործընթացին, դա ոչ միայն ճիշտ է, այլև դա են ցանկանում Արցախում, Հայաստանում, և Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել՝ առանց Արցախի:

Շատ դրական հանգամանք է, որ ՀՀ նորընտիր վարչապետը Ղարաբաղյան իր դիրքորոշումը սկսում է այս անչափ կարևոր հանգամանքից, որը հույս է ներշնչում, որ նա կարգավորման գործընթացն իրատեսական է պատկերացնում և հակված չէ այն երկարաձգելու: Այլ հարց է, որ Փաշինյանի կառավարությունը լուրջ ջանքեր պետք է ներդնի իր այս դիրքորոշումն իրականություն դարձնելու համար, քանի որ կարող են լինել որոշակի խոչընդոտներ այս ճանապարհին: Ուստի պետք է աշխատել պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ունենալ բանակցությունների հստակ տեսլական, և այլն:

Նախորդ իշխանությունների համար ևս այս քայլն առաջնահերթություն էր, բայց տպավորություն կար, որ այս ուղղությամբ հայկական կողմը քայլեր չի իրականացնում, հայտարարություններում, ելույթներում այս հրամայականը չէր արտացոլվում: Ես հիշում եմ միայն Բակո Սահակյանի դիտարկումներն այդ մասին, Արցախում սա դիտարկվում է՝ որպես ղարաբաղաադրբեջանական հակամարտություն, որը չի կարող մոտենալ կարգավորման գործընթացին՝ առանց իրենց մասնակցության՝ ոչ այն պատճառով, որ չեն վստահում Հայաստանին, այլ այն պատճառով, որ կարգավորման ողջ փաթեթը վերաբերելու է Արցախի ժողովրդի ապագային:

Համաձայն եմ նաև Բակո Սահակյանի նախկինում արտահայտած այն տեսակետներին, որ Արցախը պետք է մասնակցի ոչ միայն բուն կարգավորմանը, այլև մտքերի փոխանակությանը, այսինքն` Արցախը պետք է մասնակցի ողջ գործընթացին: Կա հիմնավոր տեսակետ նաև, որ հակամարտության կարգավորումը երկարաձգվում է ոչ լիարժեք բանակցային ձևաչափի պատճառով:

Հուսամ, որ Փաշինյանը կկարողանա այս հարցում համաձայնության գալ Ադրբեջանի հետ, որը նման հեռանկարն անցանկալի է համարում, քանի որ փորձում է հնարավորինս նսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը: Քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի սուբյեկտայնությունը՝ հավասարակշռված կարգավորում չի կարող լինել»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Փորձագետի կարծիքով՝ սա կարևոր արձանագրում էր, բայց ԼՂ հակամարտությունն աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկն է հատկապես ներկայումս, երբ տարածաշրջանը շրջապատված է «կրակի օջախներով» և վտանգներով: Ռարի դիտարկմամբ՝ պետք է կարողանալ ոչ միայն լավ բանակցել Ադրբեջանի հետ, այլև ճիշտ աշխատանք տանել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահների հետ:

«Ոչ շուտ, բայց այս դիրքորոշումն առաջ մղելու դեպքում չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում Արցախը միանա բանակցություններին: Բնականաբար, պետք է պատրաստ լինել, որ սրանք հեշտ բանակցություններ չեն, և Արցախի բանակցային սեղանի շուրջ նստելուց հետո ևս հնարավոր է՝ հակամարտությունը երկար ժամանակ չկարգավորվի, քանի որ չկարգավորումն ապահովող գործոնները շատ են:

Ես բազմիցս ասել եմ, որ շատ ավելի հզոր և ազդեցիկ կառույց պետք է զբաղվի այս հակամարտության բանակցությունների կառավարմամբ, որպեսզի կողմերը ձեռք բերված համաձայնություններից մանևրելու հնարավորություն չունենան, ինչպես 2016 թվականի Վիեննայի համաձայնություններից հետո»,- նկատեց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս