Նիկոլ Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հրաժարվել է ԵՏՄ-ից դուրս գալու ծրագրից։
«Երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն չունի այս կամ այն կառույցում առկա խնդիրները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն՝ համապատասխան երկրների իշխանության հետ։
Ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որպեսզի այդ խնդիրները բարձրաձայնվեն և համապատասխան արձագանք ստանան։ Երբ դու իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես գնալ՝ բոլոր խնդիրները քննարկել գործընկեր երկրների հետ և երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել։ Եվ ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ թեև հայտարարել է, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, բայց դա չի նշանակում, թե ԵՏՄ-ում խնդիրներ չկան. «Բոլոր այդ խնդիրները ԵՏՄ մեր գործընկերների հետ կքննարկենք»։
Հարցին՝ այս օրերին հանրությունը շրջանառության մեջ է դրել նաև Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությունը, եթե ինքը դառնա վարչապետ, երաշխավորո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, նա այսպես պատասխանեց.
«Ես չեմ կարող կոնկրետ անձանց, կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»։